Անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում վարձու աշխատողը կարող է վճարվել նաև առաջին օրվա համար
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Գևորգ Պապոյանը փոփոխություններ են առաջարկում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում՝ առաջարկելով վարձու աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում վճարել նաև առաջին օրվա համար՝ միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Գործող օրենքով՝ վարձու աշխատողները հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և այլ դեպքերում, երբ ներկայացնում են ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, չեն վճարվում առաջին օրվա համար, իսկ հաջորդող օրերի համար՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն ուժի մեջ է մտել տարիներ առաջ, երբ առանձին պետական հիմնարկներում նկատվել են չարաշահումների դեպքեր վարձու աշխատողների կողմից: Մինչև փոփոխությունը վարձու աշխատողները ինչպես առաջին, այնպես էլ հաջորդող օրերի համար վճարվել են 100 տոկոսի չափով:
Նախագծի հեղինակները նշում են, որ 2010 թվականին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի ընդունման ժամանակ որևէ կերպ չի հիմնավորվել անաշխատունակության առաջին օրը չվճարելու կարգավորման անհրաժեշտությունը: Փոփոխությունների հետևանքով անաշխատունակության առաջին օրը դարձել է չվճարվող՝ վատթարացնելով աշխատողի իրավական դրությունը:
«Օրենսդրական փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նախ այլևս բժշկական և այլ հիմնարկներից շատ ավելի դժվարացել է կեղծ անաշխատունակության թերթիկներ ներկայացնելու հնարավորությունը, որը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ և փաստաթղթերի թվայնացմամբ: Բացի այդ, այս պարագայում անարդարացիորեն տուժվում են բոլոր այն վարձու աշխատողները, որոնք իրավամբ այդ օրերի համար եղել են անաշխատունակ»,-նշվում է նախագծում:
Հեղինակները, սակայն, մտավախություն ունեն, որ հնարավոր են որոշակի ռիսկեր, երբ վարձու աշխատողը փորձի չարաշահել օրենքը, հետևաբար առաջարկում են պահպանել օրենքում առկա 80 տոկոս միջին ամսական աշխատավարձի վճարման սահմանափակումը նաև առաջին օրվա համար:
Մյուս փոփոխությունը կապված է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգի հետ: Գործող կարգավորմամբ՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ստացվում է, որ եթե աշխատողը գործատուի մոտ աշխատում է տասներկու ամսից պակաս, ապա այս հաշվարկի դեպքում ակնհայտորեն նվազում է նրա միջին ամսական աշխատավարձի չափը:
Նախագծով առաջարկվող կարգավորմամբ՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե տասներկու ամիս չի ձևավորվում, ապա հաշվարկը կատարվում է ստացած եկամուտը փաստացի աշխատած ամիսների թվին բաժանելու միջոցով, բայց այն հաշվառմամբ, որ գումարը չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտի 1-ին: Այն նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել