«Ալ-Ամշատ» խմբավորման դասալիքներից մեկի վկայությամբ՝ «Աբու Ամշա»-ն գրեթե 150 հազար դոլար է գողացել Ադրբեջան ուղարկված վարձկանների աշխատավարձից
Մուհամեդ Ալ-Ջասիմը կամ «Աբու Ամշա»-ն «Սուլթան Սուլեյման շահ» («Ալ-Ամշատ») բրիգադի հրամանատարն է, որը վերահսկում է Հալեպի հյուսիսային ծայրամասի որոշ տարածքներ: Աֆրինի ծայրամասում գտնվող Ալ-Շեյխ Հադիդ շրջանը բրիգադի գլխավոր հենակետերից է: «Աբու Ամշան» ամենագլխավոր պաշտոնյաներից էր, ով սիրիական վարձկաններին ուղարկում էր Լիբիա և Ադրբեջան` թուրքական հետախուզության համաձայնեցմամբ և ուղղորդմամբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հարցազրույց է վերցրել «Սուլթան Սուլեյման շահ» բրիգադի դասալիքներից մեկից: Հարցազրույցի արդյունքում պարզվեց «Ալ-Ամշատի» հրամանատարի կողմից իրականացված խարդախության մասին․ ավելի քան 1000 վարձկան, ովքեր վերջերս տեղափոխվել են Ադրբեջան բարձր վարձավճարի դիմաց կռվելու, խաբվել են, քանի որ «Աբու Ամշա» հրամանատարի խոստացած աշխատավարձերից շուրջ 12 միլիոն թուրքական լիրա, որը համարժեք է 143 հազար ԱՄՆ դոլարի, գողացվել է:
23-ամյա երիտասարդը, ով հայտնի էր իր անվան սկզբնատառերով որպես Ա.Ա. և ով վերջերս՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ին, հեռացավ այս խմբավորումից, Մարդու իրավունքների սիրիական դիտարանին պատմում է այս դեպքի մանրամասների մասին. «Մենք շուրջ 1000 վարձկաններով ռազմական ավտոբուսներով ճանապարհ ընկանք Հավար Կիլիս շրջանից դեպի Թուրքիայի Գազիանթեփ քաղաք՝ Դամասկոսի ժամանակով երեկոյան 10։00-ի սահմաններում: Մեկնելուց առաջ «Աբու Ամշան» ելույթ ունեցավ՝ մեզ հորդորելով կռվել Ադրբեջանի կողմից. «Խոստանում եմ, որ ձեր աշխատավարձերը ամսական 2000 ԱՄՆ դոլար կլինեն»: Այնուհետև մենք կրկին ճանապարհ ընկանք Գազիանթեփից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա «Իլյուշին» տրանսպորտային ինքնաթիռով, իսկ այնտեղից մեզ տեղափոխեցին Ադրբեջան՝ թուրքական մարդատար ինքնաթիռով:
Տեղ հասնելուց ընդամենը մեկ գիշեր անց սկսվեցին մարտերը հայկական բանակի դեմ, որին մենք մասնակցում էինք և ցուցումներ ստանում «Ազգային բանակի» ռազմական հրամանատարների կողմից։ Մարտերը տևեցին երկու ամիս:
Բախումները երբեմն դադարում էին և որոշ ժամանակ անց վերսկսում: Մոտավորապես 1000 վարձկաններ սիրիացիներ էին՝ հիմնականում տեղահանված Դամասկոսի գյուղերից, Հոմսից, Դառաայից, Հալեպի գյուղական շրջաններից, Համայից և Իդլիբից:
Մարտերում զոհվեցին տասնյակ վարձկաններ, տասնյակ էլ, եթե ոչ հարյուրավորներ՝ վիրավորվեցին: Ինչ վերաբերում է մեր աշխատավարձերին, ապա «Աբու Ամշան» խոստացավ ամբողջությամբ վճարել այն՝ 28,000 թուրքական լիրա յուրաքանչյուր անդամին, որից 4,000-ը բաժին հասավ մեզ ուղեկցող ռազմական հրամանատարին։ Այսպիսով, յուրաքանչյուր անդամ վճարվեց ընդամենը 12,000 թուրքական լիրա, իսկ մնացած 12,000-ը խոստացան վճարել մեզ մեկ ամիս անց, սակայն թուրքական կողմի հետ ֆինանսական խնդիրներ ունենալու պատրվակով այդպես էլ չվճարեցին։
Ամսվա վերջում մենք պահանջեցինք մեր իրավունքներն ու ֆինանսական պարտքերը, սակայն ապարդյուն: Մեզանից ոչ մեկին նույնիսկ թույլ չեն տալիս հանդիպել բոլորիս խաբած «Աբու Ամշային», ում կողմից գողացված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 12 միլիոն թուրքական լիրա:
Ես ներկայումս «Սուլթան Սուլեյման շահ» բրիգադի դասալիքներից եմ, որը ղեկավարվում է վերոնշյալ անձի կողմից, ում ես համարում եմ հանցագործ, քանի որ նա օգտվեց մեր վատ կենսապայմաններից և քիչ վարձատրության դիմաց ուղարկեց դեպի մահը՝ գրեթե մեկ ամսվա աշխատավարձը յուրաքանչյուր անդամից գողանալով:
Մեզ համար մեր իրավունքները պաշտպանելու հարցը դժվարանում է այն հանգամանքով, որ նա սերտ հարաբերությունների մեջ է թուրքական հետախուզության հետ, հետևաբար՝ ոչ ոք չի կարող նրան ստիպել չոտնահարել ավելի քան 1000 անդամների իրավունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել