
Որպես օտար թռչուն` հեռավոր Ամերիկայում. թե ինչպես հոգևորականը դարձավ բիզնեսմեն
Մաս 2
Լևոնի հետ ծանոթացա ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքի հայկական եկեղեցում: Սարկավագի հագուստով էր, մի քանի րոպեից պետք է պատարագին մասնակցեր: Կարճ զրույցի ավարտին ասացի, որ ուզում եմ հանդիպել և հարցազրույց վերցնել հայկական համայնքի մասին: Տվեց իր այցեքարտը, որտեղ գրված էր` «Siunik. Armenian grill»: Չհասկացա, թե ինչ կապ ունի Սյունիքը կամ հայկական գրիլը եկեղեցու սպասավորի հետ: Երկար փնտրեցի նրա պաշտոնը կամ եկեղեցու անունը այցեքարտի վրա, չգտա: Այցեքարտի հաջորդ երեսին երկու հասցե հայտնաբերեցի: Ավելի ուշ` պատարագի ավարտից հետո, Սուրբ Հակոբ եկեղեցու քահանայի հետ զրուցելիս հասկացա, որ այցեքարտում նշվածը նրա ռեստորանների հասցեներն են: Տեր Հովնան քահանան պատմեց, որ իր սարկավագները իրենց հացը դրսում են վաստակում, և Լևոնը երկու նոր ռեստորան է բացել մեծ Չիկագոյում:
Երեկոյան` ժամը վեցին, Լևոնի ռեստորաններից մեկում էի` փոքրում: Ավելի շուտ` արագ սննդի կետ էր՝ շուրջ 30 այցելուի համար: Հաճախորդներն այդ ժամին միմյանց ետեւից մտնում և դուրս էին գալիս, ոմանք նստում էին` տեղում ճաշելու, ոմանք պատվերը տանում էին իրենց հետ: Լևոնին այստեղ քաղաքացիական հագուստով տեսա, անձամբ էր պատվեր վերցնում, սպասարկում մեծ արագությամբ, նրան օգնում էր մեքսիկացի աշխատողը: Երբեմն պատվերներն այնքան էին շատանում, որ օգնության էր հասնում Լևոնի մայրը` տիկին Հայասատանը:
![]() |
![]() |
Տիկին Հայաստանը և մեքսիկացին` «Սյունիքում» | Լևոնը (աջից) և հայրը` Հերոսը (ձախից) |
Այդ օրը Լևոնի ռեստորեն շատ հայեր այցելեցին, ոմանք հատուկ էին եկել՝ «Հայաստանեն էկած» հայերի հետ ծանոթանալու և շփվելու համար, ոմանք` պատահաբար. միշտ էլ Լևոնի մոտ հայեր են գալիս, որովհետև խոհանոցը «հայկական» է կոչվում. ճաշացանկում հանրահայտ խորովածն ու քյաբաբն են, տարատեսակ փլավներ, թաբուլեն և այլ աղցաններ, իսկ հայկական խոհանոցում հայտնի «իման բայալդին», որպեսզի հեշտ լինի արտասանել անգլերենով, Լևոնն անվանափոխել է «համով»-ի, «աջիկան» դարձրել «կարմիրուկ»:
Լևոնի մյուս ռեստորանն ավեի մեծ է` նախատեսված ավելի շատ այցելուների համար: Այնտեղ էլ հաճախում են հայտնի հայեր, բիզնեսմեններ, Չիկագոյի գործադիր կամ օրենսդիր մարմիններում աշխատող ծագումով հայեր և տեղաբնակ այլազգիներ, չնայած ռեստորանը դեռևս 6 ամսվա պատմություն ունի:
Մեր սեղանը հետզհետե մարդաշատ է դառնում. մոտենում է 81-ամյա Սարգիսը կոնջ` Սանդուխտի հետ: Սարգիսին Չիկագոյում և Էվանստոնում բոլոր հայերն են ճանաչում, նա իր անվամբ սրճարաններ է ունեցել, մեկն էլ` Էվանստոնում: Այժմ թոշակի է անցել և վաճառել է դրանք, բայց սրճարանը շարունակում է կրել սկզբնատիրոջ անունը: Մոտենում են նաև Ալիկն ու դուստրը` Ալինան: Ալիկ Սարգսյանը 19 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ: Էվանստոնի Նորթվեստերն համալսարանում գլխավորում է կանանց և տղամարդկանց ջրացատկի խմբերը և դասավանդում ջրացատկ: Այս ընտանիքներից յուրաքանչյուրն իր պատմությունն ու պատճառներն ունի, թե ինչու և ինչպես է տեղափոխվել Հայաստանից:
![]() |
![]() |
Սարգիսն ու Սանդուխտը` «Սյունիքում» | Սարգիսի նախկին սրճարանը |
Լևոնը 25 տարեկան էր, երբ եկավ ԱՄՆ: Ավարտել է Երևանի տնտեսագիտական համալսարանը: ՀՀ ԱԺ մի գործարար պատգամավոր (Լևոնը խնդրեց, որ առայժմ չհրապարակենք նրա անունը, սակայն նշենք, որ նույն պատգամավորն այս ընտրություններում էլ առաջադրել է իր թեկնածությունը) խաբել է նրան և չի տվել 12 հազար դոլար, ինչի հետևանքով Լևոնը «տակ է տվել» և մեկնել ԱՄՆ: Նյու Յորքում սովորել է Սուրբ Ներսես ճեմարանում և այդպես դարձել հոգևորական: Շուրջ 6 տարի եղել է Էվանստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավորը և մոտ 1.5 տարի առաջ է որոշել դուրս գալ ծառայությունից և հիմնել իր բիզնեսը: Այժմ նրան փոխարինում է Տեր Հովնանը, սակայն Լևոնն ասում է, որ հիմա էլ կամավոր մասնակցում է պատարագներին և օգնում Տեր հորը:
Լևոնը իր երկու ռեստորանն էլ «Սյունիք» է անվանել, չնայած խոստովանում է, որ սյունեցի չէ, այլ էջմիածնեցի է, պարզապես անգլերենով «Սյունիքը» գեղեցիկ է հնչում, որոշել է այդպես անվանել: Լևոնն ասում է, որ բիզնես սկսելու համար բոլոր պայմանները կան ԱՄՆ-ում, միայն գումար լինի, իսկ այդ հարցում իրեն մասնակիորեն օգնել են նաև տեղացի հայերը:
Լևոնը երկու երեխա ունի, որոնք շաբաթվա բոլոր օրերին դպրոց են հաճախում, առաջին հինգ օրը` ամերիկյան, շաբաթ օրը` հայկական, իսկ կիրակի` եկեղեցու կրոնական դասընթացին: Լևոնն ասում է, որ դժվար է երեխաներին հայ պահելը: «Մենք տանը տղայիս բացատրում ենք, որ դու հայ ես, երեխան գնում է դպրոց, ամեն օր այնտեղ ձեռքը սրտի վրա են դնել տալիս և Ամերիկայի հիմնը երգացնում և ասում, որ դուք բոլորդ ամերիքըն եք (ամերիկացի), որդիս տուն է վերադառնում և ինձ հարցնում է. «Հայրիկ, հիմա ես ամերիքա՞ն եմ, թե՞ արմինյան»: Եվ ես նորից ասում եմ, որ դու հայ ես, և նա հաջորդ օրը նորից դպորց է գնում և նորից լսում է, որ ինքը ամերիքըն է: Շատ դժվար է այս առումով, բայց աշխատում ենք ամեն ինչ անել, որ պահենք մեր հայ լինելը»,-պատմում է Լևոնը:
Կիրակոսյանների ընտանիքը միշտ աշխատում է տանը երեխաների հետ գրական հայերենով խոսել, և հայերենը պահելու մի լավ ձև էլ են գտել, որը կիրառում է նաև Լևոնի ընկերներից մեկը. «Նրանց ամառային արձակուրդներին ուղարկում է Հայաստան, շատ վարժ հայերենով վերադառնում են Ամերիկա»,- կատակով պատմում է Լևոնը:
Լևոնի հայրը և մայրը` Հերոս և Հայաստան Կիրակոսյանները, շուտով ԱՄՆ քաղաքացի կդառնան, բայց դեռ կարոտում են Հայաստանը: Քանի որ որդին այստեղ է կյանքը դասավորել, իրենց էլ կանչել է, հիմա ամուսիններն օգնում են նրան «ոտքի կանգնել»: Հերոսն ասում է, որ դժվարությամբ, բայց հարմարվել է, աշխատանք էլ ունի, վարորդ է: Անգլերեն արդեն հասկանում է, չնայած տարիքով է և դժվարանում է ազատ հաղորդակցվել: Տիկին Հայաստանի աչքերը փայլում էին, երբ նա Հայաստանի մասին էր խոսում: «Ամերիկայում քեզ զգում ես որպես օտար թռչուն»,- խոստովանեց նա: Տեր և տիկին Կիրակոսյանները Հայաստանում թողել են իրենց դստեր ընտանիքը և այլ հարազատների: Տիկին Հայաստանի աչքերը փայլեցնում էին զսպված արցունքի կաթիլները:
Չիկագո-Երևան
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել