HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Ղարաբաղցյանը հինգ ամիս անց է միայն իմացել ամուսնու զոհվելու մասին

Աստղիկ Ագոբյան

«Հենզել» գրությամբ ժապավենը ծածանվում է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մուտքին:  Ժապավենի վրա գրված է նաև Արցախում 2020-ին զոհված երկու այլ զինվորի անուն: Հայկական բանակի 39-ամյա դիպուկահար Հենզել Բաղդասարյանն ընտանիքին չի տեղեկացրել ռազմաճակատ մեկնելու մասին: Սեպտեմբերի 27-ին՝ մեկնելուց առաջ, ասել է, թե գնում է Երևանից պատերազմին օժանդակելու: Ավելի ուշ կինը՝ Անուշ Ղարաբաղցյանը, ընկերներից տեղեկացել է, որ նա կռվում է Արցախում: Երբ պատերազմն ավարտվեց, Անուշը չգիտեր՝ ամուսինը ո՞ղջ է, թե՞ ոչ։

Մարմնի ճանաչման նպատակով նա, ամուսնու մայրը և դուստրը արյուն և ԴՆԹ են հանձնել: Մարտի 1-ին` հինգ ամսվա անորոշությունից հետո, ընտանիքն, ի վերջո, ստացավ նրա դին: Հենզելին հուղարկավորել են Պառավաքարում` մխիթարվելով, որ գոնե պատշաճ հոգեհանգիստ են կատարել, հողին հանձնել: Նա նախատեսել էր չորս տարուց դուրս գալ բանակից: Հենզելը կնոջ և 3 երեխայի հետ ապրել է Չարենցավանում: Նա մանկությունն անցկացրել է Ադրբեջանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Պառավաքար գյուղում:

«1990-ականներին հրետակոծեցին մեր տունը, մի մասն ավիրվեց»,- հիշում է Հենզելի մայրը՝ Ռոզա Պետրոսյանը: «Պատերին առ այսօր կարելի է տեսնել հրազենային հետքեր: Այդ ժամանակ Հենզելը ինը տարեկան էր, բայց հրաժարվեց լքել գյուղը: Նա անմիջապես հարցրեց` ո՞վ է ավիրել իմ տունը, ասացի` ինչու՞, ասաց` վրեժս կլուծեմ»:

Այդ օրվանից Հենզելը որոշում է իր կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Զինվորական ծառայության ավարտից հետո նա մնում է բանակում և դառնում պրոֆեսիոնալ դիպուկահար: Ընտանիքը շատ բան չգիտեր նրա մասնագիտական կյանքի մասին: «Նա ներկա չի եղել իր երեխաների ծննդյան օրերին, կյանքի առօրյա բոլոր իրադարձություններին,- պատմում է Անուշը։- Նույնիսկ մեկնել է Չինաստան` հինգ ամսվա ռազմական դասընթացների: Միշտ զանգում էր, մտածում էր մեր մասին, բայց նրա առաջնահերթությունը մեր ազգի անվտանգությունն էր: Ես երբեք այսպիսի հայրենասեր ու Հայաստանին նվիրված մարդ չեմ տեսել»:

Նրա երեխաներից Վիգենը շուտով կդառնա տասնհինգ տարեկան: Վահագնը տասներեք տարեկան է, իսկ դուստրը՝ Սոսեն, չորս տարեկան է: «Ես որդուս խնդրեցի իր աղջկա անունը դնել Ռոզա, բայց նա հրաժարվեց: Սկզբում ես վրդովվեցի, նա ասաց, որ նրան կկոչի ֆիդայի Սոսե մայրիկի անունով», - պատմում է տիկին Պետրոսյանը:  Սոսեն սիրում է հագնել ռազմական մոտիվներով հագուստ, նմանվել հորը, ցանկանում է աշխատել նրա հետ: Սոսեն շատ փոքր է՝ հասկանալու համար, որ հայրն այլևս չի վերադառնա: «Սովորական վերնաշապիկներ չէր հագնում»,- հիշում է Անուշը:

«Հագուստը պետք է ցույց տար հայ հերոսների դեմքը, ինչպիսիք էին` Գարեգին Նժդեհը կամ Մոնթե Մելքոնյանը»,- բացատրում է հերոսի այրին: Անուշն ու երեխաները Կառավարությանը չեն դիմել որևէ ֆինանսական օգնություն ստանալու համար, տեղյակ չեն որևէ օգնությունից: Անուշը չի աշխատում, ամուսնու կենսաթոշակը նրա մահից հետո չի ստանում: Ընտանիքն այսօր չի կարողանում տան վարձը տալ: Երբեմն գալիս են Պառավաքար՝ Ռոզայի մոտ, ով համեստ կյանքով ապրում է գյուղում:  Երբ սկսում են հիշել Հենզելի երգն ու կատակները, ժպիտը լուսավորում է բոլորի դեմքերը: «Նա շատ կատակասեր էր »,-ասում է Անուշը:

«Ցանկացած բարդ իրավիճակում, կամ երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան էր ասում, մենք պարզապես սպասում էինք նրա արձագանքին, կատակին»: Հենզելը նաև լավ երգիչ էր, և նրա որդին՝ Վահագնը, ժառագել է այդ շնորհը: Երբ թոռնիկը երգում է, տիկին Պետրոսյանը չի կարողանում զսպել արցունքները: «Շատ է նման հորը»,- ասում է նա: «Երեխայի կորուստն ամենավատ բանն է, անկասկած, որ կարող է մեկին պատահել,- ասում է Հենզելի մայրը:- Ես պարզապես փորձում եմ հավատալ, որ նրան նվիրել եմ մեր հայրենիքի գոյատևման համար»:

Նույնիսկ պատերազմից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության պայմաններում, Ռոզա Պետրոսյանը չի ուզում լքել գուղը: 

Անուշը հույս ունի, որ իր ամուսնու հիշատակը կհարատևի: «Նա իսկական հերոս էր: Իր կյանքը տվեց այս երկրի համար, և ես ուզում եմ, որ մարդիկ դա հիշեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter