
Հետխորհրդային երկրների ավելի քան 1100 լրագրող հետապնդումների թիրախ է դարձել
2020 թվականին հետխորհրդային տարածաշրջանի առնվազն 1129 լրագրող դարձել է հետապնդումների թիրախ։ Երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, այդպիսի տվյալներ է հրապարակել «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը։ Հետազոտության մեջ չեն ներառվել բալթյան երկրները։
Հետապնդումների մեծ մասը՝ շուրջ 890 դեպք, իրականացվել է իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Ընդ որում, 887 դեպքի պարագայում հետապնդման հետևում կանգնած են եղել այն երկրների իշխանությունները, որտեղ գործել են լրագրողները։ Հետապնդումների մեծ մասը գրանցվել է Բելառուսում (382 դեպք), Ռուսաստանում (341 դեպք) և Ուկրաինայում (123 դեպք), իսկ ամենաքիչ թվով դեպքերը՝ Թուրքմենստանում (2 դեպք), Ղրղզստանում (14 դեպք) և Տաջիկստանում (17 դեպք):
Բելառուսում (338 դեպք) և Ռուսաստանում (287 դեպք) խոսքը մեծամասամբ իրավական և տնտեսական մեխանիզմների միջոցով իրականացվող հետապնդումների մասին է, այն դեպքում, երբ Ուկրաինայում հետապնդումների 2/3-րդը (82 դեպք) կապված է եղել ոչ ֆիզիկական բնույթի սպառնալիքների կամ կիբերհարձակումների հետ։
Հետխորհրդային բոլոր երկրների շարքում Բելառուսը ամենավտանգավորն է լրագրողների համար, քանի որ 100 000 բնակչության հաշվով (ռիսկի գործակիցը) հետապնդումների թիվը կազմել է 14,61։ Այդ ցուցանիշն ամենացածրն է Ուզբեկստանում՝ 0,37: 2020 թվականի ընթացքում զոհվել է 3 լրագրող, որոնցից երկուսը՝ Ռուսաստանում, մեկը՝ Բելառուսում։
Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко
Մեկնաբանել