HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի հաքերները կոտրել են Microsoft-ի էլ. փոստի ծառայությունը. հազարավոր ընկերություններ տվյալների արտահոսքի վտանգի տակ են

Չինաստանի տարածքում գործող հաքերները օգտվել են Microsoft Exchange էլեկտրոնային փոստային ծառայության խոցելիությունից և հասանելիություն ստացել ողջ աշխարհում տասնյակ հազարավոր կազմակերպությունների տվյալներին։ Այդ մասին գրում է BBC-ն։ Սպիտակ տունն իրավիճակն անվանել է ամերիկյան ազգային շահերին սպառնացող իրական և պահպանվող վտանգ, իսկ բոլոր ընկերություններին, որոնք օգտվում են Microsoft Exchange-ի սերվերներից, խորհուրդ տվել անմիջապես իրականացնել համապատասխան թարմացումները։

Microsoft-ը կոտրելու մասին հայտարարվել էր դեռ երեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, սակայն վնասի չափերը պարզ են դարձել միայն հիմա։ Microsoft Exchange էլեկտրոնային փոստային ծառայությունից օգտվում են հարյուր հազարավոր ընկերություններ, որոնց մի մասն ունեն ռազմավարական նշանակություն։ 

Վաշինգտոնը դեռ շուտվանից Չինաստանին մեղադրում է կիբերլրտեսության մեջ, իսկ Պեկինը՝ ժխտում դրանք։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերով՝ նախագահ Բայդենի վարչակազմը խիստ մտահոգված է այն հանգամանքով, որ այնպիսի հսկայի սերվերները, ինչպիսին է Microsoft-ը, խոցելի են։ Ըստ նրա՝ այն կարող է ունենալ ողբերգական և հեռահար հետևանքներ։ 

Microsoft-ի փոխնախագահ Թոմ Բերթը հայտնել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր գործողությունները՝ անվտանգության համակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով, որոնք հաքերներին հնարավորություն են տվել հասանելիություն ունենալ Microsoft Exchange-ի սերվերներին։

Ընկերության անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հարձակումը եղել է Չինաստանի տարածքից և հնարավոր է, որ դա իրականացրել է պետության կողմից հովանավորվող Hafnium հաքերային խումբը։ Ընկերությունը չի մանրամասնել, թե արդյոք հարձակումն իրականացվել է անհատի, թե խմբի կողմից։ Պարզվել է, որ Hafnium-ը փորձել է գողանալ վարակիչ հիվանդություններն ուսումնասիրող հետազոտական կենտրոնների, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերի հետ պայմանագրեր կնքած իրավաբանական ընկերությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և ընկերությունների տվյալները։ 

Բացի այդ, տուժել է նաև փոքր բիզնեսը, մի շարք քաղաքների համայնքային իշխանություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է ԱՄՆ տարածքում գործող ավելի քան 20 000 և այլ երկրների տարածքներում գտնվող տասնյակ հազարավոր ընկերությունների մասին։ 

Microsoft-ը պաշտոնապես չի հաստատել այս թվերը, սակայն նախօրեին ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ, այն կոչ էր արել իր բոլոր հաճախորդներին թարմացնել ծրագրային ապահովումը։

Վերջին 12 ամիսների ընթացքում սա արդեն ութերորդ դեպքն է, երբ Microsoft-ը հանրայնորեն մեղադրում է օտարերկրյա պետություններին՝ կիբերհարձակումները հովանավորելու մեջ։ Այս պարագայում, Microsoft-ի կարծիքով, Չինաստանում տեղակայված Hafnium-ը իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում վարձակալած մասնավոր սերվերների միջոցով։

Չինաստանի կառավարության ներկայացուցիչը, Reuters գործակալությանը հայտարարել է, որ իր երկիրը որևէ կապ չունի, ինչպես այդ, այնպես էլ մյուս պատահարների հետ։ Չնայած նրան, որ ամերիկյան տեխնոհսկան միշտ բարդ հարաբերություններ է ունեցել չինական կառավարության հետ, Microsoft-ը չինական շուկայում է 1992 թվականից։ Ի տարբերություն Facebook-ի և Twitter-ի՝ Microsoft-ի կողմից մշակված Linkedin սոցիալական ցանցը, որը հիմնականում կենտրոնացած է պրոֆեսիոնալ շփումների և կարիերայի աճի վրա, Չինաստանի տարածքում արգելափակված չէ։ Այդ երկրում հասանելի է նաև Microsoft Bing որոնման համակարգը, չնայած օգտատերերի շրջանում չինական Baidu-ն առավել տարածված է։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter