HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռամազյանները դատարանի որոշմամբ զրկվել են ապրուստի միակ միջոցից. 9 տարի անց դատարանը կրկին քննում է գործը

Լոռու մարզի Շնող գյուղում բնակվող Ժորա Ռամազյանի ընտանիքը հողագործությամբ է վաստակել իր ապրուստը: Հողն օգտագործվել է ընտանիքի համար մշակաբույսեր աճեցնելու, այգեգործության և անասուններին կերակրելու նպատակով: Ժորա Ռամազյանը, կինն ու որդին համատեղ գյուղում 6 միավոր հողամաս են ունեցել, որոնք Կառավարությունը «հանրային գերակա շահ» է ճանաչել և չնչին փոխհատուցումով, դատարանի որոշմամբ, հատկացրել է «Թեղուտ» ընկերությանը՝ հանքարդյունաբերության նպատակով: Դատական գործընթացների ավարտից 9 տարի անց գործը կրկին դատարանում է:

«Թեղուտ» ՓԲԸ ներկայացուցիչը 12.05.2008թ. հայցադիմումներ է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ընկերությունը պահանջել է Ռամազյանների ընտանիքին պատկանող Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը՝ խոտհարք, ինչպես նաև բազմամյա տնկարկները, նոտարի դեպոզիտ հաշվին հանձնած գումարի փոխհատուցմամբ, սեփականության իրավունքով իր օգտին ճանաչել օտարված:

Թեև հայց է ներկայացվել նաև Ժորա Ռամազյանի կնոջ՝ Լուսիկ Հարությունյանի դեմ, սակայն վերջինս մահացել է դեռևս 2007թ.-ին: Նրա մահից հետո ժառանգական գույքը տիրապետել է ամուսինը` Ժորա Ռամազյանը: Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտարական գրասենյակի 18.09.2009թ.-ին տրված տեղեկանքի համաձայն` Լուսիկ Հարությունյանի անվամբ գրասենյակում առկա հողամասերի վերաբերյալ ժառանգության վկայագրեր չեն տրվել:

Նշենք, որ 1970-ական թվականներին Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերից համապատասխանաբար մոտ 4-6 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է պղնձամոլիբդենային հանքավայր (Թեղուտ):

2001թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մասնավոր ընկերությունը 25 տարի ժամկետով ստացել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար ընդերքօգտագործման լիցենզիա:

2007թ. նոյեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշումը: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված 81,483 հեկտար հողերի ձեռք բերող է համարվում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման նպատակով դրա կողմից հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն։

«Թեղուտ» ՓԲԸ-ն Ռամազյաններին ուղարկել է նամակ, որով առաջարկվել է գնել նրանց վեց հողամասերը՝ յուրաքանչյուր հողի արժեքին գումարած լրացուցիչ 15%, ինչպես պահանջվում է օրենքով՝ վերջնական առաջարկի գումարն ընդհանուր դարձնելով 870 հազար 550 դրամ: «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն լիցենզավորված ընկերության կողմից «Թեղուտի» պահանջով իրականացրել է հողամասերի գնահատում։ Եզրակացությունների համաձայն՝ վեց հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը գնահատվել է 757 հազար դրամ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ժորա Ռամազյանի որդին՝ Արկադի Ռամազյանը պնդել է, որ իրենց հողերի շուկայական արժեքը ցածր է գնահատվել: Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է գնահատման այլ եզրակացություն՝ նշելով, որ «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն պատրաստել է ուղղված եզրակացություն, ըստ որի՝ ամբողջ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 1 մլն 38 հազար դրամ: Փոխհատուցման ենթակա վերջնական գումարն օրենքով պահանջվող լրացուցիչ 15%-ի հետ կազմել է 1 մլն 193 հազար 700 դրամ:

2008թ. նոյեմբերի 28-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցը՝ Ռամազյաններին տրամադրելով ընդհանուր 1 մլն 193 հազար 700 դրամ փոխհատուցում:

Ռամազյանները ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ պնդելով, որ ժորա Ռամազյանը պատշաճորեն չի ծանուցվել վարույթի մասին: Այնուհետեւ նրանք պնդել են, որ դատարանը, տեղյակ լինելով, որ Լուսիկ Հարությունյանը մահացել է 2007թ., կայացրել է այնպիսի վճիռ, որը վերաբերել է նաև նրա իրավունքներին:

2009թ. ապրիլի 3-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության: Նույն տարվա հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկին բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցը՝ վերը նշված փոխհատուցման չափով:

Դարձյալ ներկայացվել է վերաքննիչ բողոք Ռամազյանները պնդել են, որ իրենց հողի շուկայական արժեքն էականորեն ցածր է գնահատվել, և իրենց տրված փոխհատուցումը բավարար չէ: Պնդել են, որ դատարանը շահագրգիռ կողմ հանդիսացող «Թեղուտ» ընկերության ներկայացրած եզրակացություններն ընդունել է որպես իրենց գույքի շուկայական արժեքի հաստատված ապացույց։ Ռամազյանների կարծիքով, որպեսզի իրենք ունենային պատշաճ հնարավորություն՝ ներկայացնելու իրենց գործը, դատարանը պետք է իրականացներ փորձաքննություն նշանակելու իր հայեցողական լիազորությունը, քանի որ դրա անհրաժեշտությունն առաջացել էր վարույթի ընթացքում: Պատճառաբանել են, որ իրենք ինքնուրույն այլընտրանքային գնահատում տրամադրելու հնարավորություն չէին ունեցել։

2010թ. փետրվարի 3-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Իսկ 2010թ. մարտի 24-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ռամազյանների վճռաբեկ բողոքը:

2010թ. սեպտեմբերի 14-ին Ռամազյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Նրանց շահերը ներկայացրել է փաստաբան Կարեն Թումանյանը:

Հայաստանի Հանրապետությունը խախտել է քաղաքացիների սեփականության պաշտպանության իրավունքը

Ռամազյանները Եվրոպական Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (Սեփականության պաշտպանություն) մասով բողոքել են, որ իրենց գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության պահանջին, չի բխել որևէ հանրային շահից: Իսկ տրամադրված փոխհատուցման գումարը եղել է ոչ բավարար։ Մասնավորապես, նրանք բողոքել են, որ օրենքն այդ առնչությամբ բավարար կանխատեսելի չէր, քանի որ դրանում նշված չէին պետության կարիքների համար վերցման ենթակա գույքի շուկայական արժեքը որոշելու չափորոշիչները։

Հայր ու որդի Ռամազյանները հերքել են, որ իրենց հողի օտարումն իրականացվել է «հանրային շահի» հիմքերով։ Նրանք պնդել են, որ ակնհայտ անհիմն է հիմնվել «հանրային շահի» վրա այն դեպքում, երբ այդ միջոցառումն ունի բացառապես կոմերցիոն նպատակ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդերքօգտագործման ծրագիրն իրականացվում էր պետական որևէ մասնակցություն չունեցող մասնավոր ընկերության կողմից։

Ինչ վերաբերում է գնահատմանը, ապա հողի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է համեմատական մեթոդի հիման վրա, որը չէր կարող պատշաճ ձևով արտացոլել դրա իրական շուկայական արժեքը։ Ավելին, որպես փոխհատուցում իրենց ստացած գումարը եղել է օտարման գործընթացը սկսելու ժամանակահատվածում օտարված հողի կադաստրային արժեքից շատ ավելի ցածր և ակնհայտորեն չի համապատասխանել տվյալ հողի իրական արժեքին։

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Ռամազյաններին գույքից զրկելը «նախատեսված է եղել օրենքով» և «միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»: Նրանց վճարված փոխհատուցումը համաչափ է եղել հետապնդվող նպատակին: Տվյալ հողամասի շուկայական արժեքը հաշվարկվել է եկամտային և համեմատական մեթոդների կիրառմամբ:

ՄԻԵԴ-ի համար վիճելի չի եղել այն փաստը, որ Ռամազյանների գույքի օտարումն իրականացվել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի հիման վրա։

Արձանագրվել է նաև՝ չնայած այն փաստին, որ Ռամազյաններն ունեցել են այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորություն, ըստ երևույթին, գործնականում նրանք զրկված են եղել այդ հնարավորությունից, քանի որ լիզենզավորված այլ գնահատողներ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Իսկ դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց հայեցողական լիազորությունը՝ որոշելու համար դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը, որը վերջիններիս պնդումով՝ շատ ցածր էր գնահատվել:

ՄԻԵԴ-ը նկատում է, որ օգտագործելով անշարժ գույքի գնահատման համեմատական մեթոդը՝ փորձագետները հողի շուկայական արժեքը որոշել են օտարման նույն գոտում գտնվող մյուս հողամասերի վաճառքի գների հետ համեմատությամբ։

«Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել էր օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների եւ ակնկալվող եկամուտների հիման վրա։ Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե, արդյոք, տրամադրվող փոխհատուցումը կծածկի՞ դիմումատուների՝ իրենց ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեին համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին»,- նշված է ՄԻԵԴ վճռում՝ դրանով իսկ արձանագրելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումը: Նյութական և ոչ նյութական վնասի դիմաց հօգուտ Ռամազյանների ՀՀ-ից բռնագանձվել է նաև 10 հազար 400 եվրոյին համարժեք դրամ:

Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

ՄԻԵԴ-ի վճռից հետո Ժորա և Արկադի Ռամազյանների ներկայացուցիչ Կարեն Թումանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը 2020թ. մարտի 16-ին բողոքը բավարարել է։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2010թ. որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգեցրել է Ժորա և Արկադի Ռամազյանների սեփականության իրավունքի խախտման: Մասնավորապես` դատարանները դիմումատուներին վճարման ենթակա փոխհատուցման գումարի չափը որոշել են` բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից կազմված գնահատման եզրակացությունների վրա, որն իր գնահատման մեջ կատարել է փոփոխություններ` վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություններ:

Գործն այժմ գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Զաքարյանի վարույթում: Մարտի 17-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Իրավական փորձագետ, փաստաբան Կարեն Տոնոյանն արձանագրել է, որ այս գործի 2008-2010թթ. քննությունն ընդհանուր առմամբ եղել է ողջամիտ ժամկետի պահպանմամբ, սակայն այլ հարց է, որ դատարանների թույլ տված սխալի արդյունքում գործը սխալ է լուծվել և վերաբացվել է 9 տարի անց։ Արդյունքում խախտվել է գործի քննության ողջամիտ ժամկետը։

Օրենսդրական փոփոխության հիմք դեռ չեն տեսնում

«Թումանյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան Մերի Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նույնական հանգամանքներով պաշտպանում են 65 ընտանիքի (155-160 անձ) շահերը: ՄԻԵԴ-ի վճռից հետո Արդարադատության նախարարությանն առաջարկներ, նախագծեր են ուղարկել օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, որպեսզի այսուհետ հաշվի առնեն՝ փոխհատուցման չափին համարժեք գույք ձեռք բերելու համար և ուշադրություն դարձնեն եկամտի միակ աղբյուրին:

Մերի Կարապետյանի փոխանցմամբ՝ նախարարությունից պատասխանել են, որ երբ փոփոխության կարիքը լինի, հաշվի կառնեն: Այսինքն, դեռևս որևէ քայլ չի կատարվել օրենսդրական փոփոխություն կատարելու վերաբերյալ, որպեսզի Եվրոպական դատարանի կողմից արձանագրված չափանիշները համապատասխանեցվեն ներպետական օրենսդրությանը:

«Միջինում 1 քմ հողատարածքը գնահատել են 45-65 դրամ, ինչը շատ ցածր գին է եղել: Իրենց տրամադրած հատուցումն այնքան քիչ է եղել, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել այդ գումարով ձեռք բերել իրենց կորցրած հողամասի գոնե 1/10-րդ մասը: Այդ ժամանակ էլեկտրական ցանցերին վարձակալության հիմունքներով տարածք էին տրամադրել, որի 1 քմ վարձակալության վճարը 222 դրամ էր, մինչդեռ հողամասերն օտարել են 45-65 դրամով»,- ասում է Մ. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter