
Փոխնախարարը վստահեցնում է՝ Կապանի առաջնագծում մտահոգության առիթ չկա
Կապանի առաջնագծում որևէ մտահոգության առիթ, անվտանգության խնդիր չկա:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ զինծառայողները ցուցադրում են իրենց պայմանները: Փոխնախարարը վստահեցրեց` նախարարությունն ամեն ինչ անում է զինվորների վիճակը բարելավելու համար:
«Սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով և գտնվում են ՊՆ ղեկավարության ուշադրության ներքո»,- ասաց նա` վստահեցնելով, որ որևէ դիրք զիջելու մասին անգամ խոսք լինել չի կարող:
Անդրադառնալով վաղվանից Հայաստանում մեկնարկող զորավարժություններին փոխնախարարն ընդգծեց` յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման հստակեցում: Փոխնախարարը վստահեցրեց` ՊՆ-ն, ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը, հետևաբար խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը որևէ կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության և մարտունակության կազմակերպմանը:
Հարցին` հնարավոր է առաջիկայում նոր պատերազմ լինի, փոխնախարարն արձագանքեց, թե այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու:
«Սակայն դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը` պետք է ամեն վայրկյան էլ պատրաստ լինել նոր պատերազմի։ Իսկ այս պահին նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն կամ տագնապ հաղորդելու կարիք չկա»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը` ձախից առաջինը:
Մեկնաբանել