HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիոգենեսիս

Հանրային համակարգերում (պետություններում) որակական փոփոխությունների երկու եղանակ է առկա: Մեկը աստիճանական (անգլերենով՝ incremental), իսկ երկրորդը՝ ռադիկալ կամ հեղափոխական (անգլերենով՝ radical, revolutionary): Պատահում է նաև, որ փոփոխությունների երկու եղանակներն էլ համադրվում են:

Կան պետություններ, որոնցում տարիներ շարունակ հանրային խնդիրներ են կուտակվում և դրանց լուծումներ չեն տրվում՝ փոփոխություններ չեն լինում: Դրանցից է Հայաստանը (Արցախը ներառյալ): Հայաստանում տարիներ շարունակ խորացող խնդիրները բացարձակապես անվտանգության և արդարության մակարդակներում են եղել և մնում:

Ինչ ասել է անվտանգություն: Սրա մասին խոսելիս երկու ուղղություն պետք է հաշվի առնել: Ֆիզիկական՝ գոյաբանական անվտանգություն, երկրորդ՝ սոցիալական անվտանգություն:

Սոցիալական անվտանգության խաթարումը հետևյալ կերպ է դրսևորվում: Հանրային լայն շերտերի համար որակյալ բժշկական ծառայությունների բացակայություն կամ դժվար հասանելիություն, զարգացած աշխարհին ներհատուկ կրթության և սոցիալական ծառայությունների ոչ հասանելիություն կամ ոչ մատչելիություն: Արդեն 30 տարի է անկախ Հայաստանը, սակայն առ այսօր չունի համատարած բժշկական ապահովագրություն և հասանելի ու ընդհանուր առմամբ որակյալ բժշկական ծառայություններ. Կրթական համակարգը, հատկապես ավագ դպրոցից մինչև բուհական համակարգ, գտնվում է անպիտանության հավասար անարդյունավետ վիճակում: Նույնն է դրությունը սոցիալական ծառայությունների մասով: Այս պայմանները՝ արդարության բացակայությամբ համեմված (կորզող օլիգարխիկ կառուցակարգերի գոյություն), քաղաքացու ոտքով քվեարկության հիմնական պատճառն էին դարձել:

2020 թվականի պատերազմը ոտքով քվեարկության (արտագաղթ) ևս մեկ պատճառ ցցուն կերպով առաջադրեց: Դա վերաբերվում է ֆիզիկական անվտանգությանը: Քաղաքացիները, որոնց սոցիալական անվտանգությունը գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում, այսուհետ նաև մտահոգված են իրենց ֆիզիկական անվտանգությամբ:

Հատկանշական է, որ տարիներ շարունակ՝ հատկապես սոցիալական անվտանգության և արդարության խաթարվածության մասով առկա մարտահրավերները չլուծելն էր, որ հանգեցրեց ճգնաժամի հասունացման և դրա գագաթնակետը՝ շրջադարձային կետը, 2018 թվականն էր: Սա փաթեթավորվեց որպես հեղափոխություն, ինչը մարդկանց խոստանում էր՝ նրանց մոտ հույսեր էր առաջացրել, որ տարիներ շարունակ սպասված փոփոխությունների ձախողված աստիճանականությունը (ինքրեմենտալիզմը) փոխվելու է հեղափոխականությամբ: Այսինքն, ակնկալիք կար, որ խնդիրները լուծվելու էին մեծ արագությամբ և վերականգնվելու է արդարությունը:

Ցավոք, ո՛չ առաջինը տեղի ունեցավ, ո՛չ էլ՝ երկրորդը: Մարդկանց սոցիալական անվտանգությունը շարունակեց մնալ մեծ մարտահրավեր, իսկ տնտեսական կորզող կառուցակարգերը, հանձինս օլիգարխիկ համակարգի, շարունակեցին «արդյունավետությամբ» կորզել հանրային և պետական ռեսուրսները՝ հանուն փոքր խմբերի հարստացման` ի հաշիվ լայն զանգվածների բարեկեցության:

2018 թվականին իր գագաթնակետին հասած ճգնաժամն առաջադրել էր փոփոխությունների մեծ սպասումներ, որը ձախողած անձը երկիրը տարավ կործանարար պարտության՝ քաղաքացիներին զրկելով նաև պետության կողմից ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալու կարողության հանդեպ հավատից:

Հարկ է նշել, որ այնժամ, երբ հանրային խնդիրները՝ պետության առջև ծառացած մարտահրավերները, չեն լուծվում աստիճանական կամ ռադիկալ բնույթի փոփոխություններով, որոնք երկրի ներսում սկսված գործընթացների արդյունք պետք է լինեին, ապա դրանք պարտադրվում են դրսից:

Ցավալի է, բայց արտաքին պարտադրանքը վերը շարադրած հանրային ճգնաժամի շրջադարձային կետին հասնելուց (2018թ) ընդամենը 2 տարի հետո տեղի ունեցավ՝ տարածաշրջանում մեր ֆիզիկական գոյության սպառնալիք հանդիսացող թրքա-ադրբեջանական տանդեմի ձեռամբ:

Պարտադրանքը թելադրվեց մեծ կորուստների գնով: Ավելի ճիշտ՝ դրվեց պարտադրանքի սկիզբը: Այդուհետ, Հայաստանում փոփոխությունների (պարտադիր չէ՝ դրական) ցանկացած օրակարգ թելադրվելու է դրսից՝ գոյաբանական սպառնալիքների ներքո: Այդ փոփոխությունների առաջին իրավական դրսևորումը կլինի հունիսին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունը: Իհարկե, սրանով վերոնշյալ սոցիալական և ֆիզիկական անվտանգային մարտահրավերները չեն լուծվելու: Ավելին, հավանական է, որ չի էլ դրվելու դրա սկիզբը: Սրա համար կա երկու հիմնական պատճառ. նախ՝ դրական փոփոխությունների մեծ սպասելիքներ ձևավորած, սակայն դրանք ամբողջովին ձախողած անձը, (իր խմբակով) պետությունը անդունդի եզրին բերելուց հետո, դեռ հավակնում է մնալ իշխանության. երկրորդ՝ հանրային լայն շերտերի մոտ չկա ընկալում ձախողված հայկական պետության խորքային պատճառների վերաբերյալ: Իսկ դրանք, ինչպես նշել եմ արդեն, անվտանգության և արդարության բացակայության ծիրում են:

Հետևաբար, գալիք ԱԺ արտահերթ ընտրությունը հավակնում է լինել հայկական պետականության ձախողման մեկ այլ շրջան և ոչ ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter