HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան անարձագանք է թողել Բայդենի վարչակազմի կողմից կապեր հաստատելու փորձերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին դեռևս չի հաջողվում դիվանագիտական ալիքներով կապ հաստատել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Ինչպես պարբերականին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը, որը նախընտրել է չբացահայտել ինքնությունը, Բայդենի վարչակազմը փետրվարի կեսերից փորձում է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ, այդ թվում նաև Փխենյանում ՄԱԿ-ի առաքելության միջոցով։ Այդուհանդերձ, փորձերը հաջողություն չեն ունեցել։ 

Reuters-ը գրում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից շփման փորձերից հրաժարումը ամերիկյան կողմի մոտ մտահոգությունների առիթ է տալիս։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մարտի վերջին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի այց Հարավային Կորեա և Ճապոնիա։ Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ակտիվ շփումները դադարեցվել են գրեթե մեկ տարի առաջ՝ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում։ Աղբյուրը չի նշել, թե ինչն է դարձել շփումների դադարեցման պատճառ։ 

2018 թվականին Դոնալդ Թրամփը դարձել էր ԱՄՆ առաջին նախագահը, որը հանդիպել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Հունիսի 30-ին կայացած հանդիպումից առաջ և հետո նշվում էր երկու երկրների հարաբերությունների նոր փուլի մասին։ Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ ԿԺԴՀ-ն կհամաձայնվի միջուկային զինաթափման։ 2021 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ Բայդենի վարչակազմը դեռևս չի հայտարարել, թե ինչպիսին կլինի ամերիկյան քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ։

Լուսանկարները՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter