HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2020թ. մարզերում չի իրականացվել սուբվենցիոն 52 ծրագիր 

Մարզերում սուբվենցիոն ծրագրերի չիրականացման հիմնական պատճառները եղել են կորոնավիրուսը, երկրում հայտարարված ռազմական դրությունը և  համայնքների ֆինանսական միջոցների բացակայությունը: Որոշ համայնքներում աշխատանքներ չեն իրականացվել հայտարարված մրցույթներին մասնակից չլինելու պատճառով: Համայնքապետերն անորոշության մեջ են, չգիտեն՝ արդյոք այս տարի կկարողանան ծրագրերը կյանքի կոչել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 11 բնակավայրերի համար նախատեսված էր կառուցել հանդիսությունների սրահ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 88 մլն դրամ, սակայն հայտարարված մրցույթներին մասնակից չի եղել: Նույնը նաև Գյումրիում: Այստեղ նախատեսված էր 188 մլն 397 հազար դրամի շրջանակներում իրականացնել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր, սակայն հայտարարված մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով:

Նույն պատճառով տապալվել է նաև Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրը, որի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 25 մլն դրամ:

Միայն մասնակից չլինելու պատճառով 2020թ. չի իրականացվել սուբվենցիոն 12 ծրագիր:

Որոշ ծրագրեր իրականություն չեն դարձել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում տապալվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որից 2-ական ծրագիր՝ Ճամբարակ և Գավառ քաղաքներում, մյուսը՝ Սեմյոնովկա գյուղում: 5 ծրագրերից 4-ն իրականություն չեն դարձել համայնքների ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ծրագրերից մեկով պետք է վերանորոգվեին Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքները: Մյուսով վերանորոգվելու էին Թթուջուր, Վահան, Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքները և Ճամբարակ համայնքի վարչական շենքի 3-րդ հարկը:

Գավառում պետք է վերանորոգվեին շենքերի տանիքները, մուտքերը, իրականացվեին ջերմամեկուսացման աշխատանքներ:

Սեմյոնովկա համայնքի մշակույթի շենքի տանիքը վերանորոգելու համար նախահաշվային գումարը կազմել է մոտ 14 մլն դրամ, որի 55%-ը՝ 7 մլն 700 հազար դրամը համայնքի մասնաբաժինն է: Սեմյոնովկայի համայնքապետ Դավիթ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ.-ին սպասվում էր, որ համայնքում պետք է խոշոր ներդրում լիներ: Մարդիկ խոշոր հողակտորներ էին գնել, պետք է հողի կատեգորիան փոխվեր, որի գումարով էլ պլանավորել էին վերանորոգել մշակույթի տան շենքի տանիքը, սակայն այդպես էլ ծրագիրն իրականություն չդարձավ:

«Հողերը գնել են, բայց կորոնավիրուսի, հետո պատերազմի պատճառով չեկան, որ կատեգորիան փոխեն, դրա համար էլ մուտքեր չեղան, չկարողացանք ծրագիրն իրականացնել: Տեղափոխել ենք այս տարվա վրա, ընկել, գումար եմ փնտրում, տեսնեմ՝ ով կաջակցի, որ կարողանանք տանիքը վերանորոգել»,-ասում է Դ. Մնացականյանը:

Ջերմուկ համայնքում էլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր հիմնանորոգել և կառուցել քաղաքի ճոպանուղու շինությունները: Կառուցել և նոր էներգախնայող լուսատուներով փոխարինել Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերի լուսավորության ցանցը: Սակայն, այստեղ էլ ծրագրերը չեն իրականացվել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Եղեգնաձորում նույնիսկ մրցույթ չեն հայտարարել քաղաքի Մյասնիկյան փողոցի վերանորոգման համար. համայնքի ֆոնդային բյուջեում բավարար չափով գումար չի եղել:

Նշենք, որ միայն համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2020թ.-ին չի իրականացվել սուբվենցիոն 14 ծրագիր:

Անորոշ վիճակ է նաև Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում: Այստեղ 2020թ. սուբվենցիոն ծրագրով պետք է իրականացնեին համայնքի ճանապարհների մոտ 3000 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Համայնքն իր ֆինանսական պարտավորությունը կատարելու համար հայտարարել է հողերի աճուրդ-վաճառք: Երկու անգամ հայտարարություն են տարածել, սակայն գնորդ չի հայտնվել:

«Պատրաստվում ենք նորից աճուրդի հայտարարություն տարածել, եթե նորից մարդիկ ցանկություն չունեն հողեր գնելու, ուրեմն մեր ունեցածի չափով պիտի անենք»,- ասում է Նոր Արտամետի համայնքապետ Յուրա Հովհաննիսյանը:

Համայնքապետի խոսքերով՝ անցյալ տարի սուբվենցիոն ծրագրի մասնակցության համայնքի մասնաբաժինը 55% է եղել, սակայն այս տարի փոփոխություն է եղել, համայնքի մասնաբաժինը դարձրել են 70%, պետությանը՝ 30: Ծրագրի արժեքը կազմել է մոտ 35 մլն դրամ, և 24,5 մլն դրամը համայնքի համար լուրջ գումար է:

2020թ. 580 սուբվենցիոն ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 14 մլրդ 310 մլն դրամ, իսկ համայնքների համաֆինանսավորման չափը կազմել է 11 մլրդ 69 մլն դրամ: Մասնավոր և այլ կազմակերպությունների կողմից ներդրումները կազմել են 741 մլն 575 հազար դրամ:

Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագիրն իրականացվում է Կառավարության 16.11.2006թ. 1708-Ն որոշմամբ  հաստատված կարգի համաձայն: Համայնքը գնահատում է կարիքները և կազմում սուբվենցիոն հայտ: Նշված հայտը քննարկվում է միջգերատեսչական հանձնաժողովում: Դրական եզրակացության դեպքում համայնքին առաջարկվում է իրականացնել ծրագիրը: Այս պարագայում ծրագիրն իրականացնում է համայնքը, և համապատասխան փաստաթղթրի ներկայացման դեպքում պետական բյուջեից կատարվում է համաֆինանսավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter