HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով նախաքննությունը ոչ թե քննիչ Արթուր Այվազյանն, այլ, փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է իրականացրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանների փաստաբաններից Գեորգի Մելիքյանը՝ հիշեցնելով, որ մեղադրանքի ձևակերպումը բացառապես քննիչի լիազորությունն է, անգամ քննչական խմբի ղեկավարը չի միջամտում դրան։

Հիշեցնենք, որ 168.am-ը հրապարակել է տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն է։ Տեսանյութի աջ կողմում երևում է, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն ազգանունով օգտատիրոջ կողմից։

Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը վերաբերում է նրանց ընտանիքին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ դեպքին։

Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասում է՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։

«Փաստորեն, քաղաքական իշխանությունը բարձրաձայն գոռում է, թե արդարություն, արդարադատություն է ուզում, բայց իրենք են միջամտում քաղաքական այսպիսի գործերին»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ նման գործելոճը անվանելով «մաֆիային բնորոշ»։ Պաշտպանը վստահ է, որ Աննա Վարդապետյանին այս գործին միջամտելու ցուցում Նիկոլ Փաշինյանն է տվել։

Նշենք, որ տեսանյութի հրապարակումից հետո Աննա Վարդապետյանը որևէ կերպ դրան չի արձագանքել։ Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև պաշտպան Մակինյանը։ Այս պահին դեռևս հայտնի չէ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Ամրամ Մակինյանն ասում է, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո պետք է քրեական գործ հարուցվեր, առգրավվեին համակարգիչներ՝ հնարավորություն չտալով, որպեսզի ապացույցներ ոչնչացվեն։

Պաշտտպանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս են ծանոթացել քննիչն ու վարչապետի օգնականն ու նշում, այս իրենց՝ պաշտպաններն այս հարցի պատասխանն ակնկալում են ստանալ Քննչական կոմիտեի նախագահից։

Լուսանկարում՝ Ռուբեն Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter