HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեյցարիայում հանրաքվեով արգելվել է բուրկայի և նիկաբի կրումը

Շվեյցարիայի սահմանադրության մեջ կիրականացվեն փոփոխություններ, որոնցով կարգելվի հանրային վայրերում կրել այնպիսի հագուստ, որն ամբողջությամբ փակում է դեմքը։ Այդ մասին գրում է Meduza-ն։ Հարցի վերաբերյալ հանրաքվեն Շվեյցարիայում կայացել է մարտի 7-ին։ Արգելքի օգտին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 51,2 %-ը։ Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 51,4 %-ը։

Արգելքը կտարածվի բանդանաների և բալակլավների վրա, որոնք կրում են ֆուտբոլային երկրպագուները և ցուցարարները, ինչպես նաև մուսուլման կանանց որոշ հագուստների, այդ թվում բուրկայի և նիկաբի։ Կարգելվի փակ դեմքով հայտնվել փողոցում, տրանսպորտում, ռեստորաններում և խանութներում։ Բացառություն կկազմեն կրոնական հաստատությունները։ Բացի այդ, կթույլատրվի դեմքը փակել առողջության պահպանության և անվտանգության նպատակներով, ինչպես օրինակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ 

Համապատասխան որոշումների պատրաստման և ընդունման համար շվեյցարական կանտոններն ունեն երկու տարի ժամանակ։ Մինչ հանրաքվեն արգելքը տարածվում էր միայն երկու կանտոններում՝ Սանկտ-Գալլենում և Տիչինոյում, ինչպես նաև հարևան Ֆրանսիայում, Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում։

Հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ազգային պահպանողական ժողովրդական կուսակցությունը։ Նրանք փոփոխությունների գնացել են «Վերջ ծայրահեղականությանը» կարգախոսով։ Կուսակցության ներկայացուցիչ Վալտեր Վոբմանը հայտարարել է, որ սա հերթական քայլն է ծայրահեղական քաղաքական իսլամի դեմ պայքարի շրջանակներում։

2009 թվականին կայացած հանրաքվեի արդյունքներով, Շվեյցարիայում արգելվել էր նոր մինարեթների կառուցումը։ Այսօր Շվեյցարիայի 8,6 միլիոն բնակչությունից 450 հազարը իսլամի հետևորդներ են։ 

Փոփոխության կողմնակիցները պնդում են, որ բուրկայի և նիկաբի արգելքը մուսուլման կանանց ազատության հնարավորություն կտա։ Փոխարենը, Շվեյցարիայի կառավարությունը կոչ էր արել դեմ քվեարկել փոփոխություններին և առաջարկել այլ տարբերակ, համաձայն որի անձը պարտավոր կլինի ցույց տալ իր դեմքը, եթե դա պահանջի ոստիկանությունը։ 

Փոփոխությունների հակառակորդները կարծում են, որ այն ուղղված է մուսուլմանների դեմ։ Երկրի մուսուլմանական գլխավոր կազմակերպություններից մեկը՝ Կենտրոնական իսլամական խորհուրդը հանրաքվեի արդյունքներն անվանել է «մեծ հիասթափություն» և որոշել այն վիճարկել դատարանում։ Խորհրդի նախագահ Ֆերահ Ուլուքայի խոսքերով՝ «քվեարկությունը հնարավորություն տվեց Սահմանադրության մեջ ամրագրել Շվեյցարիայում տարածված իսլամաֆոբիան»։ Արգելքի դեմ հանդես է եկել նաև Շվեյցարիայի զբոսաշրջության ասոցիացիան՝ հայտարարելով, որ այն մուսուլմանական երկրներում կփչացնի Շվեյցարիայի իմիջը և վնաս կհասցնի զբոսաշրջության, առևտրի և բիզնեսի զարգացմանը։

Լուսանկարը՝ AAP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter