HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

Մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարար Այվազյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության համար:

Նախարարներ Այվազյանը և Ալ Նահյանը, ըստ ԱԳՆ-ի, հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվեց քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Որպես առևտրատնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ ընդգծվեց Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:

ԱԳ նախարարները կարևորել են ԱՄԷ հայ համայնքի կամրջող դերակատարությունը փոխվստահության վրա խարսխված հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Այդ համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության հանձնառության վկայությունն է:

Հանդիպման օրակարգում առանցքային տեղ էին զբաղեցնում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում, և վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին, թե որքանով փոխկապակցված է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը:

Նախարարները համակարծիք էին, որ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, և ծայրահեղականության ցանկացած դրսևորում սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:

 

Հայ-էմիրաթական հարաբերությունների վերաբերյալ համառոտ տեղեկանք

Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների հետ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումը և խորացումը, որում Արաբական Միացյալ Էմիրություններն ունի իր ուրույն դերը։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով Հայաստանը Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, ինչի համար առկա է լուրջ ներուժ։

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 25-ին` Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ:

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 2000թ., Երևանում ԱՄԷ դեսպանությունը՝ 2015թ.։ 2017թ. Դուբայում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

2019թ. մայիսին Երևանում կայացել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` ընդգծվել են ֆինանսական, առևտրատնտեսական, սննդի անվտանգության և գիտակրթական ոլորտները:

Առևտրատնտեսական համագործակցության առաջնային ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը, պարենային անվտանգությունը, վերականգնվող էներգիան, զբոսաշրջությունը: Մինչ համավարակով պայմանավորված ճգնաժամը` երկկողմ առևտրաշրջանառությունը մեծ չէր, սակայն արձանագրում էր դրական դինամիկա: 2019թ. ՀՀ-ից ԱՄԷ արտահանումը կազմել է $57,3 մլն, ներմուծում ԱՄԷ-ից՝ $281,2 մլն, ընդհանուր՝ $338,5 մլն:

2019թ․ դրությամբ ՀՀ-ում գրանցված է 635 էմիրաթական ընկերություն։

Տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է Աբու Դաբի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթների իրականացումը:

Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսը: Հայաստանն առաջին երկրներից է, որը հաստատել է իր մասնակցությունն այդ համաշխարհային նշանակության միջոցառմանը։

Հայաստանի և Էմիրությունների միջև ստորագրվել է համագործակցության 31 փաստաթուղթ ներդրումների խրախուսման, կրկնակի հարկումը բացառելու, առևտրատնտեսական, իրավական օգնության, մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման, օդային հաղորդակցության, մաքսային, անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում:

Երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում համագործակցությանը:

Պայքար COVID19 համավարակի դեմ

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ իշխանությունների կողմից COVID-19 համավարակով պայմանավորված Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնությունը. էմիրաթական կողմը շուրջ 7 տոննա աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Հայ համայնք

Հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ձևավորման մեջ իր ավանդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը սկսել են հաստատվել 1975թ. հետո՝ ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից:

1980թ. կազմավորվել են Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի Ազգային վարչությունները: Նույն թվականից սկսել է գործել Շարժայի «Օհանեսյան» կիրակնօրյա հայկական վարժարանը: 1998թ․-ից գործում է Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 2014թ. դեկտեմբերից՝ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: 2016թ. մայիսից Աբու Դաբիում՝ եկեղեցուն կից, գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա դպրոցը:

Ներկայումս ԱՄԷ-ում բնակվում է շուրջ 10 հազար հայ: ԱՄԷ-ում բնակվող հայերի 90 տոկոսը պաշտոնավարում է տարբեր պետական և մասնավոր ձեռնարկություններում և ներգրավված է հիմնականում շինարարական, ճարտարագիտական և տնտեսագիտական ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter