
Մարաղայի կոտորածների 20-րդ տարելիցը. «Նրանք ինձ մանրամասնություններ պատմեցին. ես շատ բան գիտեմ»
Հայկ Ղազարյան
Վաղը` ապրիլի 10-ին, լրանալու է Մարաղայի կոտորածների 20-րդ տարելիցը: Այսօր արցախցի երիտասարդները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց երթով շարժվեցին դեպի Եղբայրական գերեզմանոց: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է մեռելոցը, դրա համար էլ երթի մասնակիցները նաև ցուցապաստառներ էին պատրաստել Բաքվի ու Սումգաիթի ջարդերի կապակցությամբ:
«Դա նման է Գողգոթային… շատ տարիներ անց»: Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են, ով 1992-ի ապրիլի 10-ից մի քանի օր անց ժամանել էր Մարաղա:
Ըստ maragha.org կայքէջի` 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը այրեցին գյուղը և կոտորեցին բնակչությանը: Ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանվել է 80-100 հայ, այդ թվում՝ 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը՝ գերեւարվել: Պատանդներից ոմանց հետագայում փոխանակեցին, սակայն շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է:
Երբ երթի մանակիցներն անցնում էին Ազատամարտիկների պողոտայով ու վանկարկում «Հա-տու-ցում» ու «Ճա-նա-չում», շենքերից մեկի պատշգամբում մի կին կանգնած արտասվում էր. «Մենք 1993 թվականին Աղվերանում էինք, մեզ հետ այնտեղ ապրում էին մարաղացի փախստականներ: Նրանք ինձ մանրամասնություններ պատմեցին. ես շատ բան գիտեմ»:
Մեկնաբանել