
Էկոնոմիկայի նախարար. «Գյուղատնտեսության ոլորտում անկում կա»
Կառավարության մարտի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար, ընդհանուր առմամբ, ջրային պաշարների խնդիր Հայաստանը չի ունենա: Վերջինս հետաքրքրվեց ջրամբարների լցվածությամբ:
«Այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար է: Միակ խնդիրը Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ, բայց միևնույն ժամանակ պիտի նշենք, որ ձնհալը տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավական շատ են: Ըստ էության, ջրի խնդիր այս տարի քիչ կունենանք»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Վարչապետն էլ ասաց՝ մնում է պատշաճ կառավարում ապահովել, որ ջուրը կուտակվի, պատշաճ ձևով հասնի գյուղատնտեսությամբ զբաղվողներին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի միակ ոլորտը, որն աճ է գրանցել, գյուղատնտեսությունն է, և այդ տեմպը պետք է պահել՝ ոլորտում նախանշվող զարգացումների պահպանման նպատակով:
«Նախնական տվյալներով, իհարկե, գյուղատնտեսության աճ էր երևացել, բայց հետո, երբ Ազգային վիճակագրական կոմիտեն ՀՆԱ-ի տարեկան տվյալները հրապարակեց, այնուամենայնիվ, անկում կար: Բայց դա շատ քիչ էր՝ համեմատած մյուս ճյուղերի հետ»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը:
Մեկնաբանել