«Հայկական ժամանակ». ով էր կտրել մատները
Այսօր՝ առավոտյան, թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը ԿԸՀ-ին է ներկայացնելու սույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի դիմումը:
Անցյալ ուրբաթ օրը Մխոյանին առևանգել էին և ծեծի ենթարկել Սարդարապատ գյուղի գերեզմանոցում: Մարզում տեղի ունեցած «բոևիկի» հետևանքով մի երիտասարդ զրկվել էր մատներից:
Արմավիրի մարզի «ՀԺ» աղբյուրները փոխանցել էին, որ Մխոյանին ստիպել են հանել իր թեկնածությունը, ինչը, փաստորեն, նա արել է:
Թիվ 21 ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Մխոյանն ինքնաբացարկի դիմումում գրել է. «Խնդրում եմ չեղյալ համարել թեկնածուական գրանցումը և ընդունել ինքնաբացարկ»:
Ըստ «ՀԺ» տեղեկությունների՝ Մխոյանն ինքնաբացարկի դիմումը ԸԸՀ ներկայացնելու համար այնտեղ է գնացել Արմավիրի ոստիկանապետի ուղեկցությամբ: ԸԸՀ նախագահը, սակայն, հերքեց այս տեղեկությունը:
«ՀԺ» թղթակցի հարցին՝ Մխոյանի վրա կապտուկներ կայի՞ն՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Ոչ»: Տեղեկություններ կան նաև, որ հիվանդանոցում հայտնված երիտասարդների մատները գերեզմանոցում տեղի ունեցած կռվի ժամանակ կտրել է ծեծված թեկնածուի որդին: Երեկ, սակայն, կրկին չհաջողվեց կապ հաստատել Մխոյանի հետ. նա անջատել էր հեռախոսը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ ոստիկանը «ՀԺ» թղթակցին ասել է, որ գործով ձերբակալվածներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է, բայց Մխոյանն ու նրա որդիները դեռ չեն հարցաքննվել, ավելին՝ Մխոյանը նաև տուժող չի ճանաչվել, չնայած «Արմավիր» բժշկական կենտրոնում, որտեղ նա դիմել է ուրբաթ երեկոյան, արձանագրվել է, որ թեկնածուն ուղիղի ցնցում է ստացոել:
Այսպիսով, թիվ 21 ընտրատարածքում մնաց երկու թեկնածու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանը և ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու, ԱԺ գործող պատգամավոր Ալիկ Պետրոսյանը: Առաջադրված երեք թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել