HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց է միայն ՀՅԴ-ի շտաբի դուռը. ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, մասնավորապես՝ թիվ 31 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ առաջադրված հանրապետական, ներկայիս ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի և ՀԱԿ ներկայացուցիչ Սարգիս Թամազյանի Ալավերդում գտնվող շտաբերի դռները այս պահին կողպված են: Իսկ ահա ՀՅԴ «Լալվար» կոմիտեի գրասենյակում, որը նաև կուսակցության նախընտրական շտաբն է, ընթանում է 2007թ. ԱԺ ընտրություններից անավարտ մնացած վերանորոգումը:

«Լալվար» կոմիտեի նախագահ Ռոման Օհանյանը «Հետքին» հայտնեց, որ «վերանորոգումն ընթանում է արագ տեմպերով և մի 10 օրվա ընթացքում կավարտվի»:

Նա Թումանյանի տարածաշրջանում Դաշնակցության նախընտրական շտաբի պետը է: Օհանյանն ասաց, որ ընտրություններում առաջնորդվելու են «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն» նշանաբանով: Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենց նախընտրական շտաբը կազմված է 4 հոգուց. ինքը, դաշնակցականներ Վարուժան Գիգոյանը, Ալբերտ Սարգսյանը և Մերուժան Խեչոյանը:

«Մենք մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու չունենք: Աշխատելու ենք կուսակցության համամասնական ցուցակների համար: Դե, ճիշտն ասած՝ պլակատներ կլինեն, բայց որ մեր Սարգսյան Ալբերտը մեր համամասնական ցուցակում կա և ցուցակում 48-րդ տեղում է, մեր նպատակը հիմնականում նա է, որ մեր կուսակցական ընկերը և մեր քաղաքացին համամասնական ցուցակով անցնի»,- ասաց Ռ. Օհանյանը:

Ստացվում է, որ ՀՅԴ-ի ակնկալիքով՝ ընտրություններից հետո ԱԺ-ում առնվազն 48 դաշնակցական կլինի: «Դե, ընդհանրապես մենք մեր հույսը չենք կորցնում: Բայց, եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն աշխատելու ենք, որ ամեն ինչ ձեռնարկենք ու մեր Սարգսյան Ալբերտին անցկացնենք, գնա հենց Ազգային ժողովի պատգամավոր»,- ասաց Ռոման Օհանյանը եւ հավելոց, որ դեռեւս ընտրողների հետ հանդիպումների ժամանակացույցը չեն կազմել:

Ըստ նրա՝ տեղամասային ընտրացուցակներն արդեն ուսումնասիրվում են «Լալվար» կոմիտեի անդամների կողմից. «Մեր ընտրողները սովորաբար չեն ուսումնասիրում ընտրական ցուցակները, թե այնտեղ մահացածներ, կամ չգրանցվածներ կա՞ն, թե՞ չկան: Հիմնականում դա անում են կուսակցությունները»:

Թիվ 31 ընտրատարածում մեծամասնականով առաջադրված 2 թեկնածուներից ո՞ւմ կպաշտպանի ՀՅԴ-ն, ըստ Օհանյանի, կուսակցության գերագույն մարմնի որոշելիք հարցն է. «Մեզ կտեղեկացնեն: Ներկա պահին մենք թեկնածուներից որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Հանձնարարություն չունենք, և ինձ թվում է՝ չենք էլ ունենա»:

Ռոման Օհանյանի կարծիքով՝ մեծամասնակով առաջադրված թեկնածուներին սատարելը կարող է խանգարել համամասնականով առաջադրված դաշնակցական թեկնածուներին. «Եթե որևէ ընտրողի խնդրել եմ, որ ընտրի Դաշնակցությանը, ասենք, թե էս մարդը Սարգիս Թամազյանի ընտրողն է: Էդ մարդը ինձ պտի ասի՝ «ախպեր ջան, դու ինձ խնդրեցիր, որ ընտրեմ Դաշնակցությանը, ես ընտրեցի: Բա ինչի՞ ես ուզում, որ ես Կարեն Սարիբեկյանին էլ ընտրեմ: Դե որ տենց ա, ես քու կուսակցությունն էլ չեմ ընտրում»: Էս տեսակետից դա մեզ պետք չի, որ որևէ մեկի կողքին կանգնենք, կամ իրանք մեր կողքին կանգնեն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter