HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հաշմանդամության 3-րդ կարգ ու անտարբեր լռություն պետական մակարդակով

Ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված գյումրեցի 19-ամյա Հրաչ Գեւորգյանի համար բազմոցին ժամեր շարունակ անցկացնելը հոգնեցուցիչ ու նյարդայնացնող է: Ձախ ոտնաթաթի բազմաբեկորային վնասվածքը թույլ չի տալիս տղային ոտքը դնել հատակին: Հրաչի համար պատերազմն ավարտվեց հոկտեմբերի 21-ին, երբ պայթյունից հետո հողի շերտի տակից հանեցին կենդանության նշաններ ցույց տվող մարմինն ու դրեցին սառը գետնին: Ցավային շոկը թույլ չէր տալիս շատ բան ընկալել այդ պահին, բացի նրանից, որ ողջ է: Հետո արդեն, օրեր անց, պիտի սկսվեր հետպատերազմյան մղձավաջը՝ շաղաղված հիշողություններով, ֆիզիկական ցավով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ: 

Հրաչը գրեթե չի խոսում: Հարցերիս պատասխանում է կարճ՝ հաճախ սահմանափակվելով «այո՛», «ո՛չ» պատասխաններով: Կատակում եմ, թե իրենից լավ զինվորական կստացվեր: Զրույցը վարելուն օգնում է Հրաչի մայրը՝ Մարինեն: Վիրավոր տղաների հետ հանդիպումներից եկել եմ եզրակացության՝ քանի դեռ թարմ են պատերազմի վերքերը՝ ֆիզիկական ու հոգեւոր, այնքան հեշտ են ինֆորմացիա փոխանցում, որքան հեռանում ենք չարաբաստիկ սեպտեմբերի 27-ից, այնքան տղաները պարփակվում են: Հավանաբար, հիշողությունները բառերի վերածելն ամիսներ անց ավելի է ցավ պատճառում, քան սկզբում, երբ խոսելը, պատմելը պարզապես անհրաժեշտություն է՝ օդ ու ջրի նման: 

Հրաչը զորակոչվել է 2020թ.-ի հունվարին 20-ին: Ծառայության վայրն եղել է Հադրութը: Պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին էր հանձնել հերթապահությունն ու դիրքերից իջել զորամաս: Սեպտեմբերի 26-ին զանգահարել էր հարազատներին, խոսել բոլորի հետ: «Նման բան չէր եղել, որ, ասենք, զանգեր ու նույն օրը ցանկություն հայտներ բոլորի հետ խոսել՝ տատիկի, մորաքույրների, հորեղբոր,-հիշում է Մարինեն,-հաջորդ օրն առավոտյան համացանցից իմացանք, որ պատերազմ է սկսվել: Չորս օր կապ չենք ունեցել Հրաչի հետ, 5-րդ օրը զանգեց, ասաց՝ մենք լավ ենք, մի' անհանգստացեք, մենք դիրքերում չենք, մենք հետ ենք: Կապն ընդհատումներով էր՝ ասենք մի երկու-երեք օր չէր զանգե, հետո կզանգեր, կխնդրեի, թե՝ զանգե, մենակ մի բառ ասա՝ լավ ենք ու կախե, շատ մի խոսա»

Դրանք հոգեմաշ օրեր էին, երբ ամեն լուսաբացը բացվում էր հույսով, թե պատերազմն ավարտվել է: Հոկտեմբերի 22-ի զանգն անծանոթ համարից էր: Հայտնում էին, որ Հրաչը վիրավոր է եւ տեղափոխում են Երեւան: Հանդիպման առաջին պահին ծնողները չեն ճանաչել տղային: «Շատ նիհարած էր, գլուխը բինտով փաթաթած, երեսը բզկտված, մենք էլ երեւի շատ հուզված ու շոկային վիճակում էինք, առաջին պահին չհասկացանք, որ մեր տղան է, հետո պապիկը մտավ մոտը դուրս եկավ, ինքն էր ճանաչել: Վերջը, 25 օր երեխեքը էդ վիճակում են եղել՝ սոված, ծարավ, չլողացած, չփոխված, վիրավորվելուց հետո էլ հողի մեջ կորած: Մի բան ասեմ, գուցե չհավատաք, մինչեւ վերջերս էլ դեռ ականջի միջից հողի մասնիկներ են թափվում: Դեմքի ձախ կողմը լրիվ բզկտված էր, հիմա ինչ տեսնում եք, շատ լավ վիճակն է,-նկատում է Մարինեն,-իրան Վիգմոր կլինիկա էին տարել, էնտեղ շատ լավ խնամում էին, մենք պարբերաբար այցելում էինք, ուտելիք ու հագուստ էինք տանում, բայց մոտը չէին թողնում: Մենք Հրաչի երեսը մինչեւ նոյեմբերի 5-ը չենք տեսել, մինչեւ որ դուրս գրեցին, բերեցինք տուն»:

Հրաչն ասում է, որ սոված օրեր շատ են ունեցել, երբեմն ցամաք հացն ու ջուրն էլ չի եղել: «Օր է եղել՝ մենակ ջուր ենք ունեցել, որ անտառի մեջ առվակ կար, էնտեղից կբերեինք, օր կար՝ մենակ հաց ենք ունեցել, օր է եղել՝ ոչ մի բան չի եղել ուտելու»,-նկատում է Հրաչն ու կրկին ամփոփվում իր մեջ: Վիրավորվել է գիշերը ժամը 22-ի հատվածում՝ խրամատ փորելիս: Ասում է, որ ձայն չեն լսել, չեն կռահել անօդաչու սարքի ներկայությունը, որ թաքնվեն, միայն պայթյունի ձայնն են լսել: Երեք հոգով հին խրամատը փորելիս են եղել, որ դիրքավորվելիս տեսանելի չլինեն թշնամու համար, սակայն աշխատանքները չեն հասցրել ավարտել: 

«Թշնամուն հեռվից կտեսնեինք, երբ որ Ջաբրայիլի ու Հադրութի անտառը կմտնեին, մոտիկից մարտ չենք վարել, մենք կոորդինատները կսեինք, հրետանին կխփեր: Ես կորդի վրա եմ եղել՝ գնդացրի: Թռչող անօդաչուների դեմ անզոր էինք, էն զենքը չկար, որով կարող էինք խփել: Մեր մոտից Ջաբրայիլի պոստերը կերեւային, էնտեղ թուրքերն էին արդեն, կելնեին տանկերով կկրակեին»,-Հրաչի խոսքը կցկտուր է, այն, ինչ ինձ է փոխանցում, պարզապես պատառիկներ են պատերազմի մղձավանջից: Հրաչի համար պատերազմի շրջադարձը կողքին արկի պայթյունն էր, հողի ծանր շերտը, զինակից ընկերների օգնող, քաշող ձեռքերն ու վիրավոր ոտքը խրամատի եզրին խփելուց ողջ մարմինը ցնցած ցավը: Իր հետ՝ նույն խրամատում գտնվող տղաներից մեկը, որ Արցախից էր, վիրավորվածների թվում էր, Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչ Դավիթ Արեյանը զոհվել էր, մյուսների մասին Հրաչը տեղեկություն չուներ:

Ստեփանակերտում կարել են պատռված շրթունքն ու աչքի տակի վերքը: Բոլոր վիրավորումները մարմնի ձախ հատվածում են եղել: Ոտնաթաթի վիրահատությունն իրականացրել են Երեւանում: Հրաչ Գեւորգյանի համար բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովը սահմանել է հաշմանդամության 3-րդ կարգ, սա այն դեպքում, որ տղան մի կերպ է տեղաշարժվում քայլակի օգնությամբ: «Մենակ դա չէ, տվել են քաղաքացիական 3-րդ կարգ մեկ տարով, մեզ ասին՝ հետո կդառնա զինվորական, բայց չենք հավատում: Ասին, որ եթե համաձայն չենք որոշման հետ, կարող ենք բողոքարկել երկու ամսվա ընթացքում, բայց դե գիտենք, որ անօգուտ է, ուղղակի ներվ ենք քայքայելու, մանավանդ բացատրեցին, որ 2-րդ կարգ տալիս են մեկ ձեռքը կամ մեկ ոտքը կորցրած զինհաշմանդամին ու էլի ոչ զինվորական,-ասում է Մարինեն,-քաղաքացիական թոշակը գիտեք ինչքան քիչ է, հազիվ էլ հերիքի, որ Հրաչին տաքսիով վերականգնողական կենտրոն տանենք, բերենք»:

Գեւորգյանների ընտանիքը գրեթե ոչ մի դրամական աջակցությունից չի օգտվել: Մարինեի փոխանցմամբ՝ ստացել են միայն պետության տրամադրած 68 հազար դրամը: Մեկ անգամ հումանիտար օգնություն է տրամադրել Հայ առաքելական եկեղեցին: Այս տարվա հունվարին դիմում են տվել Շիրակի մարզպետարան դրամական աջակցության համար, սակայն առ այսօր պատասխան չունեն: Բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների դրամական աջակցությունները եւս զարմանալիորեն շրջանցել են համեստ այս ընտանիքին: 

«Եղել է, որ զանգել են, հարցրել են, տվյալներ են գրել ու այլեւս չեն հետաքրքրվել,-ասում է Մարինեն,-մենք էլ ոչ հետ ենք զանգել, ոչ էլ անհանգստացրել ենք զանգողներին: Վերջերս, որ հայտարարեցին, թե կարող եք օնլայն դիմել 500 հազար դրամները ստանալու համար, գրեցինք, պատասխանեցին, որ Հրաչի անունը չկա ցուցակներում: Զանգել ենք թեժ գիծ, բայց այդ համարները պարզապես գոյություն չունեն: Տղայիս վերականգնումն ահագին ժամանակ է պահանջում, իսկ մեր ընտանեկան բյուջեն շատ չնչին է: Եթե չպիտի աջակցեն, ինչո՞ւ են հայտարարում: Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում, թե անունը չկա ցուցակներում, բա որտե՞ղ կա, ի վերջո 25 օր իմ տղան ռազմի դաշտում է եղել»:

Մարինեն չի աշխատում, ամուսինը՝ Հայկը, բանվորություն է անում շաբաթը երկու անգամ, որը հիմնական աշխատանք չես համարի, առավել եւս՝ կայուն եկամտի աղբյուր: Հրաչի կրտսեր եղբայրը՝ 11-ամյա Արմանը, նույնպես հաշմանդամություն ունի: Իրականությունը ծանրանում է Հրաչի խնդիրներով եւ դրանց լուծմանն ուղղված ընտանիքի ջանքերով: «Մենք մեքենա չունենք, ամեն անգամ Երեւան տանել-բերելուց տաքսի ենք վերցրել, վճարել: Շաբաթ է եղել, որ երկու անգամ տարել ենք: Ի վերջո, նաեւ վարկեր ունենք: Հրաչը դեռ պիտի վերականգնվի, թե ե՞րբ վերջնական ոտքի կկանգնի, բժիշկն էլ չգիտի»,-նշում է Մարինեն:

Հրաչը բանակ էր զորակոչվել՝ կիսատ թողնելով ուսումը Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում: Ծրագրավորողի մասնագիտություն պիտի ձեռք բերեր: Մայրն ասում է՝ քոլեջի տնօրենն առաջարկել է վեց ամսով հետաձգել բանակ գնալը, որ ավարտի, նոր գնա, սակայն Հրաչը չի համաձայնվել, ասել է՝ ուզում է ընկերների հետ լինել:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից էին էս վերջերս եկել, նկարեցին ոտքը, որ բժշկին ցույց տան, առաջարկում են Հրաչին տեղափոխվել իրենց մոտ որոշ ժամանակ՝ վերականգնվելու նպատակով, բայց չի ուզում, մի տեսակ վախ կա մոտը, չի ուզում մեզանից բաժանվել»,-ասում է Մարինեն՝ նկատելով, թե վերջերս տղան ավելի նյարդային է դարձել, նեղվում է մենակ մնալուց ու բազմոցին ժամերով պառկելուց: Մտածում է, որ գնա Երեւան, միջավայրը կփոխվի, գուցե հոգեբանական վիճակն էլ բարելավվի:

Մեկնաբանություններ (4)

Roza Grigoryan
Ես կարող եմ տրամադրել Հրաչի տվյալները։ Եթե ցանկություն ունեք աջակցելու խնդրեմ զանգահարեք 093869853 հեռախոսահամարին կամ գրել Roza G-yan ֆեյսբուքյան էջին։
Սյուզաննա
Իմ տղայի ոտքը 7 սմ կարճ է ապարատա դրված 11 վիրահտությունա տարել դեռ 3 անգամ էլ պիտի վիրահատվի 3_րդ կարգ են տվել սա է մեր պետությունը
Սաթեն
Ինչպես կարող ենք կապնվել ընտանիքի հետ?
Anna
Hello Can you please give me Hrach's phone number? My sister and I helping solders who are in need. Sorry for writing in English as my work computer doesn't have Armenian in it. Thanks a lot

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter