
Բազմազան, բայց ինտրիգային ու մակերեսային մամուլը
Ի տարբերություն ԶԼՄ-ների այլ տեսակների` տպագիր մամուլը Հայաստանում չափից դուրս քաղաքականացված է: Թերթերը լրատվական դաշտում իրենց դիրքավորմամբ մոտավորապես արտացոլում են ուժերի այն հարաբերակցությունը, որն առկա է քաղաքական դաշտում: Այս իմաստով նրանք ոչ այնքան տեղեկացնելու, իրազեկելու գործառույթ են իրականացնում, որքան քարոզչական ճակատում քաղաքական գործընթացներին մասնակցելու:
Առանձին վերցրած գրեթե որևէ պարբերականից հնարավոր չէ լիարժեք և ամբողջական պատկերացում կազմել ընտրական ամբողջ գործընթացի մասին, որովհետև հիմնականում տեղեկատվության նկատմամբ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվում: Ըստ այդմ` շատ ավելի գործ ունենք թաքնված գովազդի ու հակագովազդի, համակրությունների ու հակակրությունների դրսևորումների հետ, քան տեղեկատվության :
Սա թելադրում է նաև ընթերցող-թերթ հարաբերությունների որոշակի կուլտուրա: Մարդիկ այս կամ այն թերթը կրպակից գնում են ոչ թե որքան հնարավոր է շատ ու որակյալ, համակողմանի տեղեկատվություն ստանալու, այլ ցանկալի, շատ հաճախ իրենց համոզմունքները հաստատող տեղեկատվություն ստանալու համար: Այսինքն՝ թերթերի ընթերցողների մի ստվար մասը հիմնականում արդեն իսկ կողմնորոշված քաղաքացիներն են:
Նախընտրական շրջանում կարելի է առանձնացնել տպագիր մամուլի մի քանի առանձնահատկություն: Մամուլի մի որոշակի հատված թաքնված իրականացնում է իշխանությունը կրող քաղաքական ուժերի` ավելի կոնկրետ և հաճախ` Հանրապետական կուսակցության քարոզչությունը: Առավել ակնհայտ դա դրսևորվում է «Հայոց աշխարհ» և «Իրավունք» պարբերականներում: Վերջինիս հստակ կողմնորոշումը պայմանավորված է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի` Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հանգամանքով: Թե մեկը և թե մյուսն ավելի շատ զբաղվում են հակաքարոզչությամբ` քննադատելով ու բացասական որակումներ տալով մրցակիցների գրեթե բոլոր նախաձեռնություններին: Թերթերից մի քանիսը գրեթե նույն նկատառումներով գործում են Հայ ազգային կոնգրեսի քարոզչության տիրույթում: Դրանք են` «Հայկական ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն», մասամբ` «Ժամանակ» օրաթերթերը: Թե մեկ, թե մյուս կողմին սատարող պարբերականները, կարելի է ասել, շատ ավելի քարոզչական թռուցիկների տպավորություն են թողնում:
Առանձին «դասակարգ» են իրենց անկախ համարող մի քանի պարբերականներ, որոնք ձեռագրով, հետապնդած նպատակներով խիստ նման են իրար: Խոսքը «Հրապարակ», «Ժողովուրդ», «Հայացք» պարբերականների մասին է, որոնք փաստացի վերածվել են անաղբյուր տեղեկատվության «լաբորատորիայի»: Սրանք քաղաքական հստակ կողմնորոշումներ չունեն, հիմնական խնդիրը ինտրիգի ապահովումն է: Այս յուրահատկության շնորհիվ նրանք որոշակի լսարան ունեն, այդ իսկ պատճառով նաև հետաքրքրություն են ներկայացնում ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար: Թե որքանով այս պարբերականները հավասարակշռություն կպահպանեն բուն քարոզչության շրջանում, կերևա առաջիկայում, սակայն չի կարելի չնկատել, որ նրանց հիմնական թիրախը մեծամասնական ընտրակարգով մասնակցող թեկնածուներն են և նրանց հետ կապված տեղեկատվությունը:
Անկախների մեկ այլ «դասակարգ» են ներկայացնում «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ» և «168 ժամ» պարբերականները, որոնք փորձում են խաղալ ոչ միայն չափավոր օբյեկտիվության, այլև ընդգծված կոռեկտության սահմաններում: Առաջին երկուսն առայժմ լուսաբանում են հիմնականում ընտրությունների ընթացակարգային կողմը` ակնհայտորեն խուսափելով քարոզչությունից: Երկրորդների տեսադաշտը շատ ավելի լայն է, ընդգրկում է նաև ներկուսակցական ու միջկուսակցական հարաբերությունները, ընտրատարածքներում ու թեկնածուների շուրջ տեղի ունեցող գործընթացները: Սակայն ի տարբերություն մյուսների` նրանք համեմատաբար ավելի խորքային մոտեցում են ցուցաբերում: Հատկանշական է, որ այս երկու պարբերականների ներկայացուցիչները, մի դեպքում՝ առանցքային լրագրողը, երկրորդի դեպքում` խմբագիրը, առաջադրվել են ընտրություններում և իրենց գործունեությունը խմբագրություններում կասեցրել են` թերթերին ազատ գործելու հնարավորություն թողնելով: Կոռեկտության սկզբունքը փորձում են պահպանել նաև «Երկիր» և «Օրակարգ» պարբերականները, սակայն նրանք ունեն քաղաքական նախասիրություններ ու քարոզչական առաջնայնություններ. առաջինի դեպքում` ընդգծված կերպով Հայ հեղափոխական դաշնակցությունն է, երկրորդի դեպքում` թաքնված` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Այս ընտրություններում նկատելի է տպագիր մամուլը տեղեկատվական խայծերի համար օգտագործելու`ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի միտումը: Դա դրսևորվել է առայժմ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածությունների առաջադրման և համամասնական ցուցակների կազմերի հստակեցման, ինչպես նաև հրապարակվող պատվիրված սոցհարցումների միջոցով:
Սակայն դրան զուգահեռ դեռևս նկատելի չէ մամուլը կոմպրոմատային պատերազմների դաշտի վերածելու`նախկինում գրեթե մշտապես արձանագրվող իրողությունը: Այնուամենայնիվ, փորձարկումների, հասարակական տրամադրությունների շոշափմանն ուղղված այս հնարքների կիրառումն է նաև պատճառներից մեկը, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ տեղեկատվական աղբյուրներին հղում չպարունակող լուրերը թերթերում սկսել են գերակշռել, և որպես կանոն՝ դրանք շատ ավելի մեծ պահանջարկ են վայելում, որովհետև հիմնականում մեծ կամ փոքր սենսացիաներ են պարունակում:
Սա, իհարկե, թերթերն ավելի շատ բամբասանքների տարածման միջոցների է վերածում: Սակայն փաստը, որ տեղ գտնող նմանատիպ լուրերում նշվող հանգամանքները հաճախ իրականություն են դառնում, թույլ է տալիս ասել, որ դրանք մեծամասամբ նպատակային կերպով շրջանառության մեջ դրվող տեղեկություններ են:
Պարբերականների այս «ձեռագիրը» պայմանավորված է նաև կուսակցական պաշտոնական լրահոսի գրեթե բացարձակ բացակայությամբ: Այս բացը լրագրողները փորձում են փոխլրացնել սեփական աղբյուրներից ճշտումներ անելով: Դա է պատճառը, որ կուսակցականների հետ անհատական զրույցներն ու հարցազրույցները, դրանց վրա արվող ընդհանրացումները, մեկնաբանությունները դարձել են խիստ տարածված: Դրանից, սակայն, ոչ թե տպագիր ԶԼՄ-ները կամ էլ ընթերցողներն են տուժում, այլ` ընտրություններին մասնակցող կուսակցությունները, որոնք այդպիսով չեն կարողանում վերահսկելի տեղեկատվական հոսքեր ապահովել և հաճախ ընկնում են անհեթեթ վիճակների մեջ ու փորձում խնդիրները հարթել քիչ տպավորություն թողնող ու անհամոզիչ բացատրություններով:
Այս ամենը երբեմն թույլ չի տալիս երկրորդականը զատել առաջնայինից, երբեմն էլ առանցքային ընտրական հետաքրքրություն ներկայացնող որոշ թեմաներ դուրս են մնում պարբերականների ուշադրությունից: Մասնավորապես` այդպես էլ լուրջ մասնագիտական վերլուծությունների չենթարկվեցին քաղաքական ուժերի նախընտրական լոզունգները: Ներկայացված ընտրացուցակները, որոնց առաջին 20-յակները կարելի է ինչ-որ տեղ ստվերային կամ պոտենցիալ կառավարությունների կազմեր համարել, կադրային պոտենցիալի գնահատման առումով դուրս մնացին լրատվամիջոցների ուշադրությունից` հենց մակերեսային անդրադարձերի պատճառով:
Միանգամայն անտեսվել է քաղաքական ուժերի գաղափարական պոտենցիալի, ծրագրային մոտեցումների տիրույթը: Գրեթե ոչ մի լրագրողական հետազոտություն, վերլուծություն չի ներկայացվել այն մասին, թե որքանով են ընտրություններին մասնակցող, ներկայիս խորհրդարանում գործող կուսակցությունները հավատարիմ մնացել իրենց նախընտրական ծրագրերին, եղել հետևողական, ինչը նաև ընթերցողներին կողմնորոշվելու հնարավորություն կտար: Այս առումով ներկայիս մամուլը ավելի շատ մակերեսային, ֆորմալ ընկալման մակարդակով է մոտենում ընտրություններին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել