Ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները կքննարկվեն բնապահպանական կոնֆերանսում
Ապրիլի 10-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի «Կոնգրես» հյուրանուցում կազմակերպում է բնապահպանական կոնֆերանս, որին հրավիրվում են ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները և պետական մարմինները, ինչպես նաև Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:
Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի են հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն:
Այսպես այլևս չի կարող շարունակվել, և անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ:
Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները և առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:
Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման և Հայաստանի տնտեսության բանական զարգացման համար:
Կոնֆերանսի թեմաներ են ընտրվել ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները. հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել