HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ճոպանուղու ծրագիրը չի ստացվում․ Նոր Նորքի փոխարեն քննարկվում է Հաղթանակի զբոսայգի-Կասկադ ուղղությունը

Երևան քաղաքում նոր ճոպանուղի կառուցելու քաղաքային իշխանության և կառավարության ծրագրերը, առաջ չգնալով հանդերձ, փոխվում են։ Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները ճոպանուղու միջոցով միմյանց կապելու սկզբնական տարբերակի փոխարեն քննարկվում է Հաղթանակի զբոսայգին Կենտրոնին (Կասկադ) կապող ուղղությունը։

Երևանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Դրանում փոքրիկ անդրադարձ կա Երևանի ճոպանուղու կառուցման ծրագրին։ 

Ըստ քաղաքապետարանի՝ 2020թ.-ին որոշ աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի Նոր-Նորքի զանգվածը կենտրոն վարչական շրջանի հետ կապող տրանսպորտային միջոցի՝ նոր (բազմամոդուլ) ճոպանողու ստեղծման ներդրումային ծրագրի ուղղությամբ։ 

Երևան համայնքին կառավարությունը ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով «Ճոպանուղի Երևանի համար» ծրագրի համար մրցութային փաթեթի գործողությունների և ժամանակացույցի ծրագրային առաջարկը։ Քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցել փաթեթի պատրաստմանը և ժամանակացույցի մշակմանը։

Բացի սրանից, ևս մեկ իրադարձություն է տեղի ունեցել ճոպանուղու շուրջ։ 2020թ.-ի դեկտեմբերի 10-ին վարչապետի աշխատակազմը քաղաքապետարանին է ուղարկել ճոպանուղու բոլորովին այլ երթուղու առաջարկ։ Որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, այդ առաջարկը մեջբերում ենք․

«Երևան քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ փաթեթների շրջանակում ներկայացված առաջարկ, մասնավորապես՝ Հաղթանակի այգի Երևանի ճոպանուղու հայեցակարգ Կասկադ համալիրի տարածքում թանգարանի և հարակից հատվածի կառուցապատման հայեցակարգ Երևան քաղաքի զարգացման ծրագիր (քաղաքում զբոսաշրջային տեսարժան, բարձրորակ հանրային տարածքներով վայրերի ստեղծում)»։ Այսինքն, կառավարությունն առաջարկում է Նոր Նորքը Կենտրոնին կապելու փոխարեն Հաղթանակի զբոսայգին ճոպանուղով Կենտրոնին կապել։ 

2019թ.-ի մայիսին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ 2020 թ.-ին կսկսվի ճոպանուղու շինարարությունը։ Այն Նոր Նորքի 2-րդ զանգվածը պետք է կապեր Աբովյանի պուրակին հարող տարածքին։ Երևանի զարգացման 2020թ.-ի ծրագրում ամրագրվեց ճոպանուղու ծրագիրը` որոշ մանրամասներով։

«Նոր (բազմամոդուլ) ճոպանողու` որպես այլընտրանքային տրանսպորտի ձևի ներմուծման, տրանսպորտային հոսքերի բեռնաթափման՝ Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնի հետ կապող տրանսպորտային միջոցի ստեղծման նպատակով ուսումնասիրվել են ավստրիական «Դոպելմայեր» ընկերության կողմից կազմված նախնական հաշվարկները և ֆինանսավորման ու պարտադիր պայման հանդիսացող պետական սուվերեն երաշխիքի տրամադրմանը վերաբերող հարցեր։ Համատեղ քննարկումներ են անցկացվել 2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Ներկայումս ճշտվում են կայարանների տեղերը, ուղղությունները, տրամադրված տոպոգրաֆիական հանույթների ճշգրտմամբ առավել կհստակեցվեն ուղիները»։

Եվ ահա 2020թ.-ի ծրագրի հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա «Դոպելմայեր» ընկերության մասին։ Ավելորդ է ասել, որ խոսք չկա նաև կառուցման ժամկետի, կայարանների տեղերի մասին։ Իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս 2020թ.-ի մարտին հայտարարում էր, որ ակտիվ բանակցություններ են ընթանում «Դոպելմայեր» ընկերության հետ։

Հաղթանակի զբոսայգուց ուղիղ գծով մինչև Կասկադի ստորին հատված 600 մետր է, իսկ Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչև Աբովյան պուրակ՝ 4.5 կմ (4500 մետր)։ 

Հ․Գ․ Դեռևս 2017թ.-ին Հաղթանակի զբոսայգուց դեպի Կասկադ համալիր ճոպանուղի կառուցելու ծրագրեր ուներ «Սիլ կոնցեռնի» համահիմնադիր Խաչատուր Սուքիասյանը: Այդ ժամանակ վերջինիս խոսնակը չէր բացառել, որ Երևանում ճոպանուղին կարող է կառուցվել Սուքիասյանի միջոցներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter