Երևանի դատարանի նախագահի վերաբերյալ հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով մեղադրյալ Արամ Սարգսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության քննության օրերին «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում՝ «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն, և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն:
Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:
Այս գրառումից հետո Վարագյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի պաշտան Բենիկ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, և Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ քիչ առաջ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Վերջինս, մասնավորապես, գրել է․
«Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից Գագիկ Սողոմոնյանի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալու փաստով քրեական գործի հարուցումը։ Սակայն պարզվում է, որ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն են տվել «Տրիումֆ» կաֆեի սիրահար Արթուր Մկրտչյանը և խորհրդակցական սենյակից «կազմակերպչական հարցերով» հեռախոսազանգերի սիրահար Վահագն Մելիքյանը։
Այսպես՝ դատավոր Վահագն Մելիքյանը, իր տված բացատրությունում ընդունելով, որ Արամ Սարգսյանի գործով 20.02.2021 թվականի ժամը 21:35-ից մինչև 21.02.2021 թվականի ժամը 02:30-ը, այսինքն՝ շուրջ 4 ժամ, գտնվելով խորհրդակցական սենյակում, չի բացառել, որ այդ ընթացքում կազմակերպչական բնույթի հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ։
Արթուր Մկրչտյանը նույնպես չի բացառել, որ այդ ժամերին կազմակերպչկան բնույթի հարցերի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Վահագն Մելիքյանի հետ։
Այսինքն՝ ԱԱԾ տնօրենին պարբերաբար «անդրադարձող» Գագիկ Սողոմոնյանի գործով անձին կալանավորելու գործով խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը հեռախոսազրույց է ունեցել դատարանի նախագահի հետ։
Հարց է առաջանում՝ ի՞նչ կազմակերպչական բնույթի հարցեր են քննարկվել՝ դատավորի մոտ վերջացել էին թղթերը, թե Արամ Սարգսյանին ապօրինի կալանավորումը դակող դատական ակտը տպելու համար «պրինտեռում» թանաք չկար։
Ընդ որում, դատավորները չեն հերքել հեռախոսազրույցի փաստը, որովհետև իմ ունեցած տեղեկությունների համաձայն նրանց հեռախոսակապը չի եղել պաշտպանված, այսինքն՝ խոսել են սովորական հեռախոսակապով։
Նշվածի և խորհրդակցական սենյակում գտնվող դատավորներին «կազմակերպչական բնույթի հարցերով» հանձնարարականներ տվող Արթուր Մկրտչյանի վերաբերյալ առաջիկա օրերին կհրավիրեմ մամլո ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացեմ այլ փաստեր, ինչպես նաև այս գործով մեր հետագա անելիքները»։
Լուսանկարում՝ դատավոր Արթուր Մկրտչյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել