Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի ԱԺ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին
Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին ու Թագուհի Թովմասյանին:
Արցախի ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Հանդիպման ժամանակ Արցախի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «150 հազարանոց Արցախը փաստացի կռվել է Թուրքիայի հետ, ավելի քան 5000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, ու ամենավրդովվեցուցիչն այն է, որ միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում է տեղի ունեցել այս ամենը»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը:Նշելով, որ օրակարգում Արցախի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են անկախ կին պատգամավորները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել