HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղենիքում մանկապարտեզը փակվել է, նույն ճակատագիրը կարող է ունենալ նաեւ դպրոցը

Լիլիթ Աբրահամյան

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի մանկապարտեզը 2007թ.-ից փակվել է, որովհետեւ գյուղում այլեւս մանկապարտեզային տարիքի երեխաներ չեն եղել: Գյուղը մանկապարտեզի տիպային շենք չի ունեցել, մշակույթի տան մի անկյունում սենյակներ էին վերանորոգել, կահավորել էին Ջինիշյան հիմնադրամի օգնությամբ ու այդկերպ կազմակերպել նախադպրոցական հիմնարկի գործունեությունը: Թեղենիքի համայնքապետ Մարատ Բաղդասարյանը հայտնեց, որ գյուղում տարեց-տարի երեխաների թիվը նվազեց, եւ ի վերջո մանկապարետզի կարիքն այլեւս չեղավ:

Գյուղացիների ասելով՝ մի քանի տարի հետո նույն ճակատագիրը կունենա նաեւ դպրոցը, որն այս տարի 2 առաջին դասարանցի է ընդունել: Դպրոցի 6, 7 եւ 8-րդ դասարանները պարապմունքները միասին են անցկացնում, քանի որ երեք դասարանում միասին վերցրած 6 աշակերտ է սովորում: Դպրոցը վերջին տարիներին է վերանորոգվել, որի համար պետական բյուջեից հատկացվել է 97 մլն դրամ, այն ապահովված է լոկալ ջեռուցումով, սակայն դպրոցահասակ երեխա ունեցողները պայմաններն այլեւս չեն կարեւորում:

«Կոմպլեքտ դասարաններով են պարապում, երեխան ի՞նչ կրթություն պետք է ստանա այստեղ»,- ասում է թեղենիքի բնակիչ Միհրան Գրիգորյանը, ու ավելացնում, որ իր 3 թոռնիկներին մտածում է գյուղից ոչ հեռու գտնվող Չարենցավան քաղաքի դպրոց կամ Երեւան տանելու մասին: Գյուղացիները դժգոհում էին նաեւ, որ գյուղում ոչ մի խմբակ չի գործում, որ երեխաները մի բան սովորեն:

1996 թ.-ից Թեղենիքի համայնքապետի պաշտոնն զբաղեցնող Մարատ Բաղդասարյանն ասում է, որ իր ղեկավարման առաջին տարիներին դպրոցում 119 աշակերտ էր սովորում, իսկ հիմա նրանց թիվը 57-ն է: Վերջին մարդահամարի ժամանակ Թեղենիքում 707 բնակիչ է հաշվառվել, համայնքապետի ասելով, նրանցից 96-ը փաստացի չեն բնակվում գյուղում:

«Երիտասարդությունը Ռուսաստանում է, մեր գյուղում ամուսնություն չի լինում արդեն, որ սերունդ ավելանա»,- ասում է գյուղի բնակիչներից Արմինե Սուքիասյանը: Գյուղամիջում հավաքվածներից գրեթե բոլորը նշում էին, որ իրենք էլ  մի քանի տարի Ռուսաստանում են եղել կամ իրենց ընտանիքի ադամներն են այնտեղ:

«Ո՞րն է գյուղի ամենակարեւոր չլուծված խնդիրը, որը մեծ չափերով արտագաղթի պատճառ է դառնում»,- հարցնում եմ հավաքվածներին ու բոլորը միաբերան պատասխանում են. «Մենք միայն աշխատանքի խնդիր ունենք»:

Գյուղացիները գոհ էին գյուղի կոմունալ-կենցաղային պայմաններից՝ գյուղը կիսով կոյուղացված է, ապահովված են խմելու եւ ոռոգման ջրով, գազիֆիկացված է, դպրոցը բարեկարգ վիճակում է: Այս շարքում բացառություն է կազմում միայն մշակույթի տունը: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ 4-րդ տարին է վերանորոգման նախագիծը կազմել են, 87 մլն դրամի նախահաշիվ է արվել, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով կառավարությունը սառեցրել է ծրագիրը:

Թեղենիքում բնակչության զբաղվածությունը համարվում է անասնապահությունը եւ հացահատիկի մշակությունը: Խորհրդային տարիներին, նրանց ասելով, բնակչության զբաղվածության հարցը հիմնականում լուծված էր ի հաշիվ Չարենցավանի գործարանների, մի մասն էլ գյուղի սովխոզում էր աշխատում: «Հիմա ոչինչ չկա, փոքր ու միջին բիզնեսի բոլոր փորձերը տապալվել են»,- ասում է Միհրանը օրինակ բերելով իր կառուցած ալրաղացի արտադրամասը, որի գործունությունը դադարեցրել է արդեն 4 տարի: Նրա արտադրամասի կողքին լքված ֆերմա է, որտեղ ինչ-որ ժամանակ ճագարներ են պահել:

«Վերջին տարիներին գյուղում անասնապահությունը զարգացած էր, լիքը ոչխար ու կով էին պահում, բոլորը վարկերի պատճառով մորթեցին ու ծախեցին, որ պարտքերը տան»,- ավելացնում է Միհրանը: Գյուղացիները պնդում էին, որ ցանքսի ծախսերը արդարացված չեն, այդ պատճառով հրաժարվել են նաեւ հացահատիկագործությունից:

Գյուղում 2 խանութ կա, որոնց գործունեությունը նույնպես արդարացված չէ: «Այս խանութը  7 հատորանոց ապառիկի ցուցակ ունի, այս  կինը նստում է այստեղ, որ տեսնի, թե ում ինչ է պետք՝ տա տանեն»,- ասում է Միհրանը մատնացույց անելով «Վիկտորյա» անվանումով խանութի դռան առջեւ կանգնած տիկնոջը՝ Արմենուհուն:

«Արդեն 3 տարվա ցուցակներ են, սրանց 80%-ը մարված չէ, ես պարապ տունը չնստելու փոխարեն այստեղ եմ նստում»,- ապառքի գրացումների տետրերը մատնացույց անելով ասում է խանութպան Արմենուհի Սյուքիասյանը: Նրա ամուսինը, ով գյուղի ավագանու անդամ է, նույնպես մեկ տարի առաջ է վերադարձել Ռուսաստանից:

Աշխատունակ տարիքի տղամարդկանց հույսը դարձյալ սոցիալական նպաստներն են մնացել: Արմեն Խաչատրյանը դժգոհում էր, որ կառավարությունը չի կատարում նաեւ այս ոլորտում տրված իր խոստումները: 

Դեռեւս անցյալ տարի որոշում ընդունեց, որ մասնակի կփոխհատուցի սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի վարձավճարը:

Համաձայն որոշման՝ 2011 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2012 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում անապահով ընտանիքները բնական գազի 1 խմ-ի համար 132 դրամի փոխարեն կվճարեն 100 դրամ:

Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ երկու անչափահաս երեխա ունի, կենսաթոշակառու ծնողներ, իրենց ընտանիքը նպաստառու է: Անցյալ տարի Եղվարդի սոցիալական ծառայությանը ներկայացրել է գազի սպառման իր կտրոնը փաստարկելու համար, որ ամսական 5000 դրամից ավել չի ծախսում: Սոցիալական ծառայությունում հավաստիացրել են, որ հաջորդ ամսվանից 100 դրամով կհաշվարկեն, սակայն այդպես էլ չեն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter