HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված կուրսանտի հայրը պահանջում է ցմահ ազատազրկել ամբաստանյալներին

Հինգ տարի տևած դատաքննությունից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրող Վիգեն Հարությունյանը հանդես է եկել մեղադրական ճառով։ Ամբաստանյալներից երկուսի՝ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար նա պահանջել է 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի և Մովսես Ազարյանի համար՝ 18-ական տարի ժամկետով ազատազրկում։ Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, դժգոհ է մեղադրողի պահանջած պատժաչափից և պնդում է, որ սպանության գործով 4 ամբաստանյալներին պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության մեջ մեղադրվողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը և Գնել Թևոսյանը, Բարսեղյանի ծառայակից ընկերներն են։ Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել՝ ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Զ Մարկոսյանին դատարանն ամիսներ առաջ արդարացրել է։

Ամբաստանյալներից երեքին՝ Վաչե Սահակյանին, Նորիկ Սահակյանին և Մովսես Ազարյանին, բացի սպանության մեղադրանքից, առաջադրվել է նաև զինծառայողների հետ փոխհարաբերություններում կանոնադրային հարաբերությունները խախտելու մեղադրանք։ Գնել Թևոսյանը սպանությունից բացի, մեղադրվում է նաև ստորադասի նկատմամբ բռնություն կատարելու կամ կատարելու սպառնալիք հնչեցնելու մեջ։

Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանն, ասում է, որ ամբաստանյալների պաշտպաններն այնքան են ձգձգել նիստերն ու միջնորդություններ ներկայացրել, որ սպանությունից բացի ամբաստանյալներին առաջադրված մյուս հոդվածների վաղեմության ժամկետն անցել է։

«Ամեն անգամ նոր միջնորդություն էին ներկայացնում։ Հիշում եմ, որ դատական նիստերից մեկի ժամանակ, երբ մեր փաստաբանը և մեղադրող կողմը բարձրաձայնեցին, որ ի մի բերվեն բոլոր միջնորդությունները, իրենք առարկեցին և ասացին՝ մենք ինչքան ուզենք՝ միջնորդություն կարող ենք ներկայացնել, դա ձեր ասելով չէ։ Տարիուկես միջնորդությունների փուլն էր, որն անտանելի էր: Իսկ հետագայում բարձրաձայնում էին, որ մեր պաշտպանյալներն արդեն հինգ տարի անազատության մեջ են, և դատարանին միջնորդում էին գրավի դիմաց ազատ արձակել նրանց»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Քրեական գործը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել է ամբաստանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները։ Նրանք կալանքի տակ են։

Արկադի Բարսեղյանի կարծիքով՝ դատարանն այնքան էլ մեղք չունի դատական նիստերը ձգձգելու հարցում։ Հիշում է, որ երբ գործով վկաները դեռևս ռազմական ինստիտուտում սովորում էին, դատարանն անգամ մեքենա է ուղարկել, որ վկաներին բերեն ու նիստերն անհարկի չձգձգվեն:

«Ուղղակի ես կուզեի, որ դատարանը մի քիչ խիստ լիներ փաստաբանների նկատմամբ»,- ասում է Արկադի Բարսեղյանը:

Ամբաստանյալների պաշտպաններն այս փուլում զերծ են մնում մեկնաբանություններից: Նրանցից Արմեն Նադիրյանը մեզ հայտնեց միայն, որ ստիպված են եղել դատաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ ներկայացնել, քանի որ նախաքննությունը թերի է կատարվել:

«Նախաքննությունը միակողմանի է իրականացվել, և մենք փորձել ենք նախաքննության բացը լրացնել դատարանում»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Նադիրյանը: Նշենք, որ առաջիկա դատական նիստերին արդեն պաշտպանական ճառեր պետք է ներկայացնեն ամբաստանյալների պաշտպանները:

Անդրադառնալով դատական գործընթացի 5 տարուց ավելի տևելու հանգամանքին՝ գործով մեղադրող Վիգեն Հարությունյանն ասաց, որ դրա համար եղել են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառների մեջ դատախազը նշեց, օրինակ, գործի բարդությունը, ամբաստանյալների և տուժողների մեծաթիվ լինելը, նաև այն հանգամանքը, որ բացի սպանությունից, ամբաստանյալներին վերագրվել են նաև այլ արարքներ: Դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալներից ոմանք գործի դատաքննության ընթացքում պաշտպաններ են փոխել, և նոր պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստերը ձգձգելու պատճառ է դարձել նաև 2020 թ․-ին Հայաստանում տարածված կորոնավիրուսի համավարակը, այնուհետև սեպտեմբերին սկսված պատերազմը: Դատախազը նույնպես պաշտպանների ներկայացրած մեծաթիվ միջնորդությունները համարում է նիստերը ձգձգելու պատճառ:

«Այն միջնորդությունները, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել է, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակշիռ մասով եղել են անհիմն և, փաստացի, այդ միջնորդությունների բավարարման արդյունքում ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնք կազդեն գործի ելքի վրա»,- ասաց Վիգեն Հարությունյանը:

Հինգ տարուց ավելի տևած դատաքննությունից հետո, ինչպես արդեն նշեցինք,  դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին։

«Վերջապես անցանք ճառերին, մեղադրող կողմը ճառ ասաց, ուղղակի ես մեղադրողի ճառի իմաստը չհասկացա։ Վեց տարի գործը շարունակվում է, և մեղադրող կողմը ճառով Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար՝ 20-ական, իսկ Մովսես Ազարյանի և Նորիկ Սահակյանի համար՝ 18-ական տարի ազատազրկում է պահանջում։ Ես դա լուրջ չեմ ընդունում, աբսուրդի նման մի ճառ էր։ Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում իշխանական կողմից ինձ միշտ հավատացրել են, որ ամենադաժան պատիժն է լինելու, որ ցմահ է լինելու, ու դատախազներն իրենց ճառում ասում են՝ 20  տարի։ Ես ապշած էի»,- ասաց Արկադի Բարսեղյանը։ Վերջինս հարցնում է՝ որքա՞ն դաժան պիտի լինի սպանությունը, որ դրա մեջ մեղադրվող անձինք ցմահ ազատազրկման դատապարտվեն:

«Իմ էրեխուն տարել, 7-8 հոգով ծեծի են ենթարկել, բռնություն գործադրել,  հետո 4 հոգով մտել են, նորից էլի ծեծել, սուր գործիքով զարկերակը կտրել, խեղդամահ արել: Հետո ուզեցել են երրորդ հարկից գցել: Ամեն մի գործողությունը մեծ հանցանք է, որը մեծ պատժի պետք է արժանանա»,-  գործում առկա նյութերից մեջբերեց Արկադի Բարսեղյանը: Վերջինս նշում է, որ 4 ամբաստանյալների գործողություններն են հանգեցրել որդու մահվանը, և էական չէ, թե նրանցից ով ինչ դերակատարում է ունեցել ենթադրյալ հանցագործությունը կատարելու ժամանակ:

Դատախազ Վիգեն Հարությունյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու է դատախազությունը 20 և 18 տարի, այլ ոչ թե ցմահ ազատազրկում պահանջում, նշեց, որ օրենքը պահանջում է նախատեսված առավել խիստ պատիժ նշանակել, եթե առավել մեղմը չի կարող ապահովել պատժի նպատակը:

«Այս հանցագործության համար նախատեսված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում: Տվյալ դեպքում, որպեսզի ակնկալենք առավել խիստ պատժատեսակը, պետք է հիմնավորել, թե ինչու չպետք է նշանակվի առավել մեղմ պատժատեսակը: Այս հարցի կապակցությամբ դիրքորոշում հայտնելիս մեր կողմից առավելապես հաշվի է առնվել ամբաստանյալների տարիքը»,- ասաց Վիգեն Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ Քրեական օրենսգրքով արգելված է մինչև 18 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկում նշանակելը, ու թեև տվյալ գործով ամբաստանյալները ենթադրյալ հանցանքը կատարելու պահին չափահաս են եղել՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք եղել են 18 տարեկան, ընդ որում՝ նրանցից մեկի 18 տարին լրացած է եղել ամիսներ, իսկ մյուսինը՝ օրեր առաջ:

Դատախազն ընդգծում է, որ, այնուամենայնիվ, ամբաստանյալների համար պահանջել են նրանց վերագրվող արարքի համար որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն չափը կամ դրան մոտ չափ՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը զուգորդվել է մի քանի ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև առկա են արարքի հանրային վտանգավորության վրա ազդող և այն բարձրացնող այլ հանգամանքներ:

Սպանված կուրսանտի հորը այս հիմնավորումները չեն բավարարում: Նա ակնկալում է, որ դատարանը պետք է ցմահ ազատազրկի որդու սպանության մեջ մեղադրվող 4 անձանց:

Դատարանում գործի երկարատև քննության վերաբերյալ փորձագիտական կարծիք է հայտնել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Վերջինս նշել է, որ դատարանը 5 տարվա ընթացքում 172 դատական նիստ է նշանակել, որից 123-ը կայացել է։ Դատարանը դատական նիստ է նշանակել շաբաթը մեկ անգամ, չցանկանալով թույլ տալ կողմերի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում:

Այսպիսով, դատարանն անհարկի դատական նիստեր չի հետաձգել (հետաձգվել են արձակուրդ մեկնելու, նոր տիպի կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով) և չի խախտել ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը, քանի որ պաշտպանական կողմը, փորձելով իրացնել իր իրավունքները հօգուտ իրենց պաշտպանյալների, հարուցել է տարատեսակ միջնորդություններ, որոնցից մի քանիսը բավարարվել են:

Նման իրավիճակներում, ըստ փորձագետի, խախտվում են տուժող կողմի իրավունքները, քանի որ տուժող կողմը, մասնավորապես, տվյալ դեպքում տուժողի իրավահաջորդը, ստիպված է տարիներ շարունակ սպասել արդարադատության իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter