HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները մտել են վճռական փուլ

«Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով այսօր պանելային քննարկում է իրականացվել, որտեղ քննարկվել են Հայաստանի էներգետիկ ռազմավարության իրականացման առանցքային փուլերը, Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների ընթացքը և երկրի էներգետիկայի գործունեության կարևոր այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են պրոֆիլային հիմնարկների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Միջոցառման մոդերատորն էր Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ 

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։ 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Երկար տարիների ընթացքում ատոմային էներգետիկան մեր երկրի համար հանդիսանում էր գեներացման բազային աղբյուր, և այդ ոլորտի դերը մնացել է անփոփոխ նաև այսօր։ Մինչև 2040թ․ Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում, իսկ հեռանկարում նաև նոր  ատոմակայանի կառուցում։ Կարևոր է նաև ընդգծել, որ ԱԷԿ-ը՝ մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և շնորհիվ ատոմային գեներացիայի Հայաստանը կկարողանա կատարել կլիմայի փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Համոզված եմ, որ պանելային քննարկման ընթացքում ներկայացված գաղափարները կծառայեն երկխոսության և ատոմային ոլորտում գործընկերության խորացմանը»: 

Բացելով միջոցառումը, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց․ «Այս տարի մենք նշում ենք կարևոր հոբելյան՝ Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966 թվականին ընդունվել է Հայկական ԱԷԿ-ը կառուցելու որոշում և այսօր մեր ատոմային ոլորտն ապահովում է էլեկտրաէներգիայի գեներացման կայուն աղբյուր և հանդիսանում է գիտության և բժշկության զարգացման խթան։ Այսօր Հայաստանն արժանի տեղ է գրավում Միջուկային էներգետիկ երկրների Ակումբում, և մենք կարող ենք վստահ լինել մեր էներգետիկ անվտանգության և անկախության հարցում հենց «խաղաղ ատոմի» շնորհիվ»։ 

Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ 

2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ․ իրականացվել է սպրինկլերային համակարգի արդիականացում, հետազոտվել են ստուգման ենթակա բոլոր սարքավորումները (շուրջ 5000 միավոր), ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը 10-15 տոկոսով՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագործման հավելյար ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ։ Կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն։ 

«2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, այն ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները», - նշեց Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի  ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter