HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Խաբեությամբ վաճառվող «բուժիչ» միջոց՝ «կեղծ բժիշկների» ցուցումով

Համացանցով օգտակար և բուժիչ և միևնույն ժամանակ «100% բնական» միջոցների վաճառքը նորություն չէ Հայաստանում։ «Հետք»-ը քանիցս անդրադարձել է այդ ապրանքների վաճառքին՝ ներկայացնելով, որ «բուսական» «սննդային հավելման» կամ «կենսաբանական ակտիվ հավելումների» անվան տակ վաճառվել են արտերկրից բերված և Հայաստանում գրանցում չունեցող ապրանքներ։

Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանում իրացվող, «բժիշկների» և «թերապևտների» կողմից խորհուրդ տրվող «ամեն ինչ» բուժող բնական միջոց, որը, իրականում, գրանցված է որպես սովորական սննդամթերք և չունի հատուկ որևէ բուժիչ հատկությունհետևաբար՝ պետական գրանցում ու հաստատված արդյունավետություն, և վաճառվում է՝ մարդկանց մոլորեցնելով։

 

«Բուժիչ» և բնական միջոցների վաճառքը որևէ խոչընդոտի չի հանդիպում Հայաստանում. պատճառներից մեկն այն է, որ դրանք հիմնականում ներկայացվում են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ կամ սնունդ, որոնք վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինս էլ չի կարողանում ոչինչ ձեռնարկել՝ կանխելու նման միջոցների կամ ԿԱՀ-երի վաճառքը՝ պատճառաբանելով, որ վաճառողները «գրանցված չեն որպես ձեռնարկատեր», կամ որ դրանք հնարավոր չէ «գտնել դեղատներում»։

«Միցելիկս» («Мицеликс») միջոցը չի վաճառվում դեղատներում։ Տիկին Անահիտը 60 տարեկան է (անունը փոփոխված է), «Միցելիկս»-ի գովազդը տեսել է «Ֆեյսբուք»-ում։ Անահիտը Շուշիից է: 11 հոգանոց ընտանիքի 9 անդամների հետ ապրում է Երևանում, գործ է գտել՝ ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում, նաև թոշակ է ստանում։ «Ամեն ինչ բուժող» «Միցելիկս»-ի գովազդը գրավել է նրան, հետաքրքրվել է։ Անահիտին հայտնել են, որ «ինքն ունի բացառիկ 80% զեղչ»։

Անահիտը մտածել է, որ եթե բնական միջոց է, քիմիական չէ, այն էլ՝ զեղչված, արժե ձեռք բերել և օգտագործել 1 տուփ, հատկապես որ աղջիկն աղային կուտակումներ ունի, և գուցե իրեն էլ օգնի։ Հեռախոսահամար է թողել։ Զուգահեռ հարցրել է այդ միջոցի մասին նաև դեղատներում, սակայն նրան ասել են, որ նման ապրանք չունեն և չեն էլ վաճառել։

Հետո կրկին «Միցելիկս»-ը վաճառողները խոսել են Անահիտի հետ՝ համոզելով, որ այն շատ օգտակար է.

«Ինքը (ընկերության ներկայացուցիչը, հեղ.) սկսեց ինձ արագ-արագ հարցնել՝ ձեզ մոտ գլխապտույտ կա՞, գլխի մեջ շում կա՞, ասեցի՝ հա, ճնշում բարձր ա՞, ասեցի՝ հա, ասեց՝ ուրեմն կօգնի,- պատմում է Անահիտը,- բայց ասեցի, որ էդքան սկսել եք գովել, մի ձևի չեմ վստահում, վախեցա, որ կարող է իրական չլինի, ասեց՝ խի ի՞նչ ա, ձեզ մի անգամ խաբե՞լ են, ասեցի դեղերի պարագայում չէ, բայց ուրիշ դեպքերում՝ հա»։

Վաճառողը հավաստիացրել է, որ միանգամայն անվտանգ է, որ իր մայրն էլ է օգտագործել 1,5 տարի, հետո ասել, որ եթե արցախցի է, հավելյալ զեղչ կանեն. «Միցելիկս»-ի ամբողջական կուրսը արժե 150 000 ՀՀ դրամ (1,5 ամիս բուժման համար), իսկ Անահիտին կտան 72 հազարով դրամով «քանի որ 80% զեղչ արդեն ունի» (նշենք, որ 150 000 դրամի ապրանքը 80% զեղչով կարժենար 30 000 դրամ, ոչ թե՝ 72 000)։

Անահիտը չի հասկացել, որ 72 հազարն արդեն զեղչված առաջարկն է, որոշել է համաձայնել ու ձեռք բերել.

«Մտածեցի, եթե էդքան լավ բաներ կա մեջը, կվերցնեմ։ Ասեցի, բայց ես գումար չունեմ, պիտի գումար հայթայթեմ, նոր զանգեմ»,- ասում է Անահիտը։ Ասել է տան հասցեն, հետո հետաքրքրվել է Ռուսաստանի բարեկամների և Հայաստանի ընկերներից, ասել են, որ չարժե գնել, որ ՌԴ-ում այն 150 ռուբլի է և այլն։ Անահիտի ընկերներից մեկը հաղորդագրություն է ուղարկել այդ վաճառողին՝ նշելով, որ չեղարկեն Անահիտի պատվերը։ Սակայն նրան զանգել են ու հայտնել, որ պատվերն առաքում են, դրանից հետո երկու տարբեր օպերատոր-աղջիկներ են զանգահարել՝ ճնշելով, որ գնի, ասելով՝ արդեն պատվիրել եք, պատվերը գրանցվել է, ձեր փոխարեն ինչ-որ հովանավոր գումարի մի մասը փոխանցել է, որ հեռախոսազրույցի ձայնագրությունն ունեն։

«Ասում էի՝ Արցախից եմ, գումար չունեմ, ասում էին՝ բա ձեր առողջությունը ձեզ համար գումարից թա՞նկ է»։

Ի վերջոԱնահիտն ասել է, որ միայն 20 000 դրամ ունի, այդքան կարող է վճարել, իրեն հայտնել են, որ մնացած 52-ը ն էլ ամսվա ընթացքում թող վճարի։ Ապրանքն առաքել են, 20 000 դրամ տվել է, որից հետո վաճառողները անհետացել են ու այլևս չեն պատասխանել որևէ զանգի։ Այս մասին Անահիտի ընկերներից մեկը գրառում է արել «Ֆեյսբուք»-ում՝ հորդորելով չօգտվել այս ապրանքից։

Գրառմանն արձագանքել է տիկին Գայանեն, ով նույնպես թոշակառու է, և նույն սկզբունքով ու դարձյալ 80% զեղչի առաջարկը տեսնելով՝ հավատացել է «Միցելիկս»-ի գովազդին, հեռախոսահամար թողել։

Գայանեին խորհուրդ են տվել վերցնել 3 տուփ, հատը՝ 12 000 դրամով։

«Ասեցի՝ թոշակառու եմ, միանգամից այդքանը չեմ կարող վերցնել, ասեցին՝ ճնշման դեղ խմո՞ւմ եք, ասեցի՝ հա, ասեց՝ ճնշման դեղը երևի ավելի թանկ արժի, քան սա, հետո էլ, ասեցին, որ սա խմեք, էլ ճնշման դեղ չեք խմի, մտածեցի՝ լավ կլինի, որ ճնշման դեղ չխմեմ, սրանով կարգավորեմ ճնշումս, ու պատվիրեցի»,- պատմում է Գայանեն։

Հետո Գայանեն բժշկի խորհրդատվություն է ցանկացել, իր հետ է կապ է հաստատել իբրև թե ընկերության գլխավոր թերապևտը։ Գայանեն պատմել է, որ մեկ երիկամը հեռացված է, այդ բժիշկն էլ ասել է, որ «Միցելիկս»-ը ոչ մի կողմնակի ազդեցություն չունի, շատ օգտակար է, անոթներն ու լյարդն է մաքրում և այլն։

«Ես թոշակս ստացել եմ 35 500 դրամ, ու ամբողջությամբ տվել եմ իրենց, էդ դեղերն եմ գնել, կորոնա եմ տարել, մտածում էի՝ անոթները կմաքրի, երևի լավ կզգամ»,- ասում է Գայանեն՝ նշելով, որ մի քանի օր է՝ խմում է «Միցելիկս»-ը։

 

Ամեն ինչ բուժող միջոց, որն իրականում փաթեթավորված ուտելիք է

Եթե հավատանք համացանցում եղած բաց տեղեկություններին, սոցիալական ցանցերի գովազդին, «Միցելիկս»-ը «կարգավորում է ճնշումը, արյան մեջ շաքարի քանակը, վերացնում է բորբոքումներն ու հոդացավերը, ինչպես նաև՝ նպաստում քաշի նվազմանը»։ Արտադրողը «երաշխավորում է» ոչ միայն բուժիչ, այլև երիտասարդացնող հատկություն։ Որպես հակացուցում նշվում է՝ հղիությունն ու տարիքը՝ մինչև 12 տարեկան։ «Միցելիկս»-ն արտադրում է Մոսկվայում գտնվող «Восток плюс» ՍՊԸ-ն։

ՏՊ-ով՝ (տեխնիկական պայմաններ, Технические условия (ТУ)) այս ապրանքը համարվում է չորացրած կերակրային ապրանք (ТУ 9164 003 59350416 11- չորացրած հատապտուղներ, մրգեր և այլն), ոչ թե բուժիչ միջոց կամ կենսաբանական ակտիվ հավելում և բժշկության հետ որևէ կապ չունի։ «Միցելիկս»-ն ունի համապատասխանության գնահատման հավաստագիր 021/2011 տեխնիկական կանոնակարգով, ըստ որի՝ այն սովորական սննդային հավելում է (ԿԱՀ չէ)։

Ռուսական կայքերից մեկում, որտեղ գովազդվում է այս ապրանքը, ակցիա է՝ «Միցելիկս»-ը վաճառվում է 1980 ռուբլի, բայց ընդամենը 3 ժամվա ընթացքում կարելի է այն ձեռք բերել 147 ռուբլիով։

Կայքում ներկայացված է բժիշկների ցանկ, որոնք ընդգծում են այս ապրանքի բարձր արդյունավետությունը. բժիշկներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Օրինակ, Մարդու առողջության ինստիտուտի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Մ.Ս. Ֆեդորենկոն (Институт здоровья человека М.С. Федоренко) գովում է այս ապրանքն ու դրա արդյունավետությունը՝ նշելով, որ այն «աուտոիմուն հիվանդությունների ժամանակ» «կոմպլեքսային թերապիա» է։

Թեև նման ինստիտուտ կա Սանկտ Պետերբուրգում, սակայն այն ստոմատոլոգիական ինստիտուտ է, իսկ Մ.Ս. Ֆեդորենկո անունով բժիշկ այնտեղ չի աշխատում։ Ավելին, նման անվանատառերով և ազգանունով բժշկական գիտությունների թեկնածու Ռուսաստանում չկա։

Նույն պատմությունն է նաև Սեմյոն Ստարինցևի մասով, որը կայքում ներկայացված է իբրև նուտրիոպատ, ազգային բուժիչ/դարմանող (народный целитель), ով շատ է գովում հատկապես «Միցելիկս»-ի բաղադրությունը։

Երրորդ բժիշկը չինացի է՝ Յուն Ցաո Լի անունով, որն իբրև թե Չինաստանի Խարբին քաղաքի վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավարն է։ Նման անունով բժիշկ իհարկե, նույնպես գոյություն չունի, իսկ բուժհաստատության նկարագրությունն այնքան ընդհանրական է՝ վերականգնողական կենտրոն, որ, իհարկե, Խարբինում և շատ այլ քաղաքներում կարող է հանդիպել, բայց որոնք ունեն կոնկրետ անուններ։

Ընկերությունը տեղյակ չէ՝ ի վերջո ինչ է վաճառում, բայց վստահ է՝ «բուժիչ է»

Հայաստանում «Միցելիկս»-ն իրացվում է բացառապես սոցիալական ցանցերի և զանգերի կետրոնների միջոցով։ Այն վաճառում է «Med Space» LLC ընկերությունը (այդպես է նշված ապրանքի հաշիվ-ապրանքագրի (invoice) թերթիկի վրա), որի վերաբերյալ ոչ պետական էլեկտրոնային ռեգիստրում, ո'չ ՊԵԿ-ում տվյալներ հնարավոր չեղավ գտնել։

Միակ հասանելի տեղեկությունն այն էր, որ ընկերությունն աշխատանքի հայտարարություններ էր տեղադրել որոշ կայքերում՝ փնտրելով գրասենյակի, օնլայն վաճառքի մենեջերների, վաճառքի մենեջեր՝ արաբերենի իմացությամբ։ Ահա այն ամենը, ինչ հնարավոր եղավ գտնել համացանցում «Med Space» ընկերության մասին։ 

Մենք զանգահարեցինք այդ ընկերություն՝ ներկայանալով որպես գնորդ։ Կոնսուլտանտը, որը հետագայում ներկայացավ որպես ընկերության թերապևտ Լիլի Բաղդասարյան, սկսեց պատմել ապրանքի բուժիչ հատկությունների մասին ստանդարտ տեքստը։

Նա «Միցելիկս»-ը մեզ ներկայացրեց որպես «Միացյալ Նահանգների պրեպարատ», միանգամայն բնական, որն արտոնված է ԱՄՆ բժշկական ասոցիացիայի կողմից, ստուգված և հաստատված է, իր լիցենազիայով, ոչ մի հակացուցում չունի, անգամ հղիներն են օգտագործում։

«Սրտանոթային սիստեմայի համար է շատ լավ, ինֆարկտներից և ինսուլտներից է պահպանում, անոթներն է մաքրում, խոլեստերինն՝ իջեցնում, արյան ճնշումն ու շաքարն է կարգավորում, օսթեոխոնդրոզի, վարիկոզի դեմ է պայքարում, շատ լավ է գլխացավերի, խշխշոցների, գլխապտույտների ժամանակ»։

Նրա խոսքով՝ ապրանքը միանգամայն բնական է, դեղ չէ, «սնկային հավաքույթ է», որոնց «համագործակցությունը» մի քանի հիվանդություններ է բուժում ու հետո «պահպանում է արդյունքը»։

«Ինքը ոչ թե քիմիական դեղերի նման, ասենք, ճնշումը բարձրանում է, իջացնում է, այլ ինքը չի թողնում, որ բարձրանա, կարգավորում է օրգանիզմի աշխատանքը»,- ասում է Լիլի Բաղդասարյանը։

Կուրսը, ըստ նրա, կախված է հիվանդության խորությունից, բայց լավ է՝ լիարժեք կուրս անցնել ու գնել 40 տուփ. մեկ տուփը 10 օրվա է։ Հիմա այն 18 000-ից զեղչվել է 12 000 դրամ (40x12 000= 480 000 դրամ՝ լիարժեք կուրսը՝ զեղչով, հեղ.)։

Սկզբի համար առաջարկեց վերցնել 2 տուփ, եթե խնդիրները լուծվեն, այլևս շարունակելու կարիք չի լինի. ասաց՝ իրենց գնողները շատ-շատ, ու բոլորն էլ գոհ են. «Մեծ մարդիկ մեզ մոտից շատ են վերցնում ու խմում են ամբողջ կուրսը, թեկուզ պրոֆիլակտիկայի համար»։

Ըստ նրա՝ նրանց մեծամասնությունը ճնշում և շաքար ունի, «խմում և լավ են զգում իրենց», հետո արդեն այլ դեղեր խմելու կարիք չի առաջանում, «վիճակը ստաբիլանում է»։

Լիլի Բաղդասարյանը նշեց, որ իրենք ներկայացնում են ռուսական «Զդորով» ընկերությունը (zdorov.com), որ նաև նիհարելու միջոցներ են վաճառում։ Ունեն նաև դիետոլոգներ, որոնք կարող են խորհրդատվություն տալ, բայց՝ բացառապես հեռախոսով։

Այս խոսակցությունից հետո ընկերության թերապևտին հայտնեցինք, որ «Միցելիկս»-ը ՏՊ-ով և տեխնիկական կանոնակարգով համարվում է սովորական սնունդ, բուժիչ հատկություն չունի, ինչի՞ հիման վրա է նա այդ բոլոր դրական հատկությունները մեզ ներկայացնում։ Լ. Բաղդասարյանն ասաց, որ «Միցելիկս»-ն ամերիկյան է և «հաստատված՝ ԱՄՆ բժշկական ասոցիացիայի կողմից»։

Հատված հեռախոսազրույցից.

- Ձեր նշած ապրանքը կա միայն Ռուսաստանում, արտադրվում է այնտեղ ու չի համարվում ամերիկյան, ամերիկյան բազայում այն չկա, ԱՄՆ բժշկական ասոցիացիան այն չի հաստատել։

-Տեսե՛ք, մեր մոտ մի քանի կամպանիաներ են, մենք կոնսուլտացիա ենք ներկայացնում։ Ամեն մի սունկը մի ֆունկցիա է կատարում։

- Բուժիչ հատկությունները փորձաքննություններով հաստատվա՞ծ են, թե՞ դուք եք ենթադրում։

- Չէ’, ես ո՞նց կարող եմ ենթադրել։

- Էդ դեպքում ինչի՞ է գրանցված որպես սնունդ։

- Ինքը սնունդ չի։ Բայց դուք կարդացել եք, չէ՞ինքը ինչի համար է։

- Ես կարդացել եմ ապրանքի գրանցման տեխկանոնակարգը, որտեղ գրված է, որ այն համարվում է սնունդ։

- Բացատրեմ, գիտե՞ք՝ ինչի սնունդ, որովհետև ինքը քիմիական ոչ մի նյութ չի պարունակում։ Բժշկությունում կան պրեպարատներ քիմիական, որոնք համարվում են դեղորայք, ու կան, որոնք չեն պարունակում քիմիա։

- Դրանք կենսաբանական ակտիվ հավելումներն են, որոնք պետք է ունենան պարտադիր պետական գրանցում, ինչը ձեր ապրանքը չունի։

- Ո՞նց։

- Չունի, ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրում չկա։

- Ոնց չունի, ես ձեզ բացատրեմ, որ ինքը գալիս է, այս թղթերով է ձեզ մոտ գալիս։ Ինչի՞ գրանցված չի որպես դեղորայք, որովհետև չի պարունակում ոչ մի քիմիական նյութ։

- Կենսաբանական ակտիվ հավելու՞մ է համարվում։

- Չէ, չի համարվում, ինքը դեղորայք է համարվում, բայց ինքը դեղորայքների մեջ չի մտնում, որովհետև քիմիական չի։

- Դուք բժիշկ եք և ասում եք, որ և՛ դեղորայք է համարվում, և՛ սնու՞նդ։

- Չէ, սնունդը գիտե՞ք որն է, վիտամիններ կան, որ ԿԱՀ-եր են, վիտամիններ կան, որ դեղեր են։ Իր մեջ քիմիական բան չկա, բայց ինքը բուժիչ է։

- Ինչի՞ հիման վրա եք ասում, որ բուժիչ է, կլինիկական փորձաքննությու՞ն է անցել։

- Այո, անցել է, բժշկական ասոցիացիայի կողմից ստուգված է, եթե հակասություններ չունի, դա հո ես չեմ ասում, դա իր թղթերի մեջ է նշված։ Ես չգիտեմ ինտերնետում դուք ինչ եք կարդացել։ Բայց ուտելիքը՝ ԿԱՀ-ը, ոնց կարող է շաքարը իջեցնի, անոթները մաքրի, ոն՞ց կարող է, ճնշումը կարգավորի։

- Ձեր ապրանքը որպես ուտելիք է գրանցված։

- Հասկանում եմ, բայց ես էլ բացատրում եմ՝ ինչի ինքը դեղորայք չի։

- Եթե ունի բուժիչ հատկություն, պետք է ունենա պետական գրանցում՝ որպես հատուկ սնունդ, այն չունի պետական գրանցում։

- Ո՞վ ասեց ձեզ։

- ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրը։

Այնուհետև Լ. Բաղդասարյանը նորից հղում է անում ինչ-որ բժշկական ասոցիացիաների, որ ապրանքը հաստատված է, հետ հայտնում, որ նորից կարող է ճշտումներ անել «Միցելիկս»-ի վերաբերյալ ու մեզ հայտնել։ Խնդրում ենք՝ ուղարկել այդ ամենն ապացուցող փաստերը:

Լ. Բաղդասարյանն ասում է, որ այդ փաստաթղթերը պահեստում են, որ գտնի, «Viber»-ով կուղարկի (մինչ օրս որևէ փաստաթուղթ մենք չենք ստացել, իսկ նույն համարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան)։

Հայտնեցինք ընկերության թերապևտին, որ «Մեդ Սփեյս» ՍՊԸ անունով  կազմակերպություն Հայաստանում չկա գրանցված։ Վերջինս նախ, հերքեց դա, ապա հայտնեց, որ ինքը նման բաներ չգիտի՝ կա գրանցված, թե ոչ, չի կարող ոչինչ ասել։

- Ես կոնսուլտանտ եմ, չգիտեմ, գրանցված-չգրանցված էդ հարեցրից տեղյակ չեմ, իհարկե գրանցված է։

-Բայց դուք պատասխանատվություն եք, չէ՞, վերցնում ձեզ վրա, ներկայանում եք որպես բժիշկ, ասում եք՝ լավ ապրանք է, բուժիչ է, իսկ հիմա էլ ասում եք՝ կճշտեք, կասեք, թե ինչ է համարվում ձեր միջոցը։

Լիլի Բաղդասարյանը, չիմանալով այլևս ինչ պատասխանել, հայտնեց, որ այդքան ժամանակ չունի մեկ հաճախորդի վրա ծախսելու համար։

 

Հգ. Մեր այս զանգից հետո ընկերությունից կապվել են Անահիտի հետ՝ առաջարկելով վերադարձնել գումարը և խնդրելով հեռացնել ֆեյսբուքյան գրառումը։

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Խորհուրդ եմ տալիս չօգտվել սիրելի հայրենակիցներ։ Ինքս եմ գնել ստիպողաբար իփր 80% զեղջով 10 հատը 11000 դրամով ։ Իհարկե շատ էին առաջարկում չհամաձայնվեցի ։ Մի խոսքով երկու օր օգտագործելուց հետո իմ մոտ առաջացավ սնկային հիվանդութրուն , մաշկային քոր, աղինեի խցանում։ Սննդային հավելումը որպես դեղամիջոց վաճառելու ընթացքում ինձ ներկայացրեցին , որպես անոթները մաքրող միջոց, այնինչ խաբեպահություն է և գումար աշխատելու միջոց ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter