HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 կուսակցությունների հայտարարությունը Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վերաբերյալ

7 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել 1921թ․-ի մարտի 16-ին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության» պայմանագրի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ:

Միջազգային իրավունքի վերականգնման նպատակով Հայաստանը, ի դեմս իր Կառավարության և Խորհրդարանի, պարտավոր է՝

Ա. Իր օրենսդրությամբ նախատեսված կարգով ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված կրկնակի ապօրինի Կարսի պայմանագիրը։

Բ. Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այդ պայմանագրի՝ անկախ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը։

Գ. Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին,

Դ. Պաշտոնապես դիմել 1918-1920թթ.: Հայաստանի Հանրապետության դաշնակից Անտանտի երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին՝ հորդորելով իրենց իսկ կողմից Չարիքի կայսրություն որակված ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո դադարեցնել այդ կայսրության ապօրինությունների (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, Արցախի հարցում՝ Կավբյուրոյի որոշում) ճանաչումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքական ապօրինությունն ու դրա հետևանքները վերացնելու հարցում»,- նշված է հաղորդագրությունում:

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter