
Լրագրողը դատի չի տա իրեն հայհոյած պատգամավորին
Երեկ Ազգային ժողովում հերթական միջադեպն է գրանցվել պատգամավորի եւ լրագրողի միջեւ: Այս անգամ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանի հարաբերություններն են լարվել:
Ինչպես պատմում է լրագրողը, ԱԺ միջանցքում հանդիպելով Սաշիկ Սարգսյանին` մոտեցել է նրան եւ հարց ուղղել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սաշիկ Սարգսյանը խլել է Մարինե Խառատյանի ձայնագրիչը, եւ ըստ լրագրողի` «բոլոր հնարավոր կոճակները սեղմելով` անջատել այն` թե ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս»:
Այնուհետեւ Սաշիկ Սարգսյանը սկսել է վիրավորել եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալ լրագրողին: Մարինեի խոսքերով` դեպքին ականատես են եղել ԱԺ աշխատակիցները, որոնք էլ հետ են պահել պատգամավորին, եւ իր վրա հարձակումը կանխվել է: Մարինեն ասում է, որ Սաշիկ Սարգսյանի հայհոյանքներին ականատես է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա չի հանդարտեցրել Ս. Սարգսյանին, հակառակը սաստել է լրագրողին, թե «մարդը չի ուզում, հարց մի տվեք»:
«Հրապարակի» լրագրողը ձայնագրել է հայհոյանքների վերջին հատվածը, որը պատրաստվում է ուղարկել ՀՀ նախագահին:
Գալուստ Սահակյանից պարզաբանում վերցնել չհաջողվեց: Պատգամավորի հեռախոսը ժամանակավորապես արգելափակված է:
«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում պատգամավորների պարտադրած խաղի կանոններն ընդունել եւ դատի տալ նրանց: «Ընդհանրապես դատարան դիմելը լավագույն ճանապարհը չէ հարցերը լուծելու համար. պարզապես պետք է մեր գրելով, լրատվական դաշտի միասնությամբ կարողանանք մեր հարցերը լուծել: Առաջին դեպքը չէ, երբ Սաշիկ Սարգսյանը այդպես է վարվում լրագրողների հետ: Ժամանակն է, որ այդ մարդուն ինչ-որ ձեւով հասկացվի, միգուցե արժի, որ լրագրողական հատուկ բոյկոտ հայտարարենք կամ հակառակը` միշտ մոտենանք հատուկ հարցեր տանք, որ բացվի եւ իր դեմքը ցույց տա հասարակությանը: Կարծում եմ` ճիշտն այդ տեսակ քայլեր անելն է, ոչ թե դատարան դիմելը»,- նշում է Արմինե Օհանյանը:
Ա. Օհանյանի խոսքերով` այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ , երբ մեր երկրում «ամենալկտի մասսան դարձել են հենց Ազգային ժողովի պատգամավորները, որ իրենց պարտականությունները չեն կատարում օրենսդիր մարմնում եւ նույնիսկ լրագրողների հետ շփվելու կուլտուրա չունեն»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել