HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման վարույթները կարող են քննվել արագացված ընթացակարգով

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Այն հնարավորություն կտա նման գործերը քննել հնարավորինս սեղմ ժամկետում: Ըստ  նախագծի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում:

Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Ըստ նախագծի հեղինակի՝ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Իսկ գործող կարգավորումը չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի հետևանքով գրեթե վերանում է հիշյալ պահանջներով դատական հայցեր ներկայացնելու և խախտված իրավունքը պաշտպանելու անձի մտադրությունը:

«Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, և անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները և տևական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: Փաստորեն, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը»,- նշվում է նախագծում:

Ըստ պատգամավորի ուսումնասիրության՝ քաղաքացիներն իրենց պատիվը և արժանապատվությունը դատական կարգով հիմնականում չեն պաշտպանում երկար քննության պատճառով: Գործընթացը տևում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, ինչի հետևանքով մարդիկ նպատակահարմար չեն համարում դիմել դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտի 3-ին: Այն պետք է նախ ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter