HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Նարեկ Սարգսյան. «Մի քանի անպասխանատուների պատճառով չի կարող շինարարությունը կանգնել»

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երեկ Մարզահամերգային համալիրում բացված «Շինարարություն և ինտերիեր-2012» մասնագիտացված ցուցահանդեսում առանձնացել էր վարչապետի շքախմբից, միայնակ էր մոտենում ու ծանոթանում ընկերությունների առաջարկներին:

«Հայացք»-ի թղթակիցը մի քանի հարց ուղղեց Երևանի գլխավոր ճարտարապետին:

- Պարոն Սարգսյան, Հյուսիսային պողոտայի ծրագրից հետո Երևանում կարծես շինարարությունը կանգ է առել, պողոտան էլ չի ամբողջացվում: Ո՞րն է շինարարության ծավալների անկման պատճառը:

- Ես մի հատ նայեմ, էլի, հա՞: Ինձ մի հարցրեք, քաղշիննախարարության փոխնախարար Ալավերդյան Ռուզաննային հարցրեք: (Քաղաքաշինության փոխնախարարը նույնպես մասնակցում էր ցուցահանդեսի բացմանը.- հեղ.):

- Ես Ձեզ եմ հարցս ուղղում, որովհետև Երևանի գլխավոր ճարտարապետը Դուք եք, ոչ թե տիկին Ալավերդյանը:

- Խնդիրը հիմնականում 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի հետ է կապված եղել: Հիմա շինարարության տեմպերը կամաց-կամաց աճում են: Քաղաքում բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, որոնք մշակման փուլում են: Ոչ շատ ուշ՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում, տեղաշարժերը արդեն աչքով կերևան: Այնպես որ էդ խնդիրը արդեն, ինձ թվում է, անցյալում է:

- Պարոն Սարգսյան, նոր մշակույթ է ձևավորվել մայրաքաղաքում. շինարարները խաբում են բնակիչներին: Մի շարք նորակառույց շենքերում միևնույն խնդիրն է ծագել՝ բնակարանների բազմակի վաճառքի դեպքեր են գրանցվում, բնակիչների գումարները յուրացնում են, սակայն տները չեն կառուցում: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:

- Կառավարությունը ունի հիմա հանձնաժողով, որը ղեկավարում է ֆինանսների նախարարը: Դրա մեջ կան մի շարք նախարարներ, քաղաքապետարանից ներկայացուցիչներ: Եվ արդեն մեկ ամսից ավելի է էդ հանձնաժողովը բոլոր հարցերով մանրամասնորեն ակտիվ զբաղվում է: Եվ բնակիչներից էլ կան ներկայացուցիչներ, էնպես որ դա ուշադրության տակ է, և ես վստահ եմ, որ կլուծվեն էդ հարցերը:

- Հնարավո՞ր է, որ դա էլ է նպաստել շինարարության ծավալների անկմանը, որովհետև, փաստացի, մի շարք շենքեր կիսակառույց են, և շինարարությունը սառեցված է:

- Չէ, դա դրա հետ կապ չունի: Մի քանի, մեղմ ասած, անպասխանատու մարդկանց պատճառով չի կարող շինարարությունը կանգնել: Ես ինչքան գիտեմ՝ նրանցով իրավապահներն էլ են զբաղվում, քննություն է գնում էդ առումով, էնպես որ, ես վստահ եմ, որ էդ խնդիրները կլուծվեն:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter