HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Մանուկյանի տեսակետն արտահերթ ընտրությունների մասին

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը հրապարակել է իր տեսակետն արտահերթ ընտրությունների մասին։ Այն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ:

Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները.

Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը

Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից:

Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը

Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:

Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ:

Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան:

Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականացվող տարբերակ)

Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով):

Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և չի կարող մեր երկիրը հանել այս վիճակից: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում:

Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր):

Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.

  • իշխանական լծակներ,
  • ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական,
  • և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը:

Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:

Նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան:

Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter