Ռազմական դրությունը չեղարկելու նախագիծը կրկին մերժվեց
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց ընդդիմության` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ սա արդեն նմանատիպ երրորդ նախագիծն է, որն ընդդիմությունը հեղինակում է, քաղաքական մեծամասնությունը` մերժում:
Նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ում համոզմամբ` ռազմական դրությունն ամբողջ ծավալով չի համատասխանում ստեղծված իրավիճակին, և հանդիսանում է լուրջ խոչընդոտ քաղաքական զարգացումների համար: Պատգամավորը կոչ արեց ընդունել նախագիծը և լիագումար նիստի ժամանակ քննարկել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ըստ ընդդիմադիր պատգամավորի արդյոք ռազմական դրությունը խանգարում է քաղաքական զարգացումներին: Քոչարյանը հիշեցրեց, որ թեև Բաղրամյան, թե՛ Դեմիրճյան փողոցները փակ են, ընդդիմությունը որքան ուզում, հանրահավաքներ է հրավիրում:
Աբովյանն արձագանքեց` ռազմական դրության պահպանումն ունի միայն քաղաքական բնույթ, պահպանումը ոչ միայն կարծիքի արտահայտմանն է խանգարում, այլև իրավական գործընթացին, օրինակ` վարչապետի հրաժարական ռազմական դրության ժամանակ հնարավոր չէ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խնդրեց քաղաքական գործընթացների օրինակներ, ծրագրեր ներկայացնել, որոնց իրականացմանը խանգարում է ռազմական դրությունը: Աբովյանն արձագանքեց` արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կարող լինել ռազմական դրության պայմաններում:
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց` այդպես էլ պատասխան չստացավ, թե քաղաքական ուժերի որ իրավունքներն են խախտվել ռազմական դրության պայմաններում: Պատգամավորի խոսքով` ընդդիմության որևէ իրավունք չի սահմանափակվել, թե՛ փողոցներ փակելու, թե՛ պետական կարևոր օբյեկտներ շրջափակելու, թե՛ ճանապարհներ փակելու, նման սահմանափակումներ չեն եղել:
Ըստ նրա` ազգաբնակչության մեծ մասի մոտ կա հանրային պահանջ երթևեկությունը բացել ու դիմել ավելի կոշտ մեթոդների: Պատգամավորի խոսքով` կարևոր է նաև այն, որ տարածաշրջանում զորավարժություններ են անցկացվում, այդ թվում` Հայաստանում, կան սահմանային բազմաթիվ խնդիրներ, և ռազմական դրության պահպանումը նման հանգամանքների հետ է կապված:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց` ակնհայտ է, որ ռազմական դրության կարիք չկա, վերջինս հիշեցրեց, որ ըստ խորհրդարանական փոքրամասնության՝ իրավունքները սահմանափակված են ռազմական դրության ժամանակ, չեն կարող անվստահության գործընթաց նախաձեռնել և իմպիչմենտ հայտնել վարչապետին, նույնիսկ Երևանի քաղաքապետարանում ավագանին չի կարող անվստահություն հայտնել քաղաքապետին: Մարուքյանի համոզմամբ` Հայաստանում սահմանափակված է ժողովրդավարությունը, ընտրություններ չեն լինում, ընդդիմությունն էլ չի կարող իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել: Ըստ նրա` ռազմական դրությունը պահպանվում է քաղաքական նպատակով:
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` խորհրդարանական ընդդիմությունը բանակցում է վարչապետի հետ, և միանշանակ է, որ որքան շուտ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ռազմական դրությունը կչեղարկվի, և ընտրություններ կլինեն:
Արման Աբովյանն արձագանքեց` ԲՀԿ-ն բանակցության մեջ չէ վարչապետի հետ, հայտարարել են, որ իրավիճակից ելքը վարչապետի հրաժարականն է ու արտահերթ ընտրությունները:
Նախագիծը դրվեց քվեարկության ու մերժվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել