HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սիրանուշ Սահակյան. «Ռազմագերիների վերադարձի հարցը քաղաքական հարթակում երաշխավորված չէ»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը

Հետպատերազմական շրջանում ռազմագերիներին վերադարձնելու համար աշխատանքներ են իրականացնում Հայաստանի Օմբուդսմենը և սակավաթիվ իրավապաշտպաններ: Միաժամանակ, ՀՀ վարչապետի որոշումով դեկտեմբերի սկզբին ստեղծվել է գերիների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանրությունը նրա գործունեության մասին քիչ է տեղեկացված:  

Կարծում եմ, ի սկզբանե ծանրաբեռնվածության մեծ մասը պետք է կրեր  միջգերատեսչական հանձնաժողովը, բայց փաստացի, մենք ևս չենք նկատել նրանց գոյությունը: Հանձնաժողովը քանի որ պաշտպանության նախարարության (ՊՆ) շրջանակներում է գործում, տեղեկատվության հասանելիության առումով պետք է անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենար, բայց, որքան մեզ հայտնի է, ուղղակի որոշակի տեղեկատվական բազա են հավաքել: Ընդ որում, սկզբնաղբյուրը մեծապես եղել է այլ կառույցների գործունեությունը: Այն տեղեկատվությունը, որը ստացել են ՊՆ-ի խողովակներով, արտաքին հարաբերություններում օգտագործելի չէ, որովհետև այդ գործունեության հետևում լուրջ ուսումնասիրություններ չեն եղել: Ես գիտեմ, որ հանձնաժողովը որոշակի հանդիպումներ իրականացնում է պետական մարմինների հետ, բայց դրանց արդյունքում ի՞նչ պատկեր ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում, ի՞նչ հարցեր են քննարկվում, ի՞նչ քայլեր են իրականացվում, և դրանք ինչպե՞ս են ազդում իրավական և քաղաքական գործընթացների վրա, ուղղակի զրո տեղեկացվածություն ունենք: Միգուցե նաև ոչ թափանցիկ գործունեությունն է պատճառը, համենայնդեպս, որևէ նկատելի աշխատանք այդ գերատեսչության կողմից չի եղել։

Երբ ռազմագերիներին վերադարձնելու հարցում պետության ներսում միասնական մոտեցում չկա կառավարության և այդ հարցով զբաղվող այլ ինստիտուտների միջև, մեկը մյուսից իրազեկված չեն և միմյանցից անջատ են գործում, հնարավո՞ր է հաջողության հասնել:

Աշխատանքը համակարգելու բաց կա, և այն որոշակի խնդիրներ է առաջ բերելու: Մենք նման անհամապատասխանություն տեսնում ենք արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի դիրքորոշումների մեջ։ Որոշ կառույցներ հայտարարում էին, որ այս տվյալները պետք է փակ պահվեն, որովհետև դրանց բաց լինելը վնասում է գործընթացին: Մինչդեռ քաղաքական ճնշման ձգտող կառույցները փորձում են ավելի հրապարակային խոսել դեպքերի մասին ու դրանով ակնկալել միջազգային կառույցների ներգրավվածությունը: Եթե դու թվեր, անձեր չես ներկայացնում, դժվար է միջազգային կառույցներին համոզել, որ խնդիր կա, և նրանք պետք է ներգրավվեն։ Այստեղ կար դիրքորոշումների տարբերություն, որը նաև ոչ պետական անձանց կամ կազմակերպություններին հնարավորություն չէր տալիս հետևողական գծի մեջ լինել։ Մենք աշխատում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ, որովհետև չենք կարող ՄԻԵԴ տարվող գանգատների կրկնություն թույլ տալ: Այս տեսանկյունից իրավական հարթակում համակարգումն ապահովում ենք, որպեսզի մեր շահերը չվնասվեն, բայց նույնը չենք կարող ասել քաղաքական կառույցների կամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ տարվող աշխատանքների մասին: Համոզված չենք, թե հետևողական գիծ կա որդեգրված, որ կարողանում են ճիշտ ձևով համակարգել այդ գործողությունները և ուղենիշներ տալ։

Ձեր կարծիքով, ռազմագերիներին և գերիներին վերադարձնելու հարցում Հայաստանն ինչո՞ւ չունի միջազգային կառույցների ակտիվ աջակցությունը: Օմբուդսմենը մեծ աշխատանք է կատարում եվրոպական տարբեր կառույցներում՝ տարբեր ամբիոններից հնչեցնելով, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը:

Առաջին պատճառը քաղաքական գործոնն եմ համարում, քանի որ միջազգային գործընկերները տեսան ռուսական կողմի միջնորդությամբ հարցերի լուծում, որոնք շատ ցավոտ էին հայկական կողմի համար, բայց հայկական կողմը գնաց դրան: Կարծես թե, համաձայնություն ձեռք բերվեց՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման գործընթաց կազմակերպելու հարցում: Վերջիններս ապավինեցին, որ այս ձևաչափը, եթե քաղաքական զգայուն հարցերում կենսունակ է եղել, պետք է որ կարողանա լուծել դրանից ածանցվող մարդասիրական խնդիրները։ Իսկ մարդասիրական խնդիրների լուծումը չունի բարդության այն աստիճանը, ինչ քաղաքականը: Հետաքրքրական է, որ հայկական կողմն առաջինն ինքն էր փոխզիջումների գնում, և հետո առանց այս մարդասիրական հարցը լուծելու շարունակում էր զիջումների գնալ և բանակցություններ վարել այդ հարթակում։ Այս պայմաններում չեմ կարծում, որ միջազգային կառույցները, իրենց հեղինակությունը կասկածի տակ դնելով, փորձեն ինքնուրույն ներգրավվածություն ունենալ այդ պրոցեսներում, երբ տեսնում են, որ մեկ այլ պետության հեղինակությամբ հարցեր են լուծվում։

Երկրորդը՝ հարցը քաղաքականացվեց հենց այդ բանակցությունների արդյունքում, ռազմագերիների վերադարձի հարցը թաքուն կերպով կապվեց քաղաքական օրակարգի խնդիրների հետ: Հայաստանի իշխանությունն ընդունեց, որ բանակցությունների ընթացքում ռազմագերիների հարցում չկարողացան դրական տեղաշարժ արձանագրել, սկսեցին խոսել սակարկությունների մասին: Դա վկայում է, որ իրենք էլ են ընդունել խաղի այդ կանոնները, որ ռազմագերիների հարցը կարող է փոխկապվածություն ունենալ քաղաքական օրակարգի հարցերին։ Դրա հակազդեցությունն այն պետք է լիներ, որ մեծ աղմուկ բարձրացնեին և Ադրբեջանին մեղադրեին պատերազմական հանցագործություն կատարելու մեջ, քանի որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը ևս համարվում է պատերազմական հանցագործություն: Մինչդեռ, ոչ թե ներգրավեցին միջազգային կառույցներին, որ դատապարտեն այս գործողությունները, այլ շարունակեցին այդ քաղաքական հարթակում ասել, որ մենք ձախողում չունենք, աշխատում ենք, վստահություն է ձևավորվում և այլն: Հիմա էլ չեն ասում, որ այդ հարցը այս հարթակում չի կարող բանակցությունների առարկա լինել, այլ շարունակաբար այդ հարթակում դեռևս բանակցություններ են վարում: Հարցի գերքաղաքականացումը, խաղի կանոնների ընդունումը, իմ կարծիքով, երկրորդ պատճառն է:

Եվ երրորդը՝ մենք դիվանագիտական ոլորտում չկարողացանք ժամանակին ճիշտ տեղեկատվություն մատուցել այն կառույցներին, ովքեր կապահովեին արագ արձագանք: Տեղեկատվության հավաքագրումը, մշակումը շատ դանդաղ էր տեղի ունենում, որը կապված էր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների անարդյունավետության հետ: Իրական խնդիրները նոր ենք հասանելի դարձնում միջազգային հանրությանը, և այս առումով կա որոշակի արձագանք: Ես կանխատեսում ունեմ, որ այդ արձագանքը կկոշտանա, ավելի կինտեսիվանա: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։

Ստացվում է, որ իշխանությունները քաղաքական դաշտում Ռուսաստանի Դաշնության հետ են հարցի լուծումը պատկերացնում, Օմբուդսմենը միջազգային կառույցներին է ապավինում, իսկ իրավապաշտպանները ՄԻԵԴ-ի միջոցով են ուզում հաջողության հասնել։

Ես ճիշտ եմ համարում բազմազանեցումը (դիվերսիֆիկացումը), որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ներգրավված է քաղաքական պրոցեսներում և, եթե այդ պրոցեսում խնդիրը չի լուծվում, հայտնվում ենք փակուղում։ Քաղաքական պրոցեսներով հարցի լուծումը մեծապես կախված է պետության դիրքավորումից և իր ձեռքի տակ եղած լծակներից։ Եթե հայկական կողմը սթափ գնահատեր իրավիճակը և գիտակցեր, որ Ադրբեջանի համար ամենացանկալին երկու դիվերսանտներն էին, որոնց վերադարձնելու համար պատերազմին նախորդող տարիներին Ադրբեջանը մեծ ռեսուրս էր գործադրել, իրենք այդ բանակցային ուժը պետք է պահեին հայկական կողմի ձեռքերում: Դիվերսանտներին հանձնեին, երբ վերադարձել էր վերջին հայը կամ, առնվազն, երբ Ադրբեջանը կբացահայտեր գերիների ամբողջ ցուցակը, հրապարակային կհայտարարեր, որ Ադրբեջանում պահվում են այսքան գերեվարված անձինք, որոնք գերու կամ ռազմագերու կարգավիճակ ունեն: Այս ձևով գոնե մեծ պաշտպանություն կտայինք այդ անձանց։ Հիմա հայկական կողմը հանձնեց բոլորին և դրա դիմաց ստացավ գերիների շատ փոքր քանակ, չկարողացավ նաև երաշխավորված, պաշտոնականացված տեղեկատվություն ստանալ։ Ինձ թվում է, որ բանակցությունների ժամանակ, երբ հայկական կողմը ճիշտ չի գնահատել և նվազեցրել է իր դիրքավորումը, իսկ Ռուսաստանն առնվազն պետք է չեզոք լինի, չէինք կարող ակնկալել, որ երաշխավորված է խնդրի լուծումը քաղաքական հարթակում: Այդ հարթակում մեր պարտության հավանականությունը հիմա շատ ավելի մեծ է՝ կապված մեր թույլ բանակցային հիմքով։ Դրա համար ես շատ գրագետ եմ համարում, որ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների հետ պարբերաբար մեծ աշխատանք է տարել Օմբուդսմենը, և սա մեզ համար քաղաքական հարթակի բազմազանեցման այլընտրանքն է, որը եթե չստեղծենք, հայտնվելու ենք փակուղում, և այս գործընթացը կարող է տարիներ տևել։

Ինչպես նշեցիք, ռազմագերիների վերադարձը ձգձգելը պատերազմական հանցագործություն է համարվում և պետք է որ խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար: Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում և քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը:

Այս քաղաքական օրակարգում զգայուն հարցեր կան, ընդհուպ հայկական զորքերի դուրսբերում Արցախի տարածքից, Կարմիր շուկայի ճանապարհի տրամադրում, որի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ Մարտունու տեսանկյունից բոլորովին այլ իրողություն է ստեղծվելու հայկական կողմի համար, նաև անկլավային խնդիրն ենք տեսնում այստեղ: Թեպետ չի բարձրաձայնվում, բայց այս գործընթացների հետևում, փաստացի, սահմանագծման աշխատանքներ են տարվում: Հասկանալի է, որ այս փուլերում, որքան էլ որ նախապես ստորագրված փաստաթղթեր կան, հայկական կողմը կարող է շեղել իր դիրքորոշումները կամ նույնքան պատրաստակամ չգտնվել զիջումների հարցում: Եվ որպես հնարավոր լծակ պահում են էմոցիոնալություն ունեցող այս զենքը, որն ինչ-որ իրավիճակում կարող են օգտագործել: Նշեմ, որ դա կարող է երկու իշխանությունների համար էլ ձեռնտու լինել, ընդ որում՝ փոխպայմանավորվածության արդյունք լինել: Եթե զիջումների գնալու ներքին տրամադրվածություն կա, բայց չկա անհրաժեշտ հանրային աջակցությունը, մարդկային տառապանքներն էսկալացնելով հետագայում կարող են այդ հանրային աջակցությունն ստանալ, որպեսզի բանակցություններում զիջումներ կատարելիս ավելի բարեհաջող դիրքում գտնվեն:

Այդուհանդերձ, իշխանությունը տիրապետո՞ւմ է, թե իրականում մենք ինչքան ռազմագերի և գերի ունենք: Իրավասու անձինք տարբեր թվեր են հրապարակում, ինչի՞ վրա են դրանք հիմնված:

Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի որևէ պետական մարմին իրավիճակի ամբողջական պատկերը չունի, և թվերը պայմանականություններ ունեն։ Հստակ մի քանի թիվ կա, որի մասին կարող ենք խոսել: Մեզ մոտ այս պահին հստակ է փաստացի հայրենադարձվածների թիվը, և Ադրբեջանի կողմից պաշտոնապես ընդունված գերեվարված անձանց ցուցակը։ Ինչ վերաբերում է այս պահին Ադրբեջանում պահվող և պետության կողմից չընդունվող գերիներին, այդ թիվը Հայաստանի իշխանությունները չեն ստուգել: Մենք ինքներս ձեռք ենք բերել անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքեր, որի տակ հասկանում ենք տեսանյութ, լուսանկար և ականատես՝ ստուգված այլ ճանապարհով: Դրա հիման վրա կարողանում ենք պնդել, որ պաշտոնականից զատ ունենք իքս քանակի հաստատված գերեվարված դեպքեր, որոնք անվիճելի են այդ տեղեկատվությունը կրող ցանկացած անձի և կառույցի համար: Միևնույն ժամանակ, ունենք ենթադրյալ գերեվարված անձանց ցուցակներ, որոնք դուրս են բերվում անուղղակի ապացույցների հիման վրա: Վերլուծվում է անձի մարտական գործողության մասնակցության վայրը և իրավիճակը, այստեղից դուրս եկած մարդիկ նկարագրում են մարտական գործողությունը, համադրում ենք որոնողական և նույնականացման աշխատանքների հետ, համադրում ենք նաև տեղանքը, թե որքանով էր հավանական գերեվարումը, դրա փոխկապակցվածության հիման վրա ենթադրություններ ենք անում հավանական գերեվարման մասով, և ցուցակները կազմում ենք։ Հարցն այն է, որ այդ ցուցակը կազմելուց հետո, կասկածելի դեպքերի մասով, ստուգողական աշխատանքներ պետք է արվեն։ ԱԱԾ-ն փորձեց տեղեկատվություն ստուգել, բայց չեմ ասի, թե դա շատ արդյունավետ էր և մեծ պարզություն մտցրեց: Դրա համար պետությունն այս պահին մեր կողմից կատարված աշխատանքի, Կարմիր խաչի հաստատումների, քննչական մարմինների գործողությունների արդյունքում կարող է մոտավոր գերեվարված անձանց ցուցակ ունենալ, բայց ոչ ավելին։

Անհետ կորածների մասով նույնպես ցուցակն արժանահավատություն չունի, քանի որ նույնականացումը պատշաճ չի իրականացվում՝ մեթոդաբանությունը չի պահպանվում։ Օրինակ՝ կա դեպք, երբ դիակը  հանձնել են հարազատներին, բայց նա դեռևս համարվում է անհայտ կորած, որովհետև, ըստ այդ ստանդարտի, պետք է նաև ԴՆԹ անալիզ լինի, բայց առանց ԴՆԹ-ի, զուտ ճանաչման հիման վրա դիակը տրամադրել են ընտանիքին։ Մեր փորձը վկայում է այն մասին, որ ընտանիքների էմոցիոնալ ֆոնը հասկանալով՝ սխալների մեծ հավանականություն կա: Ունենք դեպքեր, երբ մեկ տեսանյութի առնչությամբ 10, 20 և մինչև 30 ընտանիքներ են մոտենում և պնդում են, որ գերիների տեսանյութի տղան իրենցն է, և բոլորն էլ իսկապես ներքին համոզմունք ունեն: Նույն հոգեբանական վիճակով պայմանավորված՝ դա կարող է տեղի ունենալ նաև դիակների առչնությամբ. նրանք ուզում են հավատալ, որպեսզի աճյուն ունենան և դրանով մխիթարվեն: Երկրորդը՝ չեն հավատում, որ զոհվել է, դեռևս հույս ունեն, որ գերեվարված է, ինքնապաշտպանորեն հրաժարվում են իրենց պատկանող դիակից։ ԴՆԹ անալիզ չեն ուզում հանձնել, ասում են՝ մեր երեխան ողջ է, գերեվարված է, սա մեր դիակը չէ, մենք ԴՆԹ անալիզին չենք հավատում և այդպես թույլ չեն տալիս, որ պետությունն այդ միջոցով բացահայտի: Այսինքն, այս մասով մենք հուսալի տեղեկատվության, արժանահավատության խնդիր ունենք։

Մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, կառավարությունում գործում էր գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հաձնաժողով, որում, գերատեսչությունների ներկայացուցիչներից բացի, ներգրավված էին 5 հասարակական կազմակերպություններ: Սակայն պատերազմից հետո ստեղծվեց նոր միջգերատեսչական հանձնաժողով առանց նախորդը լուծարելու, որում չընդգրկեցին հասարակական կազմակերպություններին: Ձեր կարծիքով, ո՞րն էր պատճառը:

Կարծում եմ, շատ հստակ գիտակցում են բացթողումները, որը վերագրելի է հենց պաշտպանության ոլորտի քաղաքականությանը: Այդ հարցում մենք ավելի շատ քաղաքական տարր ունենք, քան ռազմագերիների հարցն է: Նրանց ցանկալի չի եղել այլ սուբյեկտների տեղեկատվության կրող դարձնել, որովհետև նրանք բացահայտված չարաշահումներն ընդհանուրի սեփականությունն էին դարձնելու՝ ձևավորելով նաև առանձին անձանց պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը: Ես թաքցնելու, կոծկելու մեջ եմ տեսնում միտումը, և դա մենք տեսանք նաև այլ դեպքերում: Մասնավորապես, զոհվածների թիվը չհրապարակելը, որը երբևիցե չի կարող գաղտնիք լինել, նույնը՝ անհետ կորածների մասով, նույնը՝ գերեվարվածների: Այսինքն, տեղեկատվությունը սահմանափակելու միտում եմ տեսնում, որպեսզի հովանավորվի որոշակի հանցավոր գործունեություն և ավելի անպատժելի միջավայրում կարողանան  խնդիրներ իրականացնել:

Ադրբեջանը մարտահրավեր է նետում Եվրոպական դատարանին, ՄԻԵԴ-ում Ձեր պայքարն ի՞նչ հանգրվանի է հասել:

ՄԻԵԴ-ում մենք կարողացանք ռազմագերիների նոր հաստատումներ ունենալ։ Եթե հունվարի սկզբին պաշտոնականացված դեպքերն ընդամենը 20-ն էին, հիմա գերազանցում են 70-ը: Կա մի գործընթաց, որտեղ դրական տեղաշարժ ենք ակնկալում. մենք և ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը բազմիցս նամակներ ենք հղել Եվրոպական դատարանին և ապացույցներ ենք ներկայացրել, որ Ադրբեջանը դատարանի՝ անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեք չի կատարում: Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկատվություն էր պահանջել բոլոր գերեվարված անձանց վերաբերյալ՝ բժշկական փաստաթղթեր, պահման պայմաններ, նաև հայրենադարձության պլան: Ադրբեջանն այս հարցումներին վերացական պատասխաններ է տալիս: Հիմնականում նշում է, որ շատ անձեր դեռևս չեն հայտնաբերվել նույնականացված գերիների մեջ և այդկերպ անորոշություն է ստեղծում: Բժշկական փաստաթղթերի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է տալիս, մեծամասամբ սահմանափակվում է դեկլարատիվ հայտարարություններով, թե իրենք հարգում են հումանիտար իրավունքը: Մենք բացահայտել էինք դեպքեր, երբ միտումնավոր խաբել են դատարանին, օրինակ՝ հայրենադարձված ռազմագերուց տեղեկություն ունենք, որ ինքը Բաքվում գտնվել է նոյեմբերի 20-ին: Բաքվի բանտում գտնվող գերեվարվածը չի կարող պետության համար անհայտ լինել, բայց դրան հաջորդող 3 գրություններով Ադրբեջանը դատարանին դեռ համոզում էր, որ նման անձանց չի կարողացել նույնականացնել: Մենք ցույց էինք տալիս, որ սրանք անհամադրելի դեպքեր են, հիմա մենք համադրել ենք և դատարանին բացահայտել ենք իրական միտումը: Ավելին, ինչ-որ փուլում տակտիկական հնարք գործադրեցինք և ասացինք՝ եթե մեր նույնականացված անձինք չեն համընկնում Ադրբեջանի նույնականացման հետ, հակառակ տրամաբանությամբ գնանք՝ մենք ձեզ տալիս ենք լուսանկարներ և տեսանյութեր, դուք ասեք, թե նրանք ովքեր են: Ում նույնականացրել եք՝ նրան տվեք: Նաև ունենք դեպք, երբ բացահայտել ենք գերեվարության ընթացքում անձի սպանություն, այն անձի, որը գտնվել է ՄԻԵԴ-ի պաշտպանության ներքո: Սա արդեն իսկ մարտահրավեր է Եվրոպական դատարանին: Այս ապացույցները ներկայացրել ենք և պահանջել, որպեսզի հարցն անպայման ուղարկվի Նախարարների կոմիտե:

Նախարարների կոմիտեն (ՆԿ) ներգրավվում է վերջնական վճիռների կատարման պրոցեսում, միջանկյալ միջոցների մասով այն ունի սահմանափակումներ, և պետք է իրավիճակը բացառիկություն ունենա, որպեսզի այս փուլի կատարումն ուղղվի ՆԿ-ին: Մենք ցույց ենք տվել այդ հանգամանքների բացառիկությունը և պահանջում ենք, որպեսզի հարցը քննի ՆԿ-ն: Դրդապատճառներից մեկն էլ հարցի քաղաքականացումն է՝ Եվրոպական դատարանը միայն իրավական գործիքակազմով չի կարող զբաղվել մի խնդրով, որն արդեն ունի մեծ քաղաքական կոնտեքստ: Եթե ցանկանում ենք այս հարցը լուծել, ուրեմն պետք է ներգրավենք քաղաքական մարմիններին, որպեսզի պաշտպանենք նաև դատարանի հեղինակությունը: Չեմ բացառում, որ հարցը կփոխանցվի ՆԿ-ին և ակնկալում ենք, որ կոմիտեն քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները:

Ըստ էության, պատերազմի ավարտից հետո քանի՞ գործով եք դիմել ՄԻԵԴ, կամ  Հայաստանից ռազմագերիների վերաբերյալ քանի՞ դիմում է ներկայացվել: Այսօր ռազմագերիների ի՞նչ թվի մասին կարող ենք խոսել:

Հայաստանից մենք և կառավարությունը համատեղ շուրջ 250 անձի առնչությամբ գործընթացներ ենք իրականացնում: Դրանցից 65-ը հայրենադարձվել են, նրանցից 59-ը պատերազմի ժամանակ գերեվարվածներն էին: Այս պահին ՄԻԵԴ-ի գործընթացներով ունենք 73 հաստատված անձ, որը Ադրբեջանն ընդունում է, որ ողջ են, բայց նրանց այլ կարգավիճակ են փորձում տալ, որպեսզի վերադարձի գործընթացի մաս չդարձնեն: Մնացածը մեզ համար ենթադրյալ գերիներ են, սակայն նրանցից շուրջ 50-ի հետ կապված ևս ունենք անհերքելի ապացույցներ: Մեր տեղեկություններով, Ադրբեջանն այս պահին ոչ թե պետք է հաստատեր 73-ին, այլ առնվազն 130-ին: Ունենք գործեր, որոնց շուրջ կարող ենք վիճել, դրանց հետ կապված առնվազն դատարանին կարողացել ենք շեմեր հաղթահարելով ցույց տալ, որ ավելի մեծ է գերեվարման, քան մարտի դաշտում զոհվելու կանխավարկածը:

Խոսքը Խծաբերդից գերվարվածների մասի՞ն է, որոնց Ադրբեջանի նախագահը հայտարարեց քրեական հանցագործներ և սպառնաց պատասխանատվության  ենթարկել: 

Այո, Խծաբերդից գերեվարվածներն ի սկզբանե ներկայացվել են ահաբեկիչներ, բայց նրանց վերաբերյալ Ադրբեջանը հետևողական գիծ չունի: Այդ 62 գերեվարվածներից 8-ին արդեն վերադարձրել են, մնացել է 54-ը, ևս 19 հոգի այլ վայրերից գերեվարվածներն են: Դա վկայություն է, որ այստեղ մանիպուլյացիայի և պրոպագանդայի տարր կա: Միջազգային ստանդարտներն արգելում են կամայականությունը, եթե նույնական կարգավիճակում գտնվող անձինք արժանացել են կոնկրետ վերաբերմունքի, ապա համանման իրավիճակում գտնվող անձինք նույնանման վերաբերմունքի իրավունք ունեն: Այսպես կոչված, կամայականության չարաշահման արգելքն է, և հետագայում Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու հիմնավորելը, որ նրանք ահաբեկիչ լինելու հիմքով չեն վերադարձվել: Մենք նման դեպք ունեցել ենք նաև այլ անձանց դեպքում. տարեց Ջոնիկ Թևոսյանը, որը մահացավ վերադարձվելուց հետո, ադրբեջանական մամուլում ներկայացվում էր Խոջալուում պատերազմական հանցագործություններ կատարած անձ: Նա տարիքի պատճառով չէր կարողացել լքել բնակության վայրը: Դրա համար հրապարակային հայտարարությունների, մեդիա լրահոսի և փաստացի իրավիճակի մեջ մեծ խզում կա: Կարծում եմ՝ դժվար է լինելու հիմնավորելը, որ Խծաբերդից գերվարվածները հանցագործներ են:

Վերադարձած գերիները պատմո՞ւմ են, թե ինչպիսին է եղել իրենց նկատմամբ վերաբերմունքը՝ բռնություններ, խոշտանգումներ և այլն: Ինչպե՞ս եք օգտագործելու այդ փաստերը: 

Իհարկե, նրանք ներկայացնում են եղելությունը, ուղղակի տարբեր հոգեբանական վիճակում գտնվող անձինք են, նաև վախերի ազդեցության տակ են գտնվում: Կան մարդիկ, որոնք  իրենց առնչությամբ չեն պատմում, բայց ասում են, թե տեսել են՝ ինչպես էին ուրիշների նկատմամբ դա անում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք այդ պատմությունները ներկայացնում են ուրիշների առնչությամբ, բայց դրանք իրենց հետ կատարված դեպքեր են: Շատ բաներ փորձում են մանրամասնորեն չասել, հատկապես, եթե դրանց հանրայնացումը կարող է խնդիրներ առաջացնել հետագա կյանքի համար: Որոշ մարդիկ էլ վախենում են մանրամասներ պատմել, որովհետև այնտեղ նրանց սպառնացել են, որ կայցելեն իրենց: Վրեժխնդրության վախը տանն էլ զգում են և փորձում են ավելորդ գլխացավանքի մեջ չընկնել: 

Սակայն, նրանց ասել ենք, որ այն, ինչ ասել եք՝ պարտադիր պետք է ստուգենք, ճշտենք, որպեսզի հետամուտ լինենք ձեր գանգատին, և դուք պետք է պատասխանատու որոշում կայացնեք՝ հետևողակա՞ն եք սեփական իրավունքների պաշտպանության հարցում, թե՞ հանդուրժում եք ձեր նկատմամբ կատարվածը: Բացառությամբ մեկ դեպքի, բոլորը հետամուտ են եղել և հետևողականություն նրանց կողմից տեսնում ենք: Եղած ապացույցները բավարար են, որպեսզի համադրենք նաև բժշկական ապացույցների հետ և կարողանանք խոսել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի սիստեմատիկ պրակտիկայի մասին: Մենք փաստահավաքություն ենք արել, ամբողջական պատկերն ունենք և առաջիկայում զեկույց կհրապարակենք:

Հայրենադարձված գերիների մեջ կա՞ն մարդիկ, որոնք վերադառնալուց հետո  հիվանդանոցներում բուժում են ընդունել: 

Կան մարդիկ, որ արդեն մահացել են, կան մարդիկ, որոնք գտնվում են կայուն բժշկական հսկողության ներքո և կան մարդիկ, որոնք առավել ինտեգրված են բնականոն կյանքին, բայց կան նաև հոգեբանական խնդիրներ ունեցողներ, որից ապաքինումը երկարատև է: Մեր զրույցներից հասկացել ենք, որ մեծ վախեր են ունեցել, թե հայրենիք վերադառնալուց հետո մեկուսացված են լինելու, հանրությունն իրենց մերժելու է, և դա ավելի մեծ տառապանք է պատճառելու, քան տեղի է ունեցել Ադրբեջանում: Նրանց համար կյանքի նկատմամբ հավատի վերականգնման կարևոր ինդիկատոր է եղել մեր հասարակության բաց ընդունելությունը: Եթե դա չլիներ, կյանքի հետագա իմաստավորումը մեծ բարդություններով էր ուղեկցվելու: Շատերի համար նաև ստորացուցիչ էր, որ ի դեմս իրենց՝ հայ զինվորը ծնակաչոք է եղել ադրբեջանցի զինվորի առջև, և մի քանիսը նույնիսկ արտահայտություններ արեցին, թե մենք մեր կյանքը խնայելու համար նրանց առաջ կռանալով՝ երկարաժամկետ հետևանք ենք թողել մեր հասարակության վրա: Բոլորի ենթագիտակցության մեջ հիմա նստած է պարտված հայ զինվորը ադրբեջանցու դիմաց և հատկապես այն ընտանիքները, որտեղ զինվորականներ են եղել, որոնց ծնողները պատերազմում հաղթել են, մտածել են, որ աններելի է իրենց կյանքը փրկելը նման ստորացուցիչ պայմաններում: Սակայն մեր փոխըմբռնումը, զիջողական մոտեցումը շատ է օգնել նրանց վերականգնվելուն:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ինչպե՞ս են արձագանքում ռազմագերիների հարցին, աշխատո՞ւմ եք նրանց հետ: 

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները տարբերակված մոտեցում ունեն կողմերին: Օրինակ՝ «Հյումն րայթս վոտչ»-ը (Human Rights Watch) շատ պրոֆեսիոնալ է աշխատում և չի տրվում քաղաքական գերշահերի, օբյեկտիվ իր աշխատանքն է կատարում, բայց «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպությունը խայտառակ մեթոդաբանությամբ է գործում: Նրանք լուսաբանում  են միայն այն հարցերը, որտեղ կարող են զուգահեռներ լինել հայերի և ադրբեջանցիների միջև: Մեծ ուրախությամբ լուսաբանում են քաղաքացիական բնակավայրերի և բնակչության շրջանում եղած վնասներն ու զոհերը, որտեղ թվային առումով Ադրբեջանն էլ զոհեր ունի: Բայց այն հարցերը, որոնք բացառապես հայ զոհերին են վերաբերում, չտեսնելու է տալիս: Ընդ որում, փաստական տվյալներն էլ շատ դեպքերում շատ վատն են: Օրինակ՝ իրենց զեկույցներից մեկում գրել էին, որ ընդամենը 22 տեսանյութ կա, որտեղ խոսվում է գլխատումների և սպանությունների դեպքերի մասին, այն դեպքում, երբ գրավոր նրանց տեղեկացրել էինք, որ հայերի հանդեպ ադրբեջանցիների հանցագործությունների մասին վկայող շուրջ 60 տեսանյութ կա արդեն մեր ձեռքի տակ:

Շատերը ձևական առումով այցելում են երկու երկրներ, բայց «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը նախ Ադրբեջան էր այցելել, այնուհետև հրապարակված նյութով եկել էր Հայաստան: Ակնհայտ էր, որ կա պատվեր և կողմնակալ մոտեցում: Նույնիսկ եթե լուսաբանում են, որովհետև չեն կարող պրոցեսներից դուրս մնալ, վերցնում են այն հարցերը, որտեղ Ադրբեջանն ասելիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter