HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Օնիկ Գասպարյանի գործով դատարանի որոշումը. հայցի ապահովմամբ կշարունակվի ԳՇ բնականոն գործունեությունը

Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի որոշումը՝ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը մարտի 15-ին հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձրել է, որից հետո նույն օրը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան՝ խնդրանքով՝ ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա, Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Օնիկ Գասպարյանը հայցադիմումին կից ներկայացրել է հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն, որում վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, համապատասխան հոդվածներ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այլ գործերով հայտնած իրավական դիրքորոշումներ, հայտնել է, որ հայցի ապահովման՝ վերը նշված միջոցները կամ դրանցից մեկը չկիրառելու դեպքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում կարող է կատարվել այլ նշանակում, ինչը դժվարին կդարձնի սույն գործով կայացվելիք դատական ակտի կատարումը, և հայցը բավարարվելու դեպքում չի կարող անմիջապես վերադառնալ իր պարտականությունների կատարմանը՝ առանց նոր նշանակման մասին վարչական ակտը վիճարկելու։

Գասպարյանը նաև նշել է, որ 11.03.2021 թվականին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահի առարկության պայմաններում կրկին ներկայացրել է այլ անձին ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում ներկայացնելու առաջարկ։

Ըստ Գասպարյանի և վերջինիս ներկայացուցչի՝ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունն ավելի ակնառու է դառնում, եթե հաշվի առնենք, որ հենց Հանրապետության նախագահն է գտել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, սակայն չի իրականացրել իր սահմանադրական լիազորությունը, չի դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Ելնելով վերոգրյալից՝ հայցվորը խնդրել է մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը ժամանակավորապես ճանաչելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, և/կամ մինչև նույն պահն արգելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նոր նշանակում կատարելը, և/կամ պահպանել Օնիկ Գասպարյանի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ հանդիսանալու՝ ներկայում գոյություն ունեցող դրությունը:

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, գտել է, որ այն հիմնավոր է և ենթակա է մասնակի բավարարման:

Հայցի ապահովման ինստիտուտի և ՀՀ վարչական դատավարությունում դրա կիրառության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները վկայակոչելով՝ դատարանը նշել է, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը չի կարող լինել ինքնանպատակ, և որպեսզի ՀՀ վարչական դատարանը բավարարի հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, միջնորդությամբ և դրան կից ներկայացրած ապացույցներով կամ փաստարկներով, կամ գործում առկա այլ ապացույցներով ու փաստարկներով պետք է հիմնավորվի, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը:

Դատարանը հարկ է համարում ընդգծել այս գործի եզակիությունն ու յուրահատկությունը, նշել, որ հայցի՝ ենթադրյալ բավարարվելու դեպքում պետք է երաշխավորված լինի դատական ակտի փաստացի կատարումը, քանի որ հակառակ դեպքում հայցվորի կողմից դատական պաշտպանության դիմելը կվերածվի ինքնանպատակի, իսկ դատական ակտը կկրի դեկլարատիվ բնույթ։

Դատարանը  գտնում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում առկա է դատական ակտի կատարման դժվարանալու հիմնավոր ենթադրություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայցվորը հայցադիմումում վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

Հայցվորի մտավախությունը տվյալ դեպքում դատական ակտի կատարման տեսանկյունից այն է, որ որևէ անձի՝ խնդրի առարկա պաշտոնում նշանակելու դեպքում սույն գործով հնարավոր՝ իր համար բարենպաստ դատական ակտի պայմաններում նույնիսկ ստիպված կլինի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ պաշտոնում վերականգնվելու համար։

Դատարանը, համամիտ լինելով հայցվորի այս փաստարկի հետ, հաշվի առնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը և/կամ ֆիկցիայի պարտադիրության ուժը (ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադիրը կիրառել է ֆիկցիա։ Իսկ ֆիկցիայի էությունը կայանում է նրանում, որ գոյություն չունեցող փաստը, հարաբերությունը որոշակի հանգամանքների ազդեցության ուժով իրավաստեղծի կողմից ճանաչվում է իրական, գոյություն ունեցող, և դրա ուժով՝ պարտադիր), գտնում է, որ նույնիսկ սույն հայցը բավարարվելու դեպքում հայցվորի՝ իր իրավունքների իրական պաշտպանությունը կդժվարանա։

Բացի այդ, Դատարանը նկատում է, որ ԶՈՒ գլխավոր պետի պաշտոնավարման համար օրենքով սահմանված է հստակ սահմանափակ ժամկետ՝ հինգ տարի, որի ընդհատման կամ կասեցման կարգ, պայմաններ և հետևանքներ օրենքով նախատեսված չեն, հետևաբար հայցի հնարավոր բավարարման դեպքում, առանց հայցի ապահովման միջոցի կիրառման, կախված գործի քննության տևողությունից, հայցվորի՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված իրավունքը լիարժեք չի իրացվի»։

Այսպիսով` Դատարանը եզրակացրել է, որ սույն գործի նյութերով հաստատվում է այն փաստը, որ տվյալ դեպքում հայցի ապահովում չկիրառելու դեպքում հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ, հետևաբար հայցվորի ներկայացրած հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին և ենթակա է բավարարման։

Հաշվի առնելով, որ հայցվորը ներկայացրել է մեկից ավելի միջոց կիրառելու միջնորդություն՝ Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում կիրառման ենթակա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հայցի ապահովման միջոցը, այն է՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը, որի պայմաններում հայցի հնարավոր բավարարման մասին դատական ակտի կատարման համար որևէ խոչընդոտ չի առաջանա։

Ավելին, Դատարանի գնահատմամբ միայն հայցի ապահովման այս միջոցը կարող է ապահովել ինչպես հայցվորի արդար դատաքննության իրավունքի գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը, այնպես էլ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը՝ հաշվի առնելով, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր չի լինի, և այդ հարցում առկա կլինի որոշակիություն։

Դատարանը հարկ է համարել ընդգծել, որ նշված միջոցի կիրառումն ուղղված է բացառապես հետագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարումը ապահովելու նպատակով, սույն որոշումը չի կայացվում գործի ըստ էության քննության արդյունքում, և Դատարանը գործի՝ ըստ էության քննության արդյունքում դատական ակտ կայացնելիս սույն դատական ակտով կաշկանդված չէ։

Դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանում է երկօրյա ժամկետ, ինչը զրկում է դատարանին հարցի կապակցությամբ դատավարության մյուս մասնակիցների դիրքորոշումներին ծանոթանալու հնարավորությունից։

Այնուամենայնիվ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված են հայցի ապահովման միջոցը փոխարինելու, փոփոխելու կամ վերացնելու հնարավորությունները։

Հետևաբար, ընդգծելով, որ սույն որոշումը կայացնելիս Դատարանն առաջնորդվել է ՀՀ վարչական դատարան դիմած անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, հարկ է համարում նկատել, որ, հաշվի առնելով երկրում առկա ռազմական դրությունը, հայցվորի՝ զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու կարևորությունը պետության պաշտպանության և անվտանգության հարցում, կարևորելով պետության անվտանգությունը, և ըստ այդմ, հանրային շահի և դատարան դիմած անձի սուբյեկտիվ շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, զրկված չէ հայցի ապահովումը վերացնելու իրավական հնարավորությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշել է

1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter