
Էդմոն Մարուքյան. «Այս պահին գործող օրենսդրությամբ պատրաստվում ենք ընտրությունների»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ հունիսի 20-ին հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով:
«Խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված ընտրությունների օր, հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել են սպասվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Այդ աշխատանքները պետք է կազմակերպվեն կանխատեսելի օրենսդրությամբ, այս պահին գործող օրենսդրությամբ պատրաստվում ենք ընտրությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն օրեր առաջ էր շրջանառության մեջ դրել Ընտրական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ բացառվելու էր ռեյտինգային ընտրակարգը, և ընտրությունները պետք է անցկացվեին ամբողջությամբ համամասնական ընտրակարգով: Մարուքյանի խոսքով` այս փուլում հնարավորություն չկա կոնսենսուսի հասնել ԸՕ-ի հարցում, իսկ առանց կոնսենսուսի ճիշտ չէ փոփոխություններն ընդունել:
«Մեզ անհանգստացնում է այն, որ խաղի ընթացքում կանոնները փոխելը հետ կգցի պրոցեսը: Բացի այդ` ապագա խորհրդարանում մարզային ներկայացվածությունը կնվազի, և մարզերում ապրող բնակիչները հնարավորություն չեն ունենա իրենց ներկայացուցիչներն ունենալ ապագա խորհրդարանում: Կան գործող խաղի կանոններ, և դրանցով պետք է պատրաստվենք ընտրություններին»,- եզրափակեց Մարուքյանը:
Մեկնաբանել