HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան մեկ երրորդով կավելացնի միջուկային մարտագլխիկների թիվը

Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիան նախատեսում է մեծացնել իր միջուկային զինանոցը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Մարտի 16-ին բրիտանական խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ միջուկային ներուժի շեմը 180-ից կբարձրացվի 260-ի։ Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ դա անհրաժեշտ է անվտանգության միջավայրի փոփոխության և տեխնոլոգիական ու դոկտրինալ սպառնալիքների մեծ սպեկտրի առկայության պատճառով։ 

Այդ նպատակով բրիտանական կառավարությունը կծախսի Մեծ Բրիտանիայի զինված ուժերի արդիականացման համար տրամադրվելիք 24 միլիարդ ֆունտի (27,9 միլիարդ եվրո) մի մասը։ Լոնդոնում կարծում են, որ Մեծ Բրիտանիայի անվտանգության գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է։ 

«Brexit-ից հետո երկրի պաշտպանական և արտաքին քաղաքականության ամփոփ տեսություն» անունը կրող փաստաթղթում, որը ներկայացրել է Բորիս Ջոնսոնը, նշվում է, որ 1994 թվականից ի վեր բրիտանական հրթիռներն ուղղված չեն որևէ պետության դեմ։ «Մենք հավատարիմ ենք մնում նվազագույն հարվածային հզորության պահպանմանը, որն անհրաժեշտ է ցանկացած ուղղությունից երկրի համար սպառնալիքների մի ամբողջ սպեկտրի դեմ՝ զսպող միջուկային ուժի արդյունավետությունը պահպանելու համար»,- նշվում է փաստաթղթում։ 

Ըստ այդ փաստաթղթի՝ նախկինի պես Մեծ Բրիտանիայի համար սպառնալիք են ահաբեկչությունները։ Բրիտանական կառավարությունը դիտարկում է այն «իրատեսական սցենարը», որ մինչև 2030 թվականը երկրում քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի կիրառմամբ կարող է տեղի ունենալ խոշոր ահաբեկչություն։ 

Պաշտոնական Լոնդոնը կարծում է, որ մինչև 2030 թվականն աշխարհը կզարգանա բազմաբևեռության ճանապարհով, իսկ դրա կենտրոնը կտեղափոխվի Հնդկական և Խաղաղ օվկիանոսների շրջան։ Ուստի, Լոնդոնը նախատեսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ տարածաշրջանին։ Դա է պատճառը, որ այս տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Բորիս Ջոնսոնը նախատեսում է հրավիրել նաև Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդներին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter