HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում ցույցեր են ընդդեմ Նամախվանի հէկի կառուցման

Մի քանի հազար մարդ, այդ թվում նաև քաղաքացիական ակտիվիստներ, կիրակի օրը՝ մարտի 14-ին, հավաքվել են Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Ռիոնի գետի կիրճում Նամախվանի հիդրոէլեկտրակայանի շինարարության դեմ: Այդ մասին գրում է TACC-ը։

«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշման չեղարկումն է, որով ենթադրվում է Ռիոնի կիրճի հանձնում արտասահմանցի ներդրողի։ Երկրորդ պահանջը ENKA ընկերության հետ պայմանագրի լուծարումն է, որը զբաղվում է հէկի կառուցմամբ։ Երրորդը մենք պահանջում ենք չեղարկել 2015 թվականի համապատասխան փաստաթղթերն ու պահանջում (էկոնոմիկայի) նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականը»,- լրագրողներին հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Վարլամ Գոլետիանին։

Ցուցարարների խոսքերով՝ նրանք Տուրնավայի հրաժարականը պահանջում են այն պատճառով, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով ձեռնարկված բանակցություններն անարդյունք են ավարտվել։ Ցուցարարները նաև պահանջում են, որ խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցման հարցը որոշվի հանրաքվեի ճանապարհով։ Նրանք հայտարարել են, որ եթե իրենց ձայնը լսելի չլինի կառավարության համար, ապա հաջորդ բողոքի ակցիան կկայանա Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև։

Զուգահեռաբար, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ են բերվել Քութայիս։ Ոստիկանները գտնվել են Ռիոնի կիրճում, որտեղ շինհրապարակի մոտ, արդեն չորս ամիս է վրաններում գիշերում են ցուցարարները։

Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցումը հետաձգվում է 2009 թվականից՝ տեղի բնակչության ցույցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի պատճառով։ Հէկի կառուցումը, որի նախագծային հզորությունը կազմում է 460 մվտ, սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցումն իրականացնում է թուրքական ENKA Insaat ve Sanayi A.S. ընկերությունը, իսկ ներդրումների ծավալը կազմում է 800 միլիոն ԱՄՆ դոլար։

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter