HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիրիժոր Արթուր Աքշելյանը Բազելում կայացած միջազգային մրցույթին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս, Ասոնանս անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարական Բազելում անցկացվող կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթին նվաճել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին ասվում է «Հայկական ազգային երաժշտություն» կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

Մրցույթի կազմկոմիտեն ստացել էր 355 ստեղծագործության հայտ, որից հեղինակավոր ժյուրին՝ շվեյցարացի կոմպոզիտոր Միքայել Ժարելի գլխավորությամբ ընտրել էր լավագույն 12-ը, այդ թվում՝ Ա․ Աքշելյանի «Երեք պիես նվագախմբի համար»։ Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը կկատարի մրցույթի երեք պաշտոնական նվագախմբերից մեկը՝ Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանսեսկ Պրատի ղեկավարությամբ։ 

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է չինացի Յիքինգ Ժուն, երրորդ հորիզոնականը՝ իսպանացի Միգել Մորատեն։ 

Կոմպոզիտոր, դիրիժոր Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի Բարձրագույն երաժշտական դպրոցում (Միկայել ժարելի դասարան), ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելով  Ռ. Քորնելի հետ։ Հանդիպում-սեմինարներ է ունեցել անվանի կոմպոզիտորներ Ի. Ֆեդելեի, Կ. Սարիահոի, Ս. Գերվասոնի, Ս. Գուբայդուլինայի և այլ անվանի երաժիշտների հետ։

  

Ստեղծագործում է հիմնականում կամերային և նվագախմբային ժանրերում։ Համագործակցել է բազմաթիվ անսամբլների և նվագախմբերի հետ, այդ թվում՝ Nouvel Ensemble Moderne (Մոնրեալ), Ensemble Intercontemporain (Փարիզ), Ensemble Insomnio (Ամստերդամ), Arditti Quartet (Լոնդոն), Ensemble Moderne Lemanic, Ensemble Contrechamps,  «Պրե-արտ» անսամբլ  (Ժնև), Musique Nouvelles (Բրյուսել),  Ensemble Divertimento (Միլան) և այլն։  

«Մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից են «Musica Nova», «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week», «Gaudeamus New Music Week», «Abeldoben» և այլն:  

Կոմպոզիտորին բարձր են գնահատել տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորների ֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը (1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս» (հատուկ մրցանակ, «Lichtfarben »  ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ, «Kyrie» չորս գործիքի համար) և այլն։   Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։  

2019 թ.-ից վերադառնալով Հայաստան, աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում»,- ասվում է տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter