Մասնավոր ընկերությանը տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները կվերադարձվեն պետության տնօրինմանը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները կվերադարձվեն պետության տնօրինմանը: Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին գրությամբ ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։
2021 թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել