HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՄԻՊ ֆինանսավորումը կարող է նվազել․ կառավարությունը սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում

Կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից։ Կառավարության չզեկուցվող որոշման հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։

Փաթեթով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Օրենքի այդ հատվածում սահմանված է․

«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարությանը, որոնք անըդունելի են համարվել, և օրենքի նախագիծը նախնական տեսքով կառավարությունը հաստատեց։ 

ՄԻՊ-ում կարծում են, որ Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքն ամրագրված է Սահմանադրությունում, որ պետությունն ապահովում է Պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Իսկ ՄԻՊ-ի մասին օրենքով Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:

«Վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք: 2019 թվականին նույնպես արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմումների ու բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2396-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք»,- այս մասին առարկություններում նշել է ՄԻՊ աշխատակազմը։ 

ՄԻՊ-ում համարում են, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման չափը:

«Հետք»–ին ՄԻՊ–ի աշխատակազմից փոխանցեցին նաև, որ կառավարության առաջարկած փոփոխությամբ պաշտպանի անկախության երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։

«Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ այցերը տարբեր հաստատություններ, բողոքների քննարկման, ինչպես նաև դադարել արագ արձագանքման հնարավորությունը և այլն։

Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը»,– նշված ե ՄԻՊ–ի աշխատակազմից մեզ տրամարած պարզաբանման մեջ։

ՄԻՊ-ի անկախության երաշխիքներին այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։ 

Պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ՄԻՊ-ին, այնպես էլ այս փաթեթով այլ ոլորտներին վերաբերող նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են։

«Եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»,- հայտարարել է Տարոն Սիմոնյանը։

Օրենսդրական այս փաթեթը մշակելուց առաջ էլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ կրճատվել է ՄԻՊ աշխատակազմին ամրակցված մեքենաներից 3-ը։ Այդ դեպքում էլ կառավարությունը որոշումը պատճառաբանել էր երկրում տնտեսական խնդիրների առկայությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter