
86-ամյա Ռաչիկ Հարությունյանը ցրտահարվել է տնակում
86-ամյա Ռաչիկ Հարությունյանը ձմեռն անցկացրել է ցուրտ տնակում՝ հատակին փռված ներքնակին պառկած: Նրա ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը: Ազգականները նրանով չեն հետաքրքրվում, իսկ Մեծամորի համայնքապետարանը վերջերս է տեղեկացել, որ իր համայնքում նման կարգավիճակով մարդ է ապրում: Սակայն, իմանալուց հետո էլ միայնակ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում է ապրել ցուրտ տնակում՝ աղբի մեջ:
Մեծամոր քաղաքի տնակային թաղամասի 16-րդ տնակի մուտքից արդեն կարելի է պատկերացնել ներսի անմխիթար վիճակը: Տնակ տանող փայտե աստիճանները կոտրված են, իսկ նախամուտքի փայտե հատակն՝ իրարից հեռացած:
Տնակի դռնից ներս ավելի գորշ պատկեր է: Շուրջբոլորն ավերակ է: Ամենուր աղբ է թափված: Դատարկ շշերն ու հագուստի կտորները ոտքերի տակ են ընկնում:
Սենյակներից մեկում շորերի կույտ կա: Առաջին հայացքից դժվար է կռահել, որ այնտեղ մարդ է պառկած: Ձայն տալուց հետո Ռաչիկ պապը մեծ դժվարությամբ գլուխը դուրս է հանում ծածկոցի տակից՝ փորձելով արձագանքել: Նա վատ է տեսնում, և միայն ձայնի ուղղությամբ է հայացքը թեքում:
Տնակում ցուրտ է: Սենյակը, որտեղ պառկած է Ռաչիկ պապը, չի ջեռուցվում: Նա դժվարությամբ է խոսում, իսկ երբ գլուխը ծածկոցի տակից դուրս է հանում, ցրտից ձայնը դողում է:
Պատմում է, որ Մեծամորի տնակային թաղամասում ապրում է 1980-ականների վերջից: Ընտանիքով բռնագաղթել են Ադրբեջանից, երբ հայերի նկատմամբ հետապնդումներ ու ջարդեր են սկսվել:
Անցյալ տարի մահացել է կինը, ու ինքը միայնակ է մնացել: Ունի որդի, որը Ռուսաստանում է, իսկ Արմավիր քաղաքում թոռնիկն է ապրում, սակայն իրենով հետաքրքրվող չկա:
Նրա ձեռքերի ոսկորներն անտանելի ցավում են, չի կարողանում մի ուղղությամբ պառկել: Անընդհատ պտտվում է, որ հարմար դիրք գտնի: Որովայնի հատվածում ևս ցավեր ունի:
«Ցրտահարվել եմ, է, բալա, ցրտահարվել: Ջուրը մոտս սառել ա, ես ո՞նց չէի ցրտահարվի»,- ասում է Ռ. Հարությունյանը:
Անընդհատ կրկնում է, որ Ռուսաստանի տղան գալու է իրեն տանի, որ բուժի: Նույնիսկ ծերանոց գնալու առաջարկից է հրաժարվել՝ սպասելով տղային: Սակայն, որդին ամենևին նպատակ չունի գալու:
Ռաչիկ Հարությունյանին կերակրում է հարևանուհին՝ Սոնան: Վերջինս հեռախոսով մեզ պատմեց, որ Ռաչիկ պապի թոշակն ինքն է ստանում և ամբողջությամբ ծախսում նրա սննդի վրա:
«Անձնագիրը մոտս ա, կարամ տամ իրան, բայց ինքը չի կարա գնա, թոշակ ստանա: Տղու հետ հեռախոսով շփվում եմ: Ինձ մենակ ասել են, որ ճաշ եփեմ, տամ հորը, ուրիշ ոչ մի բան չանեմ: Ես էլ ճաշը եփում, տալիս եմ: Առողջություն էլ չունեմ, որ ամբողջ խնամքը վերցնեմ իմ վրա»,- ասում է Սոնան:
Հարևանուհին ասում է, որ Ռաչիկ Հարությունյանի առողջական վիճակի, պայմանների մասին պատմել է և՛ որդուն, և՛ հարսին: Սակայն, ոչինչ չի ձեռնարկվել: Ռաչիկ պապին առաջարկել է բազմոցի վրա պառկել, սակայն հրաժարվել է՝ ասելով, թե հատակին ավելի հարմար է:
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ռաչիկ Հարությունյանի մասին վերջերս են իմացել, հարևանուհին է տեղեկացրել:
Համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչը, սոցիալական աշխատողն այցելել են Ռաչիկ Հարությունյանին, նրա հետ խոսել: Պայմանավորվել են մարզպետարանի ներկայացուցչի, Արմավիրի սոցիալական ապահովության բաժնի աշխատակցի հետ՝ փաստաթղթերը հավաքել և հերթագրել ծերանոցում:
«Դրանից հետո հարևանուհին Ռաչիկ Հարությունյանին տեղյակ է պահում, որ քաղաքապետարանն ուզում է ծերանոցում տեղավորել, սակայն հրաժարվում է: Դե, եթե հրաժարվել է, մենք էլ որոշեցինք, որ ավելի լավ է փաստաթղթի վրա գրի, որ հրաժարվում է, չի ուզում գնալ ծերանոց»,- հավելեց Ն. Թադևոսյանը։ Իր խոսքով՝ երկու անգամ սննդամթերք են ուղարկել, որպեսզի հարևանուհին ճաշ պատրաստի:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասաց, որ հարևանուհու` Սոնայի միջոցով տեղյակ են պահել հարազատներին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել: Իրենք էլ հարևանուհուն խնդրել են հոգ տանել տարեց մարդու նկատմամբ:
«Քաղաքապետարանը, ինչքան հնարավոր է եղել, աջակցել է: Փորձենք կազմակերպել, միջոցառումներ պետք է իրականացվեն, բայց արել ենք այն, ինչը նշեցի»,- հավելեց Ն. Թադևոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել