Գյումրիում մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնը
Ապրիլի 9-ից 19 Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում երաժշտարվեստը զարգացնելուն ու մասսայականացնելուն, ՀՀ մարզերում, Արցախում, սփյուռքում շնորհալի երաժիշտ-կատարողների հայտնաբերելուն, երեխաների երաժշտական ճաշակը ձևավորելուն:
«Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնն անցկացվում է «Վերածնունդը շարունակվում է» կարգախոսի ներքո: Դրա վկայությունն է մրցույթ-փառատոնի մասնակիցների աննախադեպ թիվը. ներկայացվել է 1365 հայտ աշխարհի 25 երկրից, մինչդեռ նախորդ տարի 22 երկրից մասնակցում էր 1100 արվեստագետ:
Մրցույթ-փառատոնին կմասնակցեն երաժիշտ-կատարողներ ՀՀ-ից, Արցախից, Ուկրաինայից, Հունաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Բելառուսից, Լիբանանից, Լատվիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Հարավային Օսիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Սիրիայից, Իսպանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ղազախստանից:
Մրցույթ-փառատոնի բոլոր 9 անվանակարգի ժյուրիների կազմերում ընդգրկված են աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Անաստասիոս Պապասը (դաշնամուր), Ժան Տեր-Մերկերյանը (լարային գործիքներ), Օլավի Կասեմաան (փողային գործիքներ), Ալիռեզա Շաֆախի Նեյժադը (կամերային անսամբլ) և ուրիշներ:
«Վերածննդի» հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Մրցանակակիրների և դափնեկիրների շքահամերգը կկայանա Գյումրիում ապրիլի 19-ին:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր փողային գործիքներ, դաշնամուր, լարային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական գործիքներ մասնագիտություններից:
Փառատոնի օրերին' ապրիլի 15-ից 17-ը, կանցկացվեն նաև «Մշակույթների երկխոսություն» թեմայով գիտաժողով, «Մշակույթների երկխոսությունը արդի աշխարհում» թեմայով կլոր սեղան: Կբացվեն Երվադ Քոչարի «Սասուցի Դավիթ» գրքի ձևավորման գծանկար աշխատանքների, գյումրեցի ժամանակակից գեղանկարիչներ Անժելա Մանվելյանի և Վահան Թոփչյանի գործերի ցուցահանդեսները:
Բոլոր 9 անվանակարգում մրցութային լսումները կանցկացվեն ապրիլի 11-ից 16-ը Գյումրու տարբեր երաժշտական հարթակներում ու դահլիճներում:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը Գյումրիում անցկացվում է 2007 թ.-ից: 2009-ից այն դարձել է միջազգային:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել