HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բեկանեց Gagik Soghomonyan ֆեյսբուք օգտատիրոջ գործով Արամ Սարգսյանին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ բեկանեց Gagik Soghomonyan ֆեյսբուք օգտատիրոջ գործով քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Դատարանը նաև ոչ իրավաչափ ճանաչեց Արամ Սարգսյանի ձերբակալումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Պաշտպանն այս պահին այցելել է կալանավայր, որտեղ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո Արամ Սարգսյանն ազատ կարձակվի։

Արամ Սարգսյանը երեք անչափահաս երեխա ունի, կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի որոշմամբ՝ Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Սարգսյանը, մասնավորապես, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ։

Նույն գործով մեղադրվում են նաև «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության մենեջեր Մհեր Ավագյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ Վերջին երեք անձինք հայտնել են, որ Արամ Սարգսյանին չեն ճանաչում։

Լուսանկարում՝ դատավոր Լուսինե Աբգարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter