HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարտի 13-ից օգոստոսի 27-ը կորոնավիրուսի հաղթահարման հաշվեհամարին է փոխանցվել 325 միլիոն 608 հազար դրամ

Այսօր՝ մարտի 9-ին, հրավիրվել էր նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ վերջին նիստից հետո անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ հարցեր հղել Կառավարությանը:

Խաչատրյանի խոսքով՝ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պատասխան են ստացել, ըստ որի՝ Կառավարությունը ողջամիտ ժամկետ է խնդրել (մարտի 31-ը) սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահի՝ Կառավարությանը ենթակա մարմինները մինչ այդ ժամկետն անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցելու են փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ, որտեղ էլ պատասխաններն ամփոփվելու են և ուղարկվեն քննիչ հանձնաժողով: Կենտրոնական բանկն էլ մինչ մարտի 12-ն է ժամկետ խնդրել՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու համար:

Հայաստան համահայկական հիմնադրամի տրամադրած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հաղթահարման ստեղծված հաշվեհամարին մարտի 13-ից օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում կուտակվել է 325 միլիոն 608 հազար դրամ, որից 154.8 միլիոն դրամը մասնավոր կազմակերպություններից է հավաքագրվել, 18 միլիոն 115 հազար դրամը արտերկրում և Հայաստանում ապրող ֆիզիկական անձանցից, 152 միլիոն 675 հազար դրամը՝ սփյուռքում գործող Հայաստան համահայկական հիմնադրամի տեղական մարմիններից:

Խաչատրյանի խոսքով՝ նաև ուսումնասիրվել է հիմնադրամի կայքէջում տեղադրված հաշվետվությունը, ըստ որի հուլիսի 22-ի դրությամբ 800 հազար դոլար է հավաքագրվել, որից 695 հազար 244 դոլարն ուղղվել է տարբեր բժշկական պարագաների ձեռբերմանը, շտապօգնության անձնակազմի ֆինանսական աջակցությանը, կարիքներ ունեցող անձանց սննդով ապահովելուն և այլն:

Խաչատրյանն ընդգծեց՝ որոշ ցուցանիշներ կան, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

Ըստ նրա՝ 300 հազար դոլար շտապօգնության ծառայության անձնակազմին է տրամադրվել, սարքավորումների ձեռբերմանը՝ 275 հազար դոլար, որից արհեստական օդափոխության սարքեր ձեռք բերելու համար տրամադրվել է 53 հազար 645 դոլար, դյուրակիր թվային ռենտգենի համար՝ 53 հազար 83 դոլար, թթվածնային խտացուցիչներ՝ 68.4 հազար դոլար, համամարգչային ռադիոգրաֆիկ համակարգ՝ 27 հազար 500 դոլար:

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ընդգծեց՝ հանձնաժողովի իմքայլական անդամները լրացուցիչ հարցերից տեղյակ չեն, ուղարկվելուց հետո նոր հրապարակվում է, ուստի տեղյակ չեն նաև, թե ինչ պատասխաններ է ուղարկել Կառավարությունը: Տիգրանյանը կոչ արեց ստացված ցանկացած պատասխան մինչ հանձնաժողովի նիստը ուղարկել բոլոր անդամներին, որպեսզի վերջիններս լրագրողների նման նիստի ժամանակ չինֆորմացվեն:

Արկադի Խաչատրյանն արձագանքեց՝ հարցում ուղարկելու համար անհրաժեշտ չէ հանձնաժողովի որոշում, բավարար է հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունը, և մինչ այժմ բոլոր հարցումներն ուղարկվել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: Խաչատրյանը նշեց, որ այսուհետ պատասխանենրը կուղարկվեն հանձնաժողովի բոլոր անդամներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ ընդգծեց՝ եթե հանձնաժողովի նախագահը խոսում է ընդդիմության իրավունքներից, ապա լավ կլինի, որ վերջինս խոսի նաև պարտականություններից, այլապես ինչ կլիներ նիստի հետ, եթե քաղաքական մեծամասնության պատգամավորները չմասնակցեին դրան:

Արկադի Խաչատրյանն էլ արձագանքեց՝ քննիչ հանձնաժողովը ոչ թե ընդդիմությանն է, այլ խորհրդարանինը, հետևաբար հանձնաժողովի բոլոր անդամներն են պարտավոր մասնակցել նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter