HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քարոզարշավի մեկնարկը տրվեց

Այս պահից մեկնարկում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մինչև մայիսի 5-ը քաղաքական ուժերն ու 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված թեկնածուները հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը:

Ինչպես հայտնի է, համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Հովիկ Աբրահամյանը: Կուսակցության կարգախոսն է՝ «Հավատանք, որ փոխենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն է: ԲՀԿ-ն ունի մի քանի կարգախոս՝«Միասին կառուցենք բարգավաճ երկիր», «Մեր խոսքը գործ է», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք», սակայն այս ընտրություններին հիմնական կարգախոսը լինելու է՝ «Հավատա, վստահիր, պահանջիր»:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է ՕԵԿ փոխնախագահ, պատգամավոր Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»:

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ընտրություններին մասնակցում են մեկ միասնական ցուցակով: Նրանց միասնական շտաբը ղեկավարելու է «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Հիմնական կարգախոսն է՝ «Գալիս ենք…»: Ունեն նաև մի քանի այլ նշանաբան՝ «Միասին սարեր ենք շարժելու», «Միշտ ժողովրդի կողքին» և «Աշխատանք, ոչ թե ողորմություն»:

Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանն է, իսկ կուսակցության նախընտրական կարգախոսն է՝ «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Զուրաբյանը: Կարգախոսը լինելու է՝ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է հենց կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: ՀԿԿ-ի կարգախոսն է՝ «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարումը վստահվել է կուսակցության նախագահության անդամ Լյուդմիլա Ազիզյանին: Կուսակցությունն ունի երկու կարգախոս՝ «Եթե արդարություն, ապա Դեմկուս» և «Ես մենք ենք»:

«Միավորված հայեր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակության նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Այս կուսակցությունը որոշել է ընտրություններին գնալ միանգամից երեք կարգախոսով՝ «Ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն», «Կյանքի կոչենք ազգին ծառայող իրավունքի գերիշխանությունը» և «Հայեր, միացեք, միացեք իրավական երկրում»:

Մեկնաբանություններ (2)

gayane
ՀՀԿ «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ «Հավատա, վստահիր, պահանջիր»,ՕԵԿ «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»... Երևում է հավատալու հետ պրոբլեմ ունեն: Եթե անընդհատ կրկնեն հա վա տա, հա վա տա, հա վա տա, հա վա տա գուցէ իրենք գոնե, սկսեն հավատալ իրենց:
ara
Ողջյունում եմ մեկնարկը, ցանկանում հաջող ընթացք, ծեծկռտուքից հեռու ընտրապայքար: Մենք ապրում ենք բարդագույն ժամանակներում և ունենք մեկ տարբերակ` փրկել մեր ազգն ու պետությունը առաջիկայում սպասվելիք գործընթացներում: Պետք է ոչ ասել այն ստրուկին, ով իր անձնականը վեր է դասում ազգի շահից, ով խոզի պես լափելով կորցրել է մտածողության ունակությունը, գուցե չի էլ ունեցել, ով ուրիշներին նսեմացնելով նյութական կուտակումներ է ձեռք բերել, ով փողոց է նետել գրագետ ու կրթված մարդկանց, ով կույր գործիք է հանդիսացել և ընտանիքներ դժբախտացրել, ով ստել է պետությանն ու ժողովրդին ծառայություն բերած պաշտոնավորներին, ով ամեն օր կոռուպցիայից ու թալանից է խոսում, բայց ամենից շատը հենց ինքն է թալանում ու որբացնում հայ մանուկին, ով երեխային գիտելիք տալու փոխարեն առիթը բաց չի թողնում անմեղ մանուկի ձեռքից դրամ հավաքելու համար, ով լկտի ու փողոցային հայհոյանքներով օժտված խոսքերով է հաղորդակցվում իր ստորադասների հետ, ոչ պետք է ասել իշխանությունից կուրացածներին, խուժան ոհմակներին, այս կամ այն գաղափարախոսությունը դրսից բերածներին, ով որ հույսը կապում է այլ երկրների փողերի հետ, ով որ որոճող տավարի անտարբերությամբ է նայում հագուստի ու կոշիկի պակասության պատճառով դպրոց չհաճախող երեխաներին, նրան, ում համար Հայրենիքն սկսվում է բերանից և ավարտվում հետանցքով: Պետք է ոչ ասել մեր ազգի պատմությունը չիմացող այն ստահակին, ով իր մարտնչող բթությամբ փորձում է ինչ-որ բարքեր ձևավորել, այն մտավորականին պետք է ոչ ասել, ով ոչ թե ստեղծագործում է, այլ շինում` մրցանակներ ձեռք բերելու նպատակով: Հարգելի ընտրող, խոսիր ինքդ քեզ հետ, քո սրտի, քո մեծերի, քո նահատակների հետ, հիշիր որ նրանցից շատերը զոհ են դարձել ապիկար ու տականք պաշտոնավորի գործելաոճին, հիշիր թե քո հարազատներից քանիսն են տնավեր ու բնավեր եղել, ու դեռ քանիսն էլ պատրաստվում են թողնել այս հիասքանչ ու շենացնող հողը: Նրանք ովքեր ասում են, որ մենք ծախվող ենք, ընտրությունների ժամանակ փողին կուլ գնացող ենք, դրանք սեփական ծնողին թուրքին վաճառող են, մենք լավ ազգ ենք, մենք բացառիկ ընդունակություններով օժտված ազգ ենք, մարդկությունը մեր ու մեր նմաների կարիքն ունի: Ուրեմն գնանք ընտրության մեր ազատության ու մեր պատվի համար: Ընտրություններին դրամ վերցնելը թող որ ձեզ խցիկում չկուրացնի: Խորենացու Ողբ -ը մեկ անգամ էլ կարդացեք, մի թողեք որ ձեր երեխաների վիզը ծուռ մնա: Ամենապահապան Աստված ձեզ ուղեկից և ազատության ուղենիշ.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter