
Խորհրդարանական ընդդիմությունն առաջիկա 10 օրում խորհրդարանի լուծարում է ակնկալում
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ` իրավիճակի հանգուցալուծումը՝ վարչապետի հրաժարականն ու շուտափույթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պետք է լինի առաջիկա օրերին:
Նման տեսակետ հայտնեցին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինիս համոզմամբ` ճգնաժամն այնքան խորն է, որ արագ հանցուցալուծում է պետք. մայիսի ընթացքում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Խորհրդարանական երրորդ խմբակցության համար նախընտրելի է, որ մինչև հունիսի 1-ը ընտրություններն անցկացված լինեն, այլապես հունիսի մեկից հետո չեն կարող երաշխավորել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Ըստ նրա` առաջիկա տասը օրում խորհրդարանի լուծարման գործընթաց պետք է մեկնարկի, և մայիսի ընթացքում լինեն ընտրություններ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ընդգծեց` մինչև գործող իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է:
Դիտարկմանը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսեց վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, սակայն Հայրենիքի փրկության շարժումը, որի անդամ է նաև ԲՀԿ-ն, խոսում է վարչապետի հրաժարականի և անցումային կառավարության մասին, ստացվում է հակասություն կա, Արման Աբովյանն ասաց.
«Հայրենիքի փրկության շարժումը հավաքվել է մի գաղափարի շուրջ` Նիկոլ Փաշինյանի հեռանալու, դրա հետ մեկտեղ հասկանում ենք, որ Փաշինյանի հեռանալուց հետո լինելու են ընտրություններ: Յուրաքանչյուր ուժ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը»:
Աբովյանի կարծիքով` իշխանությունը, չցանկանալով, եկել է այն մտքին, որ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճակը գնալով ծանրանալու է, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են:
«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ու լինեն արտահերթ ընտրություններ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել