HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի այսօրվա միջադեպի մասին

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից: Ասել է Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի այսօրվա միջադեպի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ իրենց կողմից ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները: 

Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն  իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում: 

Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն: 

Ըստ Փ.Ֆահրադյանի  և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են: 

Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:

Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:  

Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ:

Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:

Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:

Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:

Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:

Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից:

Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն: 

Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Մեկնաբանություններ (1)

Կ.Սահակյան
Կնոջ հետ ընդմիջում է անում, լավ է անում։ Լրագրողը իր հարցերը կարող էր հետո տալ, հարցազրույցի համար ժամ պայմանավորվեր, իրեն անհանգստացնող հարցերը տար, ոչ թե տեսախցիկը միացրած վրա պրծներ, հունից հաներ։ Հանգիստ, համեստ ընդմիջում են անում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter