HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով

2020 թվականին մեկնարկած «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» փորձարարական որսի պիլոտային ծրագիրը 2-րդ փուլ կունենա: Որոշումն ընդունվեց Կառավարության մարտի 18-ի նիստում:

Շրջակա միջավայրի նախարարությունը փորձարարական որսի 2-րդ փուլը կիրականացնի այս տարի: Դրա համար հիմք են հանդիսացել 2020 թվականին  Սևանա լճում իրականացված կենսապաշարի հաշվառման տվյալները և ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները։

Սիգի փորձարարական որսի շրջանակում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ: Ըստ նախագծի՝ ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս: Որսն իրականացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը:

Համաձայն ԳԱԱ-ի հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586.2 տոննա է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հիմա Սևանա լճի մակարդակի աննախադեպ չափ ունենք:

Շրջակա միջավայրի նախարարն էլ նշեց, որ այսօրվա դրությամբ, նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ, լճի մակարդակի 15 սմ բարձրացում ունենք:

«Առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու՝ հասնելով 1901 մետրի: Դա նաև Արփա-Սևան ջրատարով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի արդյունք է»,- հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ծրագրով նախատեսված գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter